Այս տարի կլրանա «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ ու նմանը չունեցող նվաճումների 50-ամյակը:
Կես դար առաջ ֆուտբոլային Հայաստանը վայելում էր արարատցիների անզուգական հաղթանակներն ու նրանց հետ տոնում ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր դառնալը: Այսօր Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում անդրադառնալու ենք այդ օրերի մի ուշագրավ դրվագի:
Ակումբի խաղացողները սիրված հյուրեր էին ու նրանց սպասում էին բազմաթիվ վայրերում: Չափազանց հիշարժան ստացվեց նաեւ ակադեմիկոսների հետ հանդիպումը: Վիկտոր Համբարձումյանն այն ժամանակ մեծ հեղինակություն էր վայելում ու ֆուտբոլիստների համար մեծ պատիվ էր նրա հետ հանդիպել: Հերոսների հետ ծանոթանալ ուզում էր նաեւ անվանի գիտնականը:
Այդ հիշարժան օրվա մասին պատմել է «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը.
«Համբարձումյանին լսելը կատարյալ հաճույք էր: Սկսեց նրանից, որ մեր օրերում ոչ մի գիտնական, նույնիսկ եթե նա հանճար է, միայնակ գործելու դեպքում չի կարող մեծ հաջողության հասնել: Միայն հավաքական գիտական ստեղծագործությունը կարող է նշանակալի արդյունքների հանգեցնել: Եվ «գիտական ու ֆուտբոլային ստեղծագործություն» զուգահեռը նրա շուրթերից հնչեց այնքան բնական ու համոզիչ:
Ապա Համբարձումյանը խոսեց համեստության մասին, չգիտեմ էլ, տեղյակ էր, թե դա որքան կարեւոր խնդիր է ֆուտբոլիստների շրջանում: Թեեւ մեզ կոչ արեց նոր նվաճումների հասնել, բայց խորհուրդ տվեց առօրյայում համեստ լինել ու էլ ավելի համեստ, երբ հաղթենք ուժեղ մրցակցի»:
Ղազարյանը հիշել է, որ գիտնականն իր օրինակն է բերել, երբ տարիներ առաջ երազել է Պուլկովոյի աստղադիտարանում թեկուզ սովորական պահակ լինել, իսկ հետագայում ինչերի է կարողացել հասնել:
Ֆուտբոլիստների կողմից պատասխան խոսքով հանդես է եկել Արկադի Անդրեասյանը, որը բավական տպավորիչ տեսք է ունեցել:
«Հավանեցի, թե ինչպես էր խոսում՝ հասարակ, անկաշկանդ ու համեստ, բայց նաեւ արժանապատվորեն: Ասես ամբողջ կյանքում հենց ակադեմիկոսների առաջ էր ելույթ ունեցել»,- ավելացրել է Ղազարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: