Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1929 թվի հունիսի 17-ին Թիֆլիսում։ Հետո իր շախմատային հզոր գիտելիքների շնորհիվ տիրել է աշխարհը, նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները։
Պետրոսյանին նվիրված հոդվածներ Mediamax Sport-ը ներկայացրել է բազմիցս եւ այսօր ներկայացնում է շախմատիստի մտքերը, որոնք նա արտահայտել է տարբեր անգամներ։
«Շախմատը կարելի է համեմատել երաժշտության հետ, բայց լուրջ երաժշտության: Թեթեւ, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց որպեսզի ուրախություն եւ հաճույք պատճառի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա:
Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարեւորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է, այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ այն չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում: Ես այդպիսի շախմատի կողմնակիցն եմ եւ կցանկանայի, որ երիտասարդները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն այդ խաղին, առաջին հերթին տեսնեին նրա ստեղծագործական կողմը, որ շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական այն ակտը, որը երկրպագուներին բերում է գեղագիտական անբացատրելի հաճույք ու բավականություն: Իսկ հաղթանակներ այդ դեպքում անպայման կլինեն:
Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ:
Ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Անսովոր հուզմունքն ու անսովոր մթնոլորտն անհետեւանք չմնացին: Ես ոչինչ չէի հասկանում, խաղում էի մթագնած գլխով։ Երբ ամեն ինչ գիտակցեցի ու հասկացա, ամեն բան ընկավ տեղը։ Դրանից հետո հասկացա, որ պատրաստ եմ չեմպիոնության։
Ես շատ հազվադեպ եմ հիշում, որ աշխարհի չեմպիոն եմ, եւ դա կարծես ինձ վնաս է բերում:
Ինձ ոգեւորում է բուն պայքարը, իսկ երբ նվաճված է ցանկալին, մարդու եռանդը մարում է: Դա անխուսափելի է։
Շատերի կարծիքով չեմպիոնի կոչման կորուստը բավականին ուժեղ հարված է: Որքան տարօրինակ է, ես շատ հեշտ տարա այն: Երբ խորհում եմ, հանգում եմ այն եզրակացության, որ շախմատը երբեք չեմ դիտել որպես մարզական բարձր արդյունքների հասնելու միջոց: Ի՞նչ կա որ, երկար տարիներ եղել եմ ուժեղագույնը, հիմա էլ կլինեմ նախկին չեմպիոն: Ինձ համար ամենագլխավորը եղել է շախմատային պայքարն ու խաղընկերների ներքին խառնվածքը։
Ես միշտ էլ զգում եմ, որ ողջ Հայաստանն ինձ հետ խաղում է յուրաքանչյուր պարտիա: Իմ հաղթանակներին սպասողներ շատ կան, ու դա ինձ պարտավորեցնում է։ Ես հաղթում եմ Հայաստանի հետ։ Այո, յուրաքանչյուր քայլ գտնում եմ գլխով, իսկ այն տեսնում են աչքերս։ Ինչ ասես, որ չեն տեսնի իմ հայկական հին աչքերը»:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: