Դեկտեմբեր 11, 2024
3706 դիտում

Մեկ կադրում․ Ինչպես Ռենե Իգուիտան «կարիճ հարված»-ով փրկեց իր դարպասը


Լուսանկարը` Ross Kinnaird

Լուսանկարը` FIFA


Սպորտային իրադարձությունների ժամանակ հետաքրքիր դեպքեր հաճախ են պատահում, սակայն կան այնպիսինները, որոնք պատմության մեջ մնում են հավետ։

Դրանցից մեկին կանդրադառնանք «Մեկ կադրում» շարքում։ 1995 թվականի սեպտեմբերի 5-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանում էր ընկերական հանդիպում Անգլիայի եւ Կոլումբիայի հավաքականների միջեւ։

Գոլեր այդպես չեն գրանցվում, սակայն տեղի է ունենում մի դեպք, որն այսօր էլ ստիպում է անընդհատ վերհիշել այդ հանդիպումը։

Կոլումբիայի դարպասապահը Ռենե Իգուիտան էր, որը տարբերվող ու անընդհատ ուշադրության կենտրոնում գտնվող մարզիկ էր։

21-րդ րոպեին Ջեյմի Ռեդնապը հեռահար հարվածով փորձում է գրավել նրա դարպասը, սակայն վերջինս մի քիչ հետ է շարժվում ու անսպասելորեն ցատկում՝ ոտքերով հեռացնելով գնդակը։ Այս սեյվը միանգամից ստանում է «կարիճի հարված» անվանումը, իսկ Իգուիտան դրանով անմահացնում է իր անունը։

Խաղից հետո Իգուիտան ասել է․ «Կան բազմաթիվ կարողություններ, որոնք կարող է միայն մեկ մարդ անել։ Ես հմտությունների ցանկ ունեմ, բայց դրանք նախապես չեմ պլանավորում։ Եթե գնդակը փորձեի ձեռքով բռնել, չէր ստացվի ու հաստատ գոլ կգրանցվեր։ Իսկ ոտքերով ավելի արդյունավետ եղավ»։

Սակայն տարիներ առաջ նա El Mundo-ին ասել է, որ նման ցատկի ցանկություն իր մոտ առաջացել է 1990-ականներին, երբ հետեւելիս է եղել երեխաների մարզումներին։ Նշել է, որ սկսել է աշխատել այդ հնարքի վրա եւ «Ուեմբլի»-ում հարված հետ մղելն իր համար նորություն չի եղել։

«Կարիճի հարված»-ը դարպասապահը կրկնել է նաեւ 2012 թվականին Կալկաթայում, երբ մասնակցում էր բարեգործական ընկերական հանդիպման։

Լուսանկարը` FIFA


Այսօր «կարիճ հարված»-ը դարձել է տարածված ու շատերն են ասում, թե մինչ Իգուիտան մարզումների ժամանակ նման կերպ գործել ու նույնիսկ գոլեր են խփել այլ ֆուտբոլիստներ։ Սակայն առաջին արձանագրվածը մնում է հենց Իգուիտայի ցատկը, որը կատարել է ֆուտբոլային կենտրոններից մեկում՝ «Ուեմբլի»-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին