Դեկտեմբեր 11, 2024
2668 դիտում

Մեկ կադրում․ Միայնակ երկրպագուն, որը գլխավերեւում պահեց սպասված գավաթը



Տիագո Ռիչը մի սովորական երկրպագու էր, որը կարողացավ իրականացնել երազանքը՝ դարձավ սիրելի ակումբի նախագահը, օգնեց նրան խուսափել անհետացումից եւ իր պատմության ընթացքում նվաճել առաջին գավաթը:

Բրազիլական «Սանտա Կրուս» թիմը հիմնադրվել է 1913 թվականին, հանդես է եկել ցածր դիվիզիոններում ու երբեք չի մասնակցել ազգային առաջնությունների։

«Իմ սերը «Սանտա Կրուս»-ի հանդեպ սկսվել է մանկուց, երբ հորս ու պապիս հետ գնում էի ստադիոն։ Պատանեկության ու երիտասարդության տարիներին ոչինչ չփոխվեց, ես միշտ ներկա էի հանդիպումներին, կիսում էի ուրախ ու տխուր պահերը»։

2012 թվականի փետրվարի 11-ն ընդմիշտ նշանավորեց երիտասարդ Տիագո Ռիչի կյանքում։ Այդ օրը նա կրկին մարզադաշտում էր՝ աջակցելու «Սանտա Կրուս»-ին, որը նահանգի առաջնության 2-րդ դիվիզիոնում մրցում էր «Գրեմիո»-ի դեմ։ Ժամանելուն պես նա հասկացավ, որ իր թիմի միակ երկրպագուն ինքն է, իսկ մյուս կողմում մոտ 7000 հոգի էր։ Նրա թիմն այդ օրը պարտվեց 1։4 հաշվով։


«Երբ մերոնք գոլ խփեցին, միայնակ գոռում եւ ուրախանում էի։ Հենց այդպիսի ժամանակներում ես ցույց տալիս, որ կան փոքր ակումբներ ու կան մարդիկ, ովքեր աջակցում ու սիրում են նրանց»։

Ընդամենը մեկ արված լուսանկարով Ռիչը հայտնի դարձավ։ 2013-ին նա միացավ «Սանտա Կրուս»-ին ու նշանակվեց մամուլի հետ հարցերի պատասխանատու։ Կարճ ժամանակ անց 27 տարեկանում ընտրվեց ակումբի նախագահ։ Սակայն ոչինչ չստացվեց, ինչից հետո նա հեռացավ։

2018-ին «Սանտա Կրուս»-ն իր դիվիզիոնում չկարողացավ տոնել եւ ոչ մի հաղթանակ ու գրավեց վերջին տեղը։ Ակումբը լուծարման եզրին էր, ու Տիագոն որոշեց վերադառնալ։ Սկսեց հաճախել դասընթացների, սովորել կառավարում, ձեւավորել թիմ, որը ճիշտ ուղղությամբ կտանի քիչ միջոցներ ու շատ ծախսեր ունեցող ակումբը։

«Սանտա Կրուս»-ը 2020-ին դարձավ Նահանգային գավաթի հաղթող ու առաջին անգամ մրցանակ նվաճեց, երբ Սուրբ Ծննդից երկու օր առաջ հաղթեց «Սան Խոսե»-ին։ 107 տարվա մեջ առաջին անգամ թիմն իրավունք ստացավ մասնակցել Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։


«Նման պայծառ օր չեմ ունեցել, սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է։ «Սանտա Կրուս»-ն իմ կյանքն է։ Ես ապրել եմ այս ակումբի համար, այն իմ կյանքն է, իմ կիրքը, ինչ-որ անբացատրելի բան, որը ստիպում է հուզվել ու հպարտանալ։ Միայնակ երկրպագու, որը գլխավերեւում պահեց գավաթը։ Երազանք, որը դառնում է իրականություն։ Ես միշտ հիշում եմ այդ մենակությունը, սակայն իմ ակումբը լավագույնն է ու արժանի է շատ հաղթանակների»,-այդ հաղթանակից հետո ասել էր Ռիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին