Դեկտեմբեր 09, 2024
1625 դիտում

Մեկ կադրում. «Աշխարհի մեծագույն ատլետ»-ների հույզերը Տոկիոյի Օլիմպիական խաղերում


Լուսանկարը` olympics.com


Չնայած կորոնավիրուսով պայմանավորված բոլոր դժվարություններին՝ Տոկիոն մեկ տարի ուշացումով այնուամենայնիվ ընդունեց ամառային Օլիմպիական խաղերը:

10 հազարից ավել մարզիկներ 33 սպորտաձեւերում պայքարեցին բաղձալի մեդալների ու իրենց երազանքների իրականացման համար:

Ինչպես եւ ցանկացած խաղերի ժամանակ, Տոկիոյում էլ եղան անհավանական արդյունքներ, ոգեշնչող հաղթանակներ ու գեղեցիկ պայքար:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ անդրադառնալու է խաղերի այդպիսի մի անմոռանալի պահի:

2021 թվականի օգոստոսի 5-ին Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում պայքարի էին դուրս եկել տասնամարտիկները: Այս ձեւն ամենադժվարներից մեկն է համարվում, քանի որ ընդամենը 2 օրվա ընթացքում մարզիկները մրցում են միանգամից 10 ձեւերում՝ 100 մ վազք, հենացատկ, գնդի, սկավառակի եւ նիզակի նետում, բարձրացատկ, 400 մ վազք, 110 մ արգելավազք, 1500 մ վազք: Տարբեր ձեւերի մրցումների միջակայքն ընդամենը 30 րոպե է կազմում:

Տոկիոյում ոսկե մեդալը նվաճեց կանադացի Դամիեն Ուորները, արծաթե եւ բրոնզե մեդալակիր էլ դարձան Քեւին Մայերն (Ֆրանսիա) եւ Էշլի Մոլոնին (Ավստրալիա): Այս եռյակը լուսանկարի կենտրոնում է՝ իրենց երկրների դրոշները պահած: Մյուս մասնակիցները, թեեւ պատվոհարթակին կանգնել չկարողացան, սակայն դա բնավ էլ նրանց չտխրեցրեց, այդ մասին են վկայում նաեւ մրցումների ավարտից հետո արված կադրերը:

Առհասարակ տասնամարտի (դեկատլոն) մրցումները բոլոր Օլիմպիական խաղերում են առանձնահատուկ համարվում: Դեկատլոնը հունարենից թարգմանաբար սխրանք է նշանակում եւ դժվար է չհամաձայնվել, որ 10 մարզաձեւերում հանդես գալն արդեն իսկ յուրահատուկ խիզախություն է:

1912 թվականին Ստոկհոլմում կայացած խաղերից հետո տասնամարտի հաղթողը համարվում է «Աշխարհի մեծագույն ատլետ»: Դրա համար էլ կադրում հայտնված բոլոր մարզիկները յուրովի մեծագույն են, որ հաղթահարել են բոլոր դժվարություններն ու 10 անգամ հատել եզրագիծը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին