Դեկտեմբեր 23, 2024
exclusive
121452 դիտում

Անցյալից եկած հերոսները. Ալբերտ Ազարյան


Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը եւ Հրանտ Շահինյանը
Ալբերտ Ազարյանը եւ Հրանտ Շահինյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանի ընտանիքը
Ալբերտ Ազարյանի ընտանիքը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը կնոջ հետ
Ալբերտ Ազարյանը կնոջ հետ

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ալբերտ Ազարյանը
Ալբերտ Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նրանք հզորության, ուժի, մարդկային անսահման կարողությունների ու համեստության խորհրդանիշ են: Սպորտային բոլոր հնարավոր գագաթները նվաճվել են այդ մարզիկների կողմից: Նրանք իսկական լեգենդներ են, որոնց Mediamax Sport-ը մեծարելու ու ներկայացնելու է հաջորդաբար:

Ազարյանի բոլոր մեդալները միասին կշռելու դեպքում մի քանի տասնյակ կիլոգրամանոց ավար կստացվի: Նա մրցումների է մասնակցել աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Միշտ «երիտասարդ», սպորտին նվիրված ու առույգ

«Եթե ես մեկ օր չգամ մարզադպրոց, չեմ կարող ապրել: Իմ աշխատանքն է ինձ ուժ տալիս: Այստեղ կրկին երիտասարդանում եմ»,- այսպես է սկսում  զրույցը Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, պարզապես լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը:

Մեր հանդիպումը կայացավ Ազարյանի համար չափազանց թանկ, հարազատ ու սիրելի վայրում՝ իր անվան մարմնամարզության դպրոցում: Նա իր առօրյան չի պատկերացնում առանց աշխատանքային եռուզեռի ու միշտ պատրաստ է օգնել դպրոցի սաներին:



85 տարեկանում էլ Ազարյանը հոգով երիտասարդ է ու ակտիվ, իսկ իր իսկական տարիքին հումորով է վերաբերում. «81-ամյակս էի նշում, ու Արամայիս Սահակյանը շնորհավորելիս ինձ ասաց, որ 18 տարիս է դեռ լրանում: Ես էլ սովորեցի նրանից, ու ասում եմ՝ ոչ թե 85 տարեկան եմ դառնալու, այլ՝ 58: Այդպես միշտ երիտասարդ եմ մնում»:

Կարծես ժամանակն Ազարյանին ընդհանրապես էլ չի փոխել. նա կրկին նույն եռանդով, ոգեւորությամբ ու աչքերի փայլով է խոսում մարմնամարզության մասին, ինչպես կես դար առաջ: Հիմա, իհարկե, չի կարողանում իր հարազատ օղակների վրա նույնպիսի կախարդանքով հնարքներ կատարել, սակայն իր հետ վերապրել է տալիս այն հեռավոր ու այդքան անմոռանալի տարիները:

Նրա հուշերը մեզ տանում են Կիրովական, որտեղ մեծ մարզիկի մանկությունն է անցել, տեղափոխվում ենք Երեւան՝ սովորելու, լինում Մոսկվայում, Մելբուռնում ու  Հռոմում դառնում Օլիմպիական չեմպիոններ: Ուղեւորությունը չափազանց երկար ու հետաքրքիր է, բայց մենք կանգ կառնենք Ազարյանի կյանքի ամենաուշագրավ դրվագների վրա:  

Դարբնոցում աշխատանք, սպորտային առաջին նախասիրություններ ու տեղափոխություն Երեւան

Նա շուտ կորցրեց հորը, եւ ընտանեկան հանգամանքները ստիպեցին, որ թողնի ուսումն ու աշխատանքի անցնի: Ամբողջ օրվա ընթացքում աշխատում էր դարբնոցում, ինչից հետո գնում էր երեկոյան դպրոց: Ծանր տարիներ էին, հիշում է Ազարյանը, ու պետք էր անցնել այդ դժվարությունների միջով. «2 դարբնի մուրճ էի խփում: Չնայած աշխատանքն անտանելի ծանր էր, բայց ես մեծ բավականություն էի ստանում: Ֆիզիկապես շատ կոփվեցի, այդ աշխատանքին եմ շնորհակալ սպորտային հաջողություններիս համար: Հիմա երբ հարցնում են, ինչպես կատարել ազարյանական խաչը, ասում եմ՝ դարբնի աշակերտ դարձեք»:



Սպորտային ուղին էլ պատահաբար է ընտրել: Ազարյանն ու իր ընկերները ցանկանում էին միջբակային պայքարում առաջինը լինել ու որոշեցին մարզադահլիճ գնալ: Կիրովականում գտնվող փոքրիկ դահլիճում պարապում էին տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ, ու կար մարմնամարզության ընդամենը մեկ գործիք՝ զուգափայտ: Սկզբում Ազարյանը զբաղվել է ծանրամարտով, ըմբշամարտով, բռնցքամարտով, ինչպես իր մյուս ընկերները, ու անգամ ուշադրություն էլ չի դարձրել մարմնամարզությանը:

«Մի անգամ Սերգո Համբարձումյանն եկել էր Կիրովական, տեսավ, թե ինչպես եմ ծանրաձողը բարձրացնում, զարմացավ: Իսկ ես 100 կգ ձողով ժիմ էի անում, ցանկանում էր ինձ համոզել, որ ծանրամարտով զբաղեմ: Հրաժարվեցի, քանի որ մեջքս ցավում էր, սակայն չգիտեի, որ հետագայում մարմնամարզիկ եմ դառնալու ու շատ ծանրություններ եմ հաղթահարելու»,- ասում է Ազարյանը:

Հետո տեղափոխվեց Երեւան, որպեսզի սովորի տեխնիկումում, ու այդ ժամանակ էլ մարզիչ Սիմոն Ղարագյոզյանը նկատեց նրա սպորտային տաղանդն ու խորհուրդ տվեց սպորտով զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով:

Ճակատագրական հանդիպում, համեստ հարսանիք ու ողջ կյանք ձգվող խոստում

Այդ տարիներին Ազարյանի կյանքում մի շատ կարեւոր ծանոթություն կայացավ, որը ճակատագրական դարձավ ու նրան ողջ կյանքի ուղեկից շնորհեց: Տեխնիկումում սովորելու ժամանակ էր, որ նա հանդիպեց իր ողջ կյանքի սիրուն, ու այդ պահից սկսած նրանց ճակատագրերը կապվեցին իրար:


Գեղեցիկ կազմվածք, բնատուր ֆիզիկական տվյալներ, բարձր հասակ՝ Ազարյանը  հիանալի արտաքին ուներ ու շատերի սիրտը կարող էր գերել, իսկ նրա ընտրյալը դարձավ Ախալցխայից Երեւան տեղափոխված 19-ամյա Ելիզավետան: Ազարյանը պատմում է, որ աղջիկներն անգամ խանդում էին, թե ինչու է հենց նրան ընտրել:

Բայց չափազանց խանդոտ էր նաեւ ինքը՝ Ազարյանը, ու մի այսպիսի զվարճալի դեպք պատմեց. «Մի անգամ, դեռ երբ նոր էինք հանդիպում, գնացել էինք գնումներ կատարելու, մեկ էլ նկատեցի, որ մի տղա չափազանց ուշադիր մեր կողմն է նայում, զայրացա, թե ինչու է այդքան ուշադիր Լիզային զննում: Նա էլ ասաց, որ ինձ ճանաչել է, այդ պատճառով էլ այդպես նայում է»:

Այդ ժամանակ 24-ամյա Ազարյանն արդեն Սովետական միության չեմպիոն էր ու տեխնիկումի 2-րդ կուրսում էր սովորում, Լիզան մեկ կուրս նրանից ցածր էր: Նա Երեւան էր եկել Ախալցխայից, որ մարմնամարզությամբ զբաղվի:

«Լիզային տեսնելու առաջին իսկ օրից զգում էի, որ պետք է հանդիպենք: Ընկերացանք, սկսեցինք շփվել, միասին մրցումների մեկնեցինք, գնացքով երկար ճանապարհ անցանք, ու նրան առաջարկեցի գնալ ու ծանոթանալ իր ծնողների հետ: Դրան հաջորդեց մեր ամուսնությունը, ու արդեն մոտ 55 տարի է միասին ենք»,- հուզմունքով պատմում է Ազարյանը:



Օլիմպիական չեմպիոնի հարսանյաց արարողությունը շատ համեստ էր: Այն չուղեկցվեց ճոխ խնջույքով, նրանք պարզապես հավաքվեցին Լիզայի բարեկամներից մեկի տանն ու նշեցին: Հետաքրքիր է, որ հարսանիքի օրը նորապսակներն անգամ իրար մատանիներ չնվիրեցին: Ազարյանը պարզապես խոստացավ, որ հետո նրա համար ամեն ինչ անելու է ու իր խոտումը կատարեց:

Այդ ժամանակ նորաստեղծ ընտանիքն ապրում էր հանրակացարանում, ու շուտով Կիրովականից նրանց մոտ տեղափոխվեց Ազարյանի մայրիկը: Ավելի ուշ Ազարյանին մեծ բնակարան հատկացվեց, որտեղ էլ մինչ օրս ապրում է կնոջ հետ:

Որակազրկումից խուսափում, ազարյանական խաչ ու օլիմպիական հաղթարշավ

Մինչ Օլիմպիական բարձունքին հասնելը Ազարյանն իր հաստատուն ու կարեւոր խոսքն ասաց մարմնամարզությունում: 1953 թվականին Սովետական միության Լենինգրադում անցկացված առաջնության ժամանակ էր, որ նա կատարեց իր հայտնի ազարյանական խաչն ու ամրագրեց իր տեղը ԽՍՀՄ հավաքականում, ինչի շնորհիվ բացվեց ճանապարհը դեպի Աշխարհի առաջնություն ու Օլիմպիական խաղեր: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր, որքան կարող էր թվալ առաջին հայացքից:



Նախ նրան որակազրկում էր սպառնում օղակների վրա վարժությունը կատարելիս մրցավարերի հետ խոսելու համար: «Առաջնությանը մասնակցում էին նաեւ Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանն ու Լիզան: Հայաստանի թիմը ուժեղ էր, սակայն մեզ միտումնավոր ցածր էին նշանակում, որ չկարողանանք հաղթողի կոչումը նվաճել: Երբ հարցրի, թե ինչու են մեզ հետ այդպես վարում, մարզիչն ասաց, որ խաչերը պետք է 3 վարկյան պահել: Վերջում իմ ելույթն էր, ու 4 մրցավար էր այն դատում՝ 2-ը կանգնած էին իմ առջեւում, 2-ը՝ հետեւում: Վարժությունը սկսեցի մեծ ոգեւորությամբ ու յուրքանչյուր մրցավարին առանձին հարցրնում էի՝ «Բավակա՞ն է պահել», նրանք էլ պատասխանում էին՝ այո, կամ էլ գլխով անում ու քմծիծաղում: Այդ խաչը պատահաբար կատարեցի, այն կարծես իմ պատասխանը լիներ մրցավարների գործողություններին»:



Այդ հնարքը, որը պատահական էր կատարվել, Ազարյանի ուղեցույցը դարձավ սպորտում ու հետագայում էլ կոչվեց իր անունով, բայց մինչ այդ նրան  որակազրկում էր սպառնում ու թվում էր՝ դրանից խուսափելն անհնար է: Իրավիճակը փրկեց Ազարյանի ելույթը դատած մրցավարներից մեկը, որը բարձրաձայնեց հայ մարմնամարզիկի կատարած նոր տարրի մասին ու գովասանքի խոսքեր ասաց: Այդ ժամանակ էլ որոշվեց Ազարյանին հրավիրել ԽՍՀՄ հավաքական: Աշխարհի առաջնությունում նա կրկին կատարեց այդ հնարքը, ու վարժության սկիզբն էլ, խաչերն էլ անվանակոչեցին իր անունով՝ «Ազարյանական թեք խաչ» ու «Ազարյանական սկիզբ»:

Արդեն ժամանակն էր, որ նա գրավեր նաեւ Օլիմպոսը: 1956 թվականին նա մեկնեց Մելբուռն, իր առաջին իսկ Օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալ նվաճեց՝ օղակների վրա ու թիմային հաշվարկով:



«Աշխարհի, Եվրոպայի ու Սովետական միության առաջնություններում հաղթելու ժամանակ մեծ բավականություն ու ներքին բավարարածություն չէի ստանում: Օլիմպիադայում ամեն ինչ ուրիշ էր: Երբ Մելբուռնում չեմպիոն դարձա, թվում էր աշխարհում էլ ոչինչ չկա անելու, ես անսահման երջանիկ էի, քանի որ նվաճել էի սպորտային ամենակարեւոր տիտղոսը, որը տրվում է ցմահ»,- օլիմպիական հաղթարշավն այսպես է հիշում լեգենդար մարզիկը:

Նա պատմում է, որ բոլոր թիմակիցներն ուրախացել էին, իսկ ինքը Մելբուռնում մեդալը ձեռքին կանգնել ու գոռում էր, որ օլիմպիկան չեմպիոն է: 



Այդ հաջողությունը նա կարողացավ կրկնել նաեւ 4 տարի անց Հռոմում կայացած Օլիմպիադայում ու դարձավ միակ հայ մարզիկը, ում հաջողվել է 3 անգամ նվաճել օլմպիական խաղերի ոսկե մեդալ: «Ցավոք, հիմա այդ մեդալներից ոչ մեկը չունեմ: Հայաստանում ցուցահանդես պետք է լիներ, ես ու Հրանտ Շահինյանը մեր օլիմպիական մեդալները տրամադրեցինք, ու բոլորն էլ գողացան: Հրանտն ասում էր, որ մենք օլիմպիական չեմպիոններ ենք առանց մեդալների»:

Պարտքով մեքենաներ, մոսկովյան տեխնիկա ու արտասահմանյան կոստյումներ

ԽՍՀՄ-ում անգամ օլիմպիական խաղերում հաղթող դարձած մարզիկներն այսօրվա պես դրամական մեծ պարգեւներ ու նվերներ չէին ստանում. ամեն ինչ այլ կերպ էր արվում:

Օլիմպիական չեմպիոն դառնալու համար մեքենա էր տրվում, սակայն ոչ թե միանգամից մեքենա, այլ այն ստանալու հերթ: Մարզիկներին այն ձեռք բերելու փաստաթուղթ էր տրվում, իսկ ահա գումարն իրենք պետք է վճարեին. «Այդպես պարտք էի վերցնում, մեքենայի գումարը տալիս էի, հետո այդ ստացած մեքենան էի վաճառում՝ մյուսները ձեռք բերելու համար: Հիմնականում դրանք «Ժիգուլի» կամ «Վոլգա» էին լինում: Հիմա ամեն ինչ այլ է: Երբ իմ  80-ամյակին Օլիմպիական կոմիտեն միջոցառում կազմակերպեց ու ինձ մեքենա նվիրեց, ես զարմացել էի. ողջ կյանքում նման պարգեւ չէի ստացել: Եթե այն ժամանակ այսօրվա պես ամեն մեդալի համար մեքենա տային, պատկերացնո՞ւմ եք, թե ես որքան կունենայի»,- ծիծաղելով ասում է Ազարյանը:



Իսկ դրամական պարգեւը, որ ստանում էր Ազարյանը, կնոջ հետ խորհրդակցելուց հետո տան համար կենցաղային տեխնիկա էր գնում Մոսկվայից՝ սառնարան, լվացքի մեքենա… Իսկ եթե գումարը տրվում էր մրցումների ժամանակ, ապա արտերկրում նորաձեւ կոստյումներ էր գնում ՝ գեղեցիկ ու ներկայանալի տեսք ունենալու համար:

Արտերկրյա աշխատանք, սպորտային գեներ ու ներդաշնակ ընտանիք

Մարզիկի կարիերան ավարտելուց հետո էլ նա չդադարեց ապրել սպորտով ու իր ողջ ուժն ու էներգիան նվիրեց այդ գործին: Նա մարզիչ աշխատեց եւ Հայաստանում, եւ դրա ահմաններից դուրս, զբաղվեց մրցավարական գործունեությամբ, գլխավորեց իր անունով կոչվող մարմնամարզության դպրոցը:



Ազարյանը բազմաթիվ հրավերներ է ունեցել արտերկրում աշխատելու ու ապրելու, սակայն երբեք այնտեղ երկար չի մնացել ու շատ դեպքերում անգամ շահավետ առաջարկներ է մերժել՝ Հայաստան վերադառնալու պատճառով. «1975 թվականին ես ու կինս 2,5 տարի Հոլանդիայում ենք աշխատել: Մեզ անգամ առաջարկում էին, որ Էդիկը Հոլանդիան ներկայացնի, ու խոստացան ամեն ինչով ապահովել: Բայց ես հրաժարվեցի, անգամ պայմանագիրս կիսատ թողեցի ու վերադարձա Երեւան, այդքան ինձ զայրացրել էր այդ առաջարկը: Նման դեպքերը բազմաթիվ են եղել, բայց ես մեր երկիրը շատ եմ սիրում ու հեռու չեմ կարող ապրել»:

Իսկ իր կյանքում ամենամեծ նվաճումը, չնայած բազմաթիվ սպորտային հաղթանակներին, համարում է ընտանիքը, որը շատ համերաշխ է ու ներդաշնակ: Նա 4 երեխա, 7 թոռ ու 4 ծոռ ունի:

Ծնողների սպորտային ուղին շարունակել է միայն Էդուարդը, որը 1980-ին Մոսկվայում դարձել է Օլիմպիական չեմպիոն: Որդու մասին Ազարյանը հպարտությամբ է խոսում. «Սպորտում շատ քիչ է լինում, որ հայր ու որդի կարողանանան Օլիմպիական չեմպիոններ դառնալ, իսկ մարմնամարությունում, եթե չեմ սխալում, մեր ընտանիքից բացի ոչ մեկին չի հաջողվել: Կինս էլ հանրապետության չեմպիոն է, այնպես որ մենք իսկական սպորտային ընտանիք ենք»:



Էդուարդն արդեն երկար տարիներ է բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ մարմնամարզության դպրոց ունի, մյուս որդին՝ Հրանտը, բնակվում է Մոսկվայում, դուստրը՝ Ալբինան, Լեհաստանում Հայաստանի դեսպանի կինն է, իսկ իրենց կողին Երեւանում է միայն Ժաննան, որը Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում է աշխատում: «Նրանք բոլորն էլ հաջողությունների են հասել: Ես ու կինս անչափ ուրախանում ենք մեր երեխաների ձեռքբերումներով»:

Նվիրում աշխատանքին, երկրպագուների ճանաչում ու համեստություն

Հիմա էլ Ազարյանը երկրպագուների ուշադրության կենտրոնում է, նրան ամենուր ճանաչում են, ժպտում ու արտահայտում իրենց սերը: Իսկ ինքը՝ օղակների արքան, պարզապես զարմանում է, որ 85 տարեկանում էլ չեն մոռանում իրեն:



Նա հիանալի տեսք ու կառուցվածք ունի, կենսախինդ է ու աշխատելու եռանդով լեցուն: Այն հարցին, թե ինչպես է կարողացել հասնել նման արդյունքի, այսպես է պատասխանում. «Ես ուրախ եմ, որ ամեն օր արթնանում եմ ու գնում աշխատանքի: Հավաքականը 11-ին մարզում է ունենում, ես էլ եմ պարտադիր հագնում մարզահագուստս ու մտնում դահլիճ: Մոտ 1,5 ժամ դահլիճում եմ լինում, նրանց էլ եմ օգնում, ինքս էլ եմ թեթեւ մարզումներ անում: Աչքիս վիրահատության պատճառով 4 օր չէի մտել դահլիճ, կարծես ես չլինեի: Պետք է անչափ սիրել կատարած գործն ու նվիրած լինել դրան, ու ամեն ինչ լավ կլինի»:

Ալբերտ Ազարյանն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է (1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադա՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմի Օլիմպիադա՝ օղակների վրա):

1960-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային պայքարում:

Աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն:

Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ:

Պատրաստել է Հասմիկ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին