Դեկտեմբեր 23, 2024
exclusive
35849 դիտում

Մեկ Կադրում. ԽՍՀՄ-ի Գավաթով «Արարատի» ուրախ նկարահանումը


Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


1973 թվականն ամենաֆուտբոլայինն ու հաղթականն է հայերի համար: «Արարատը» երբեւէ նախադեպը չունեցող նվաճումների հասավ ԽՍՀՄ-ում` մեկ տարում նվաճելով գավաթն ու չեմպիոնի կոչումը:

Գավաթի եզրափակչում Կիեւի «Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակը հայերի միասնականության ու մինչեւ վերջ պայքարելու ամենալավ դրսեւորումներից էր:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում այսօր եւս մեկ անգամ վերհիշելու ենք գավաթային եզրափակիչն ու կենդանացնելու ենք հեռավոր 1973-ին արված «Արարատի» թիմային լուսանկարը:

1973 թվականի հոկտեմբերի 10-ին «Արարատը» «Լենինի» անվան Մոսկվայի կենտրոնական ստադիոնում 60 հազար երկրպագուների ներկայությամբ Կիեւի «Դինամոյի» հետ պայքարում էր ԽՍՀՄ-ի գավաթի համար:

Խաղի 61-րդ րոպեին «Դինամոն» Վիկտոր Կոլոտովի անվրեպ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երբ հանդիպման ավարտին մեկ րոպե էր մնացել, Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում` 103-րդ րոպեին նա դուբլի հեղինակ դարձավ ու թիմին առաջին Գավաթը բերեց:

«Երբ Գավաթով վերադարձանք Երեւան, օդանավակայանում մարդկանց ծով էր, մինչեւ քաղաք 4 ժամ տեւեց ճանապարհը: Եթե հնարավոր լիներ մեր ավտոբուսը ձեռքերի վրա կտանեին: Այդպիսի բան ես երբեք չեմ տեսել, երեւի չեմ էլ տեսնի: Մենք գրավեցինք մարդկանց սրտերն ու հավերժ կմնանք պատմության մեջ»,- հիշում է թիմի հարձակվող Էդուարդ Մարկարովը:

Հայրենիք վերադառնալուց հետո հաղթանակն ինչպես հարկն է նշելու ժամանակ ֆուտբոլիստները չունեին, քանի որ դեռ պետք է առաջնությունում էլ հաջողության հասնեին: Իսկ ահա թիմով համատեղ լուսանկար անել հասցրին:

Ամբողջովին սպիտակ մարզահագուստով ու առաջին անգամ Կովկաս բերած Գավաթով արված նկարահանման կադրերում արարատցիներն ուրախությունից փայլում են ֆոտոխցիկի առաջ:

Ցավոք, այս լուսանկարի ֆուտբոլիստներից շատերն արդեն ողջ չեն, չկա լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը, դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, Ալեքսանդր Կովալենկոն… Բայց քանի դեռ կան «Արարատ-73»-ի երկրպագուներն ու այդ մեծ նվաճումները հիշողները, նրանք միշտ էլ կենդանի են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին