Դեկտեմբեր 22, 2024
exclusive
38493 դիտում

Մեկ կադրում. 13 տարի առաջ Զիդանի հարվածն ու կարմիր քարտը


Լուսանկարը` usatoday.com

Լուսանկարը` youtube

Լուսանկարը` getty images

Լուսանկարը` getty images

Լուսանկարը` apnews.com


Ուղիղ 13 տարի առաջ Իտալիայի հավաքականը 2006 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային ու 4-րդ անգամ հռչակվեց չեմպիոն:

Սակայն  այսօր «Մեկ կադրում» շարքում անդրադառնալու ենք ոչ թե Իտալիայի չեմպիոնությանն ու Ֆաբիո Կանավարոյի աստղային ժամին, այլ Զիդան-Մատերացի հակամարտությանը:

ԱԱ-2006-ի եզրափակչում հավասար պայքար էր, հաղթողին որոշելու համար լրացուցիչ ժամանակ նշանակվեց, որին Ֆրանսիայի ավագ Զինեդին Զիդանը մինչեւ վերջ չմասնակցեց: 110-րդ րոպեին նա հեռացվեց խաղադաշտից:

Զիդանն ու Մատերացին երեկոյի ամենակարեւոր դեմքերն էին նաեւ մինչեւ 110-րդ րոպեն: Մատերացին նախ 7-րդ րոպեին 11-մետրանոց էր բերել սեփական դարպասին, որն անվրեպ էր իրացրել Զիդանը, ապա ինքն էր փրկել դրությունն ու պատասխան գնդակը խփել`1:1:

Այդ նույն հաշիվն էլ պահպանվել էր լուսատախտակին, երբ Զիդանը գլխով կատարեց իր հայտնի հարվածը:

Լուսանկարը` youtube


«Մինչեւ հիմա էլ այդ տեսարանն աչքիս առաջ է: Երկրպագուներից ոչ բոլորը տեսան այդ դրվագը: Երբ նրանք ուշքի եկան, Մատերացին արդեն գետնին էր: Լռություն էր ու լարվածություն: Մրցավարը ոչինչ չէր նկատել: Գնդակը Վիլտորի մոտ էր ու ասացի նրան, որ գրոհը շարունակի: Հույս կար, որ Մատերացին ոտքի կկանգնի, բայց Բուֆֆոնը մրցավարի ուշադրությունը նրա վրա էր սեւեռել, ամեն ինչ ավարտված էր»,- հիշում է Ֆրանսիայի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը: 


Հանդիպման գլխավոր մրցավար Օրասիո Էլիսոնդոյին կողմնորոշվել օգնել էր 4-րդ պաշտոնյան` իսպանացի Լուիս Մեդինա Կանտալեխոն:

«Տեսա, որ Մատերացին մոտ 40 մետր այն կողմ ընկած է, դադարեցրի խաղն ու արագ հարցրի օգնականներիս, թե ինչ է պատահել: Բայց երկուսն էլ պատասխանեցին, որ ոչինչ չեն տեսել: Լուիսն էր նկատել, թե ինչպես է Զիդանը գլխով վայր գցել Մատերացիին: Երբ տեղ հասա, արդեն գիտեի, որ Զիդանին կարմիր քարտ եմ ցույց տալու»,- պատմել է Էլիսոնդոն, որը մինչ օրս էլ հայտնի է որպես Զիդանին եզրափակչից հեռացրած մրցավար:


Ֆրանսիացին այդ դրվագի մասին խոսել չի սիրում, առաջին բացատրությունը տվել է եզրափակչից 3 օր անց Canal+-ի եթերում:

Լուսանկարը` getty images


«Խնդրեցի Մարկոյին չքաշել շապիկիցս: Բացատրեցի` եթե ցանկանում է այն, խաղից հետո անձամբ կտամ նրան: Փոխարենը նա սկսեց շատ կոպիտ բառեր ասել ու մի քանի անգամ կրկնեց դրանք: Վիրավորական խոսքեր էր ասում մայրիկիս ու քրոջս հասցեին: Սկզբում փորձում էի չարձագանքել, բայց հետո ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Իմ արարքը պետք է պատժվեր, բայց չէի ցանկանում ԱԱ-ն ու կարիերաս այդպես ավարտել»,- պատմել է նա:

Ապա հեռուստաեթերում Զիդանը ներողություն է խնդրել միլիոնավոր երկրպագուների առաջ, բայց ոչ Մատերացիի: Չնայած իր հեռացմանը` Զիդանը սպորտային լրագրողների կողմից Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:

Եզրափակչից 1 տարի անց Մարկո Մատերացին գիրք է գրել «Ի՞նչ եմ իրականում ասել Զիդանին» վերնագրով ու ներկայացրել իր ասածի 250 տարբերակներ: Դրանց թվում են հայտնի «Հարրի Փոթերը» գրքի 3 նզովքները` Ավադա Կեդավրա, Կրուցիատուս ու Իմպերիո: 


Բայց հետո իտալացին հոգնել է նույն հարցին պատասխանել ու խոստովանել է, թե ինչ է իրականում ասել Զիդանին. «Էլ չեմ ուզում ամեն հարցազրույցի ժամանակ նույնը կրկնել, բառացի հետեւյալն եմ ասել`Աշխարհի բոլոր մարմնավաճառներից ես քո քրոջն եմ նախընտրում: Այս բառերիս համար հրապարակային ներողություն արդեն խնդրել եմ»:

Այդ արարքի համար 2 ֆուտբոլիստներն էլ պատժվել են: ՖԻՖԱ-ն եզրափակչից հետո քննություն է անցկացրել ու Զիդանին տուգանել 7,5 հազար ֆրանկով, ինչպես նաեւ երեխաների հետ 3-օրյա մարզումներ նշանակել: Մատերացին էլ վճարել է 5 հազար ֆրանկ ու 2 խաղով որակազրկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին