Ֆուտբոլում սեւամորթ խաղացողների վրա բանան նետելը սկսվել է շատ տարիներ առաջ ու երբեմն տեղի է ունենում նաեւ մեր օրերում։
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում պատմում ենք 1988-ին արված մի լուսանկարի մասին, որի գլխավոր հերոսը Ճամայկայում ծնված, բայց Անգլիայի հավաքականում հանդես եկած սեւամորթ Ջոն Բարնսն է։
«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստն «Էվերթոն»-ի դեմ խաղի ժամանակ այնքան հմտորեն է հեռացրել իր վրա նետված բանանը, որ դրանից հետո շաբաթներ շարունակ բոլորը խոսել են դրա մասին։
«Ես նույնիսկ չեմ հիշում, որ նման բան եմ արել»,- The Guardian-ին տարիներ առաջ խոստովանել է Ջոն Բարնսը։
1988 թվականին Մերսիսայդյան դերբիում աջ ոտքով, սահուն եւ արհամարհական հմտությամբ նա խաղադաշտից դուրս շպրտեց իր վրա նետված բանանը։ «Բարնսն անտեսում է ռասայական վիրավորանքը»՝ սա անգլիական ֆուտբոլի պատմության ամենահայտնի պատկերներից մեկն է, որի հեղինակը Getty Images-ի լուսանկարիչ Բոբ Թոմասն է։ Լուսանկարը ներկայացված է ֆուտբոլիստի՝ «Ռասիզմի մասին անհարմար ճշմարտությունը» գրքում։
«1988 թվականին «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղն էր։ Անգլիայում պրոֆեսիոնալ ֆուտբոլ էի խաղում 1981 թվականից, երբ ամեն օր խաղադաշտ էին նետում բանաններ։ Ես խաղացել եմ «Ուոթֆորդ»-ի կազմում «Միլուոլ»-ի եւ «Վեսթ Հեմ»-ի դեմ, նույն բանը տեղի էր ունենում այնտեղ։ Քանի որ դրանք բարձր մակարդակի խաղեր չէին, մամուլն ուշադրություն չէր դարձնում։ Բայց «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղը հանկարծակի դարձավ թեժ լուր։ Մինչդեռ նման բաներ իմ կյանքում տեղի են ունեցել նաեւ մարզումների ժամանակ»,-պատմել է նա։
Նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ ինքն այնքան սովոր էր այդ ամենին, որ ոչ մի ուշադրություն չի դարձրել։
«Ինչպե՞ս կարող եմ վիրավորվել անուս հիմար ռասիստի կողմից, որից ես ավելի բարձր եմ։ Ռասիզմի դրսեւորումը երբեք չի ազդել ինձ վրա»,-իր գրքում գրել է Բարնսը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: