Դեկտեմբեր 09, 2024
13202 դիտում

Մեկ կադրում. Նազիկ Ավդալյանի Աշխարհի չեմպիոնությունն ու հայտնի սալտոն


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


2009 թվականին Նազիկ Ավդալյանը Գոյանգում առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն: Այդ հաղթանակը նրան տրվեց աներեւակայելի ջանքերի ու կամային որակների շնորհիվ:

Գոյանգի չեմպիոնությունից 13 տարի անց Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում անդրադառնում ենք Ավդալյանի այդ ուրախ ու անկրկնելի պահին:

2009 թվականին Աշխարհի առաջնությունն ընդունեց Հարավային Կորեան, որտեղ Հայաստանի հավաքականը կարողացավ երկամարտում 2 մեդալ նվաճել: Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (77 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Նազիկ Ավդալյանը (69 կգ) կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին:

Չեմպիոնության համար նա պայքարում էր ռուս Օքսանա Սլիվենկոյի հետ, որն այն ժամանակ չափազանց ուժեր էր ու մինչ այդ 2 անգամ Աշխարհի չեմպիոն էր դարձել: Բայց Ավդալյանը նրան գերազանցեց բոլոր առումներով: Պոկումում հայ մարզուհին 119 կգ բարձրացրեց՝ Սլիվենկոյին 1 կգ շրջանցելով, նույն կերպ արեց նաեւ հրման ժամանակ: Հայ մարզուհու գրանցած արդյունքը 147 կգ էր: Եվ ոչինչ նրան չկարողացավ խանգարել երկամարտի 266 կգ-ով Աշխարհի չեմպիոն հռչակվել:

Ավդալյանի ապրումները նվաճումից հետո աննկարագրելի էին, միանգամից իր հայտնի սալտոն կատարեց, որն արել էր նաեւ 2008-ին Իտալիայում Եվրոպայի չեմպիոնությունից հետո:

Լուսանկարը` Getty Images


Տարիներ անց Mediamax Sport«Ուժը սեռ չի ճանաչում» շարքի համար նա այդ երեկոն շատ ավելի հանգիստ ու առանց հույզերի է հիշել, հասկանալով, որ Գոյանգում հաջողության է հասել շատ աշխատելու ու ոչնչի առաջ կանգ չառնելու արդյունքում.

«Երբ 2009 թվականին դարձա Աշխարհի չեմպիոն, անչափ ուրախացա, բոլորը շնորհավորում էին: Բայց հանկարծ ես դատարկություն զգացի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ամեն ինչ իրար էր խառնվել: Գիտեք, օրեր են եղել մտել եմ դահլիճ ու չեմ ցանկացել պարապել, բայց ինքս ինձ ասում էի, որ այս երկու ժամն այսպես թե այնպես անցնելու է, ավելի լավ է մարզվեմ: Այ, այդպես ինձ մոտիվացնում էի, քայլ-քայլ, ոչ մի բան չխնայելով, անմնացորդ նվիրվելով շարժվում էի առաջ: Դրա համար երբ չեմպիոն դարձա, այդքան էլ չզարմացա, որովհետեւ ես արել էի այն, ինչ անում էի մարզման ժամանակ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին