Նա հասել է բոլոր հնարավոր տիտղոսներին, հաղթել Մեծ Սաղավարտի մրցաշարերում, սահմանել բազմաթիվ ռեկորդներ ու եղել աշխարհի առաջին ռակետ։ Սակայն ողջ կյանքի նպատակն Օլիմպիական չեմպիոնությունն էր, ինչն անել չէր կարողանում 2008 թվականից սկսած։
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում անդրադառնում ենք Նովակ Ջոկովիչին, որը բաղձալի տիտղոսին հասավ 37 տարեկանում։
Մինչ Փարիզ-2024-ը սերբ թենիսիստը մասնակցել է Օլիմպիական չորս խաղերի։ Դրանցից առաջինում՝ 2008-ին, դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ մյուսներում պայքարը լքել կիսաեզրափակիչներից։
«Փարիզի խաղերին շատ էի պատրաստ ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ էմոցիոնալ առումով։ Ալկարասի դեմ եզրափակիչը ֆանտաստիկ էր։ Շատ դժվարությամբ հաղթեցի, բայց գիտե՞ք, դա ավելի է քաղցրացնում այս ոսկե մեդալը»։
Օլիմպիական խաղերում Ջոկովիչը նախ հաղթեց Մեթյու Էբդենին, իսկ հաջորդ խաղում հանդիպեց Ռոլան Գարոսի ռեկորդակիր, կորտի տիրակալ ու Փարիզի սիրելի Ռաֆայել Նադալին։ Հաջորդ փուլ անցավ սերբը։ Հետո նա ուժեղ եղավ Դոմինիկ Կյուպֆերից, Ստեֆանոս Ցիցիպասից ու Լորենցի Մուսետիից։
Եզրափակչում նրան սպասում էր 21-ամյա Կառլոս Ալկարասը։ Նրանք թենիսի սիրահարներին երեք ժամ պարգեւեցին լարված ու գեղեցիկ հանդիպում։ Իսկ հաղթողը Ջոկովիչն էր՝ 7։6, 7։6։
«Ալկարասն այս պահին լավագույն թենիսիստն է ու ինձնից փոքր է 16 տարով։ Չեմ կարծում, թե երբեւէ նման տեմպով խաղացած լինեմ՝ երեք ժամ եւ ընդամենը երկու սեթ։ Սա անհավանական հանդիպում էր, իսկական եզրափակիչ։ Երբ վերլուծում եմ անցածս ճանապարհը, հասկանում եմ, որ սա ամենամեծ հաջողությունն է, որը երբեւէ ունեցել եմ իմ կարիերայում։ Սերբիայի համար ոսկե մեդալ նվաճել, դրանից լավ էլ ի՞նչ կարող է լինել։ Օլիմպիական նախորդ 4 խաղերում կրել եմ ցավալի պարտություններ եւ այս անգամ մտածում էի, որ Փարիզը կարող է լինել իմ վերջին հնարավորությունը։ Ես ստիպված էի անել ավելի, քան երեւէ արել եմ»։

Լուսանկարը` Getty Images
Չեմպիոն դառնալուց ու մրցակցին ջերմորեն ողջունելուց հետո Ջոկովիչը տապալվեց գետնին եւ ուրախությունից լաց եղավ: Հետո Սերբիայի դրոշով բարձրացավ մարդկանց մեջ եւ ուրախությունը կիսեց ընտանիքի հետ։ Ջոկովիչը դարձավ տղամարդկանց մենախաղի ամենատարեց Օլիմպիական չեմպիոնը։ Նա նաեւ միակ խաղացողն է, ով թենիսում նվաճել է բոլոր տիտղոսները։
«Ոսկե մեդալն իմ պարանոցին, Սերբիայի դրոշն ու օրհներգը, ընտանիքիս անդամների ներկայությունը։ Շատ, շատ հատուկ պահ է։ Հավանաբար զգում եմ ամենաբուռն էմոցիաները, որոնք ունեցել եմ կորտում։ Մինչ այս իմ կարիերայում ամենակարեւորը եղել է 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սերբիայի դրոշակակիր լինելը, որը գերազանցում էր յուրաքանչյուր Սաղավարտում տոնած հաղթանակ։ Բայց հիմա արդեն Օլիմպիական ոսկե մեդալս է»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: