Հոկտեմբեր 13, 2024
466 դիտում

Մեկ կադրում. 20-ամյա Մեսսիի ու մի քանի ամսական Յամալի նկարահանումն օրացույցի համար


Լուսանկարը` Joan Monfort

Լուսանկարը` Joan Monfort

Լուսանկարը` Joan Monfort

Լուսանկարը` skysports


Լեո Մեսսիի ու Լամին Յամալի՝ տարիներ առաջ արված լուսանկարները համացանցում լայնորեն տարածվեցին ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակչից հետո, երբ իսպանացին պատմական գոլ հեղինակեց:

Նա Ֆրանսիայի դարպասը գրավեց 16 տարեկան ու 362 օրականում եւ դարձավ ԵՎՐՈ-ների կիսաեզրափակչում գոլ գրանցած ամենաերիտասարդ խաղացողը: Սակայն Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում անդրադառնալու ենք ոչ թե այդքան կարեւոր գոլին, այլ Յամալի ու Մեսսիի համատեղ կադրերին, որոնք արվեն են 2007 թվականին:

Նկարներն Ինստագրամում հրապարակել է Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին ու գրել. «Երկու լեգենդների սկիզբը»:

Լուսանկարներում 20-ամյա Մեսսին օգնում է Յամալի մայրիկին լողացնել նրան, ապա տեսնում ենք նրա գրկում հայտնված թմբլիկ փոքրիկին: Լեգենդար արգենտինացին կատալոնական ակումբում հանդես է եկել 17 տարի, 520 հանդիպման մասնակցել ու 474 գոլի հեղինակ դարձել:

56-ամյա Ջոան Մոնֆորտն աշխատել է Associated Press-ի ու այլ գործակալությունների համար, պատմել է, որ նկարահանումն արել են «Նոու Կամպ»-ի հյուրերի հանդերձարանում: Յամալն այդ ժամանակ ընդամենը մի քանի ամսական էր:

Լուսանկարը` Joan Monfort


«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները նկարվել են փոքրիկների ու նրանց ծնողների հետ Diario Sport-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ բարեգործական արշավի օրացույցի համար:

«Այդ միջոցառմանը մասնակցել են հիմնական թիմի բոլոր խաղացողները: Ամեն լուսանկար որեւէ թեմայի էր նվիրված: Անգամ չեմ էլ հիշում, թե որտեղից էր Յամալի ընտանիքը»,- պատմել է լուսանկարիչը:

Նա պատասխանատու է եղել Յամալի ընտանիքի կադրերի համար, ու այնպես է ստացվել, որ նրանց համար ընտրել են հենց Մեսսիին, որը դեռ ակումբի նոր ծագող աստղն էր ու քչերը կարող էին կանխագուշակել, որ նման փառահեղ կարիերա կունենա:

Յամալի մայրիկը՝ Շեյնա Էբանան, Հասարակածային Գվինեայից է, իսկ Յամալը ծնվել է 2007 թվականի հուլիսի 13-ին Իսպանիայում:

Լուսանկարը` Joan Monfort


ՅՈՒՆԻՍԵՖ-ը խաղարկություն էր կատարել Բարսելոնայի նահանգում գտնվող Մատարո քաղաքի Ռոկա Ֆոնդա թաղամասում, որտեղ ապրում էր Յամալի ընտանիքը, նրանք եւս գրանցվել են օրացույցի համար նկարվելու մրցույթին ու շահել այն:

Մոնֆորտը հիշել է, որ նկարահանումն այնքան էլ հեշտ չի անցել, քանի որ Մեսսին չգիտեր ինչպես վարվել մի քանի ամսական տղայի հետ:

«Մեսսին բավական փակ ու ամաչկոտ էր: Նա դուրս եկավ իր հանդերձասենյակից ու հայտնվեց մեկ ուրիշում, որտեղ ջրով լցված լոգանքի պլաստմասե տարա էր՝ մեջն էլ փոքրիկ երեխա: Շատ բարդ էր, սկզբում անգամ չգիտեր ինչպես բռնել նրան»,- ավելացրել է լուսանկարիչը:

Լուսանկարը` skysports


Սակայն նաեւ նրա շնորհիվ ոչ մեկ չի զգացել Մեսսիի շփոթմունքն, ու կադրերը հիանալի են ստացվել: Երբ տարիներ անց դրանք առավել հայտնի են դարձել, բոլորը լուսանկարներում տեսել են երջանիկ փոքրիկին ու նրան գրկած ապագա աստղին:

Մոմֆորտն անգամ պատկերացում չի ունեցել, որ 2007-ին իր արած նկարահանման փոքրիկը Յամալն է: Ընկերներն են հաղորդագրություն ուղարկել ու հայտնել, որ նրա լուսանկարները համացանցում լայն տարածում են ստացել:

Նա երկար կարիերա է ունեցել որպես սպորտային լուսանկարիչ ու 1991 թվականից ամբողջ աշխարհով մեկ նկարել «Բարսելոնա»-ին, սակայն խոստովանել է, որ իր ոչ մի աշխատանք այդքան չի հուզել, որքան Մեսսիի ու Յամալի լուսանկարները:

«Շատ տպավորիչ է կապված լինել նման աշխատանքի հետ, որը սենսացիա է առաջացրել: Անչափ հաճելի զգացողություններ ունեի»,- անկեղծացել է լուսանկարիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին