Նոյեմբեր 21, 2024
2198 դիտում

Մեկ կադրում․ Բեկենբաուերը մեկնել էր ԱՄՆ Պելեի հետ նույն թիմում խաղալու համար


Լուսանկարը` AP


Բոլոր ժամանակների լեգենդներից երկուսը՝ Ֆրանց Բեկենբաուերն ու Պելեն, միմյանց հետ հանդես են եկել Նյու Յորքի «Կոսմոս»-ում եւ իրենց կախարդական խաղով գրավել բազմաթիվ ֆուտբոլասերների։

Բեկենբաուերը 1977-ին, երբ բոլոր հնարավոր տիտղոսները նվաճել էր, Գերմանիայից մեկնում է ԱՄՆ։ Պելեն արդեն հանդես էր գալիս «Կոսմոս»-ում։

«Ես գնացի ԱՄՆ, որովհետեւ շատ էի ուզում խաղալ Պելեի հետ նույն թիմում: Նրա կողքին ելույթ ունենալն իմ կարիերայի մեծագույն փորձառություններից մեկն էր: Մենք անմիջապես դարձանք ԱՄՆ-ի չեմպիոն։ Պելեն այն ժամանակ ինձ իր եղբայրն անվանեց, ինչն աներեւակայելի պատիվ էր»,-տարիներ առաջ խոստովանել է գերմանացին։

«Կոսմոս»-ը միջին կարգի թիմ է եղել ու ոչ բարձր հորիզոնականներ զբաղեցրել, սակայն 1975-ին Պելեի թիմին միանալուց հետո սկսել է անհամեմատ լավ հանդես գալ ու աստիճանաբար բարելավել դիրքերը։

Երկու տարի անց ժամանում է Կայզեր մականունը կրող Բեկենբաուերն ու այդ պահից սկսած «Կոսմոս»-ն իսկապես տիեզերք է դառնում։ Հունիսին ռեկորդային հաճախելիություն գրանցվեց՝ «Տամպա Բեյ»-ի դեմ խաղին ներկա էր 62,394 հանդիսական։ Նման բան երբեք չէր եղել, բոլորը ցանկանում էին տեսնել համաշխարհային աստղերին։ Հենց այդ տարի Բեկենբաուերն ու Պելեն «Կոսմոս»-ին օգնեցին դառնալ չեմպիոն։

Պելեն ընկերոջը համարել է պաշտպան, որի դեմ խաղալն իր համար ամենաբարդն է եղել․ «Նա հիանալի ընկեր է: Որպես խաղացող աչքի էր ընկնում ոչ թե ուժով, այլ խելքով: Ինձ համար Ֆրանցը որպես ֆուտբոլիստ ավելի շատ բրազիլացի էր, քան գերմանացի»։

Պելեն ու Բեկենբաուերը համարվել են ֆուտբոլային ամենամտերիմ ընկերներից ու նրանց շփումը երկար տարիներ շարունակվել է նաեւ խաղադաշտից դուրս։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին