Դեկտեմբեր 27, 2024
2312 դիտում

Մեկ կադրում. Սիլվեստր Ստալոնեի ու Մուհամեդ Ալիի «մենամարտը» Օսկար-1977-ին


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


1977 թվականի «Օսկար» 49-րդ մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ լեգենդար Մուհամմեդ Ալին:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այսօր պատմելու ենք բռնցքամարտիկի այնտեղ հայտնվելու ու նրա կարեւոր առաքելության մասին:

Այդ տարի Լավագույն դերասանուհու անվանակարգը հայտնելու պատիվը վստահված էր Սիլվեստր Ստալոնեին: Նրա մասնակցությամբ հայտնի «Ռոկկին», որում նա մարմնավորել է բռնցքամարտիկի, ներկայացված էր «Լավագույն ֆիլմ»   անվանակարգում:

Ու կազմակերպիչները որոշեցին դերասանին անակնկալ անել՝ ի դեմս Ալիի, նրան խնդրելով ներկա լինել մրցանակաբաշխությանը: Ստալոնեի ելույթի ժամանակ բոլորովին անսպասելի բեմի վրա հայտնվեց Մուհամմեդ Ալին: Նա սկսեց բարձր գոռալ ու ասել. «Ես եմ իրական Ապոլո Կրիդը («Ռոկկի» ֆիլմի հերոսներից մեկի անունն է, հեղ.): Դու գողացել ես իմ սցենարը»:



Ստալոնեն երջանկությունից գլուխը կորցրեց, ապա նրանք ցուցադրական մենամարտի հնարքներ կիրառեցին միմյանց նկատմամբ՝ ժպիտները դեմքերին եւ բավական ուրախացրին ներկաներին: Դերասանն այդ ժամանակ 31 տարեկան էր, իսկ Ալին՝ 4 տարով մեծ: Ապա նրանք միասին հայտնեցին լավագույն դերասանուհու անունը, արձանիկը բաժին հասավ Ֆեյ Դանաուեյին:

Ի դեպ, «Ռոկկին», որի սցենարի հեղինակը հենց Ստալոնեն է գրել, Օսկարի արժանացած առաջին սպորտային ֆիլմն է:

Ստալոնեին բախտ էր վիճակվել մի անգամ ներկա լինել բռնցքամարտի մեծ երեկոյի, որում մենամարտում էր Ալին: Մի պահ դերասանը կասկածել է նրա հաղթանակին, քանի որ մրցակիցը մեծ առավելություն է ունեցել: Մինչդեռ Ալին կարողացել է հաղթանակ կորզել իր բնավորության ու կամքի ուժի շնորհիվ:

Լուսանկարը` Getty Images


Հենց այդ ժամանակ էլ Ստալոնեն հասկացել է, որ երբեք պետք չէ հանձնվել: Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնն այնքան է նրան ոգեշնչել, որ որոշել է ֆիլմի սցենար գրել մի բռնցքամարտիկի մասին, որին քչերն են հավատում, բայց նա ամեն գնով հասնում է իր նպատակին:

Այդ սցենարի համար Ստալոնեին 300 հազ. դոլար էին առաջարկում, բայց նրա համար կյանքում գլխավորը գումարը չէր, ու որոշեց ինչ էլ լինի անձամբ մարմնավորել այդ դերը:

«Կան մարդիկ, որոնք, գուցե, եւ քիչ են քեզ հավատում, բայց տեսնելով ներսիդ ուժն, ասում են՝ նստիր ու ցույց տուր, թե ինչ ես գրել այդ սցենարում: Այդպես էլ ինձ հետ տեղի ունեցավ: Եթե հիմա այդ մարդկանց կարողանայի տեսնել, անսահման շնորհակալություն կհայտնեի, որ հավատացել են ինձ: Միշտ հիշեք, եթե ստացվել է ինձ մոտ, ամեն մեկդ էլ կկարողանանք»,- ասել է Ստալոնեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին