Նոյեմբեր 21, 2024
1836 դիտում

Մեկ կադրում. Ռոջեր Ֆեդերերի հրաժեշտի խաղն ու արտասվող Ռաֆայել Նադալը


Լուսանկարը` CNN

Լուսանկարը` CNN


2022 թվականին Աշխարհի ու Եվրոպայի թենիսի հավաքականները Լոնդոնում միմյանց միջեւ 5-րդ հանդիպումն անցկացրին:

20 հազարանոց O2 արենայի տոմսերը համարյա սպառվել էին, իսկ երբ հայտնի դարձավ, որ մրցաշարի ընթացքում կայանալու է Ռոջեր Ֆեդերերի հրաժեշտի խաղը, մնացածի գները հասան մինչեւ 700-800 ֆունտ ստերլինգ:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում անդրադառնալու ենք Լայվերի Գավաթի հիշարժան դրվագներից մեկին:

Ռոջեր Ֆեդերերի կարիերայի վերջին հանդիպումը Ռաֆայել Նադալի հետ զուգախաղն էր: Խաղից հետո երկրպագուները մոտ 20 րոպե անդադար ծափահարում էին նրան, ինչից հետո շվեյցարացին չկարողացավ զսպել արցունքները:

Այդ հուզիչ պահը նա ցանկացավ կիսել խաղընկերների հետ ու կորտ հրավիրեց նաեւ Եվրոպայի հավաքականի մյուս անդամներին: Բոլորը հուզված էին, բայց ամենից շատ Նադալը, որը չկարողացավ զսպել արցունքները, քանի որ նրա մտերիմ ընկերը եւ սիրելի մրցակիցն ընդմիշտ թողնում էր սպորտը:

«Այնքան ուրախ էի, որ մասնակցեցի սպորտի կուռքերից մեկի հրաժեշտին: Թենիսը թողեց մի մարդ, որը հիացմունքի եւ ոգեշնչման աղբյուր է եղել շատերի համար, այդ թվում՝ ինձ: Չէի ուզում արտասվել, բայց Ֆեդերերն այնքան հուզված էր: Մեր միջեւ ամուր կապ է ստեղծվել, միասին շատ բաներ ենք հաղթահարել եւ առողջ մրցակցություն ունեցել: Նա ինձ միշտ ոգեշնչել է եւ օգնել աճել»,- խոստովանեց Նադալը:

Լուսանկարը` CNN


Օրը եւ ունեցած ապրումները յուրահատուկ էին նաեւ Ֆեդերերի համար. «Եւ ծանր, եւ հաճելի որոշում էր, կարոտելու եմ մրցումները, բայց նաեւ ուրախանալու պատճառներ ունեմ: Ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ համարում, թենիս խաղալու հատուկ տաղանդ եմ ստացել ու դա արել եմ այնպիսի մակարդակի վրա, որն անգամ պատկերացնել չէի կարող։ Նույնիսկ չգիտեի, որ նման բան հնարավոր է:

Միշտ հետեւել եմ Միխայել Շումախերին, Թայգեր Վուդսին եւ մյուսներին ու մտածել, թե ինչպես են կարողանում այդքան երկար ժամանակ բարձունքում մնալ: Ու հանկարծ ես էլ նրանցից մեկը դարձա, անբացատրելի զգացողություն է:

Չեմ դադարելու թենիս խաղալ, պարզապես դա անելու եմ առանց հաշիվ պահելու: Շարունակելու եմ թենիսի աշխարհի մի մասը լինել: Խնդրում եմ այնպես արեք, որ կարիերայիս ավարտը երեկույթի նման լինի, ոչ թե թաղման»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին