exclusive
50246 դիտում

Մեկ կադրում. Օլիմպիական 4 չեմպիոն Մատենադարանի մոտ


Լուսանկարը` Հերբերտ Բաղդասարյանի


Եթե բախտ չի վիճակվել տեսնել միանգամից  Օլիմպիական 4 չեմպիոն, ապա այս լուսանկարը հենց ձեզ համար է:

Մարմնամարզության, բռնցքամարտի ու հնգամարտի լավագույն մարզիկները, որոնց Մատենադարանի մոտ լուսանկարել է Հերբերտ Բաղդասարյանը, Mediamax Sport«Մեկ կադրում» շարքի այսօրվա հերոսներն են:

Լուսանկարի 4 չեմպիոններից 3-ը, ցավոք, արդեն կենդանի չեն՝ Հրանտ Շահինյանը, Իգոր Նովիկովն ու Վլադիմիր Ենգիբարյանը: Իսկ Ալբերտ Ազարյանն օրեր անց նշելու է ծննդյան 90-ամյակը:

Հրանտ Շահինյանն առաջին հայ Օլիմպիական չեմպիոնն է: 1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերում նա փայլեց օղակների վրա ու 9,9 միավորով ոսկե մեդալակիր դարձավ:

Նժույգթափում ու բազմամարտում էլ արծաթե մեդալներ նվաճեց: Նժույգթափում Շահինյանն առաջին անգամ կատարեց մի հնարք, որը հետագայում կոչվեց նրա անունով: Մեկ ոսկե մեդալ էլ Շահինյանը Հելսինկիում նվաճեց թիմային պայքարում:

Անցյալից եկած հերոսները. Հրանտ Շահինյան


Ալբերտ Ազարյանը միակ հայ մարզիկն է, որը 3 անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն: 1956-ին Մելբուռնում հաղթել է օղակների վրա ու թիմային պայքարում, իսկ 4 տարի անց օղակների վրա կրկին լավագույնը եղել Հռոմի խաղերում:

«Աշխարհի, Եվրոպայի ու Սովետական միության առաջնություններում հաղթելու ժամանակ մեծ բավականություն ու ներքին բավարարածություն չէի ստանում: Օլիմպիադայում ամեն ինչ ուրիշ էր: Երբ Մելբուռնում չեմպիոն դարձա, թվում էր աշխարհում էլ ոչինչ չկա անելու»,- հիշում է Ազարյանը:


Վլադիմիր Ենգիբարյանի աստղային պահը եւս հասավ 1956-ին: Նա 4 տարի առաջ պետք է մեկներ Հելսինկի, սակայն որոշ մասնագետներ ու ղեկավարներ համարում էին, որ Ենգիբարյանը չի կարող հանդես գալ միջազգային ասպարեզում ու ամեն կերպ խոչընդոտներ էին ստեղծում նրա համար: Այդ պատճառով էլ նրան չընդգրկեցին օլիմպիական թիմում:

Սակայն Մելբուռնում բռնցքամարտիկն անպարտելի էր: Նա դարձավ խորհրդային 2-րդ բռնքամարտիկը, որն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց:

Անցյալից եկած հերոսները. Վլադիմիր Ենգիբարյան


Իգոր Նովիկովը  չեմպիոն դարձավ նույն Օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1956-ին: Հնգամարտի թիմային պայքարում ոսկե մեդալ նվաճեց, իսկ ահատական պայքարում 4-րդն էր:

Նովիկովը մասնակցել է 4 Օլիմպիական խաղերի ու 3-ում մեդալներ նվաճել: 1960-ին Հռոմում նա թիմային պայքարում 2-րդն էր, 64-ին Տոկիոյում իր հաշվին ոսկե ու արծաթե մեդալներ գրանցեց թիմային ու անհատական մրցումներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին