Դեկտեմբեր 23, 2024
exclusive
110881 դիտում

Անցյալից եկած հերոսները. Տիգրան Պետրոսյան


Տիգրան Պետրոսյանը
Տիգրան Պետրոսյանը

Լուսանկարը` cocteil.blogspot.com

Տիգրան Պետրոսյանը
Տիգրան Պետրոսյանը

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ

Տիգրան Պետրոսյանը կնոջ՝ Ռոնայի հետ
Տիգրան Պետրոսյանը կնոջ՝ Ռոնայի հետ

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ

Տիգրան Պետրոսյանը
Տիգրան Պետրոսյանը

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը եւ Մարտիրոս Սարյանը
Տիգրան Պետրոսյանը եւ Մարտիրոս Սարյանը

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը եւ Միխայիլ Բոտվիննիկը
Տիգրան Պետրոսյանը եւ Միխայիլ Բոտվիննիկը

Լուսանկարը` armchess.am

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը ընտանիքի հետ
Տիգրան Պետրոսյանը ընտանիքի հետ

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը նկարահանում է Գարի Կասպարովին
Տիգրան Պետրոսյանը նկարահանում է Գարի Կասպարովին

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը Սպարտակ  - Արարատ խաղի ժամանակ
Տիգրան Պետրոսյանը Սպարտակ - Արարատ խաղի ժամանակ

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը եւ Բորիս Սպասկին
Տիգրան Պետրոսյանը եւ Բորիս Սպասկին

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն

Լուսանկարը` armchess.am

Տիգրան Պետրոսյանը հորանջելիս
Տիգրան Պետրոսյանը հորանջելիս

Լուսանկարը` armenianchesslinks.wordpress.com

Երիտասարդ Տիգրան Պետրոսյանը
Երիտասարդ Տիգրան Պետրոսյանը

Լուսանկարը` cidadeladoxadrez.blogspot.com

Տիգրան Պետրոսյանը եւ Ֆիդել Կաստրոն
Տիգրան Պետրոսյանը եւ Ֆիդել Կաստրոն

Լուսանկարը` kenilworthchessclub.org

Տիգրան Պետրոսյանը եւ Ֆիդել Կաստրոն
Տիգրան Պետրոսյանը եւ Ֆիդել Կաստրոն

Լուսանկարը` kenilworthchessclub.org

Տիգրան Պետրոսյանը մրցախաղի ժամանակ
Տիգրան Պետրոսյանը մրցախաղի ժամանակ

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ

Տիգրան Պետրոսյանը մրցախաղի ժամանակ
Տիգրան Պետրոսյանը մրցախաղի ժամանակ

Լուսանկարը` wikimedia.org

Պետրոսյանը, Տալը եւ Օբերհաուզենը
Պետրոսյանը, Տալը եւ Օբերհաուզենը

Լուսանկարը` chesspower.co.nz

Լուսանկարը` thehindu.com

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ


«Շախմատը կարելի է համեմատել երաժշտության հետ, բայց լուրջ երաժշտության: Թեթեւ, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց որպեսզի ուրախություն եւ հաճույք պատճառի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա»:

Ահա այսպես էր պատկերացնում շախմատը Տիգրան Պետրոսյանը: Այս անունը տալը բավական է, որ բոլորը, անկախ նրանից` շախմատ գիտեն, թե ոչ, ճանաչել են նրան, թե ոչ, միաբերան ասեն, այո, նա իսկական Լեգենդ է:

Mediamax Sport-ի «Հետադարձ հայացք կամ անցյալից եկած հերոսները» նախագիծն այս անգամ անդրադառնում է հայկական շախմատի թերեւս ամենապայծառ ներկայացուցչին՝ Տիգրան Պետրոսյանին:

Գուցե Պետրոսյանը երբեք չդառնար աշխարհի չեմպիոն, եթե չլիներ հայերի ջերմությունը

1963 թվականի գարնան վերջին Հայաստանի ներքին գործերի մինիստրությունը պաշտոնապես հաղորդագրություն է տարածել, որի համաձայան մարտ-ապրիլ ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում զգալիորեն պակասել է հանցագործությունների, անկարգությունների քանակը:



Այս ամենի «պատճառը» Տիգրան Պետրոսյանն էր: 1963-ին Մոսկվայի էստրադային թատրոնում Աշխարհի գործող չեմպիոն, 52-ամյա Միխայիլ Բոտվիննիկը 34-ամյա Պետրոսյանի հետ պայքարում փորձում էր պաշտանել իր տիտղոսը:

Շատերն էին հավատում Բոտվիննիկի հաջողությունը, բայց ոչ ոք չգիտեր, որ իրականում Բոտվիննիկը խաղում է ոչ թե մեկ հայի, այլ ողջ հայության դեմ:

Գրոսմայսրեր Յուրի Ավերբախն ասել է. «Գուցե Պետրոսյանը երբեք չդառնար աշխարհի չեմպիոն, եթե չլիներ նրա հայրենակիցների ջերմությունն ու խանդավառությունը»:

Համայն հայությունն էր հետեւում Պետրոսյանին՝ մեծ թե փոքր, կին կամ տղամարդ, նույնիսկ նրանք, ովքեր ոչինչ չէին հասկանում շախմատից: Սակայն համահայկական ոգեւորությունը մարեց հենց առաջին պարտիայում, երբ Պետրոսյանը պարտվեց:

«Իմ առջեւ խնդիր էի դրել ամեն գնով չպարտվել առաջին օրը, բայց, պարզվում է, ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Անսովոր հուզմունքն ու անսովոր մթնոլորտն անհետեւանք չմնացին: Ես ոչինչ չէի հասկանում, խաղում էի մթագնած գլխով»,- ավելի ուշ խոստովանել է Պետրոսյանը:

Պետրոսյանը գիտակցում էր, որ պայքարում էր իր ազգի հեղինակության համար

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Լորիս Քալաշյանը գրել է. «Պետրոսյանի առաջին պարտությունից հետո ՀԿԿ հանձնարարականով մեկնեցի Մոսկվա: Տիգրանին այդպես կոտրված երբեք չէի տեսել, երկուսով Մսկվայից մեկնեցինք «Սուխանովո» հանգստյան տուն: Ամեն ինչ անում էի, որպեսզի Տիգրանի տրամադրությունը բարձրանա: Տիգրանը շատ էր սիրում հնդկացորենի շիլա, որը ես տանել չեմ կարողանում, բայց այդ ժամանակ ուտում էի հետը: Խաղում էինք նրա սիրած խաղերը՝ բիլիարդ, նարդի ու շաշկի: Ու Տիգրանի տրամադրությունն ամբողջովին փոխվեց»:



Առաջին հաղթանակից հետո Բոտվիննիկը ոգեւորվել էր, սակայն Պետրոսյանն աստիճանաբար հարմարվել էր մթնոլորտին ու մտել հունի մեջ: 2-4-րդ պարտիաներում կողմերը ոչ ոքի խաղացին:

Այս հանդիպման ժամանակ բեկումնայինը 5-րդ տուրն էր, երբ Պետրոսյանը, ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին, հաղթանակի հասավ: Պետրոսյանն արդեն իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունը, աստիճանաբար հարմարվել էր մթնոլորտին, խաղում էր հավաքված, իրեն հատուկ գեղեցիկ ու հավասարակշռված շախմատը:

Այս ամենին օգնում էր նաեւ հայությունը: Շատերը արձակուրդ էին ձեւակերպել ու մեկնել Մոսկվա, որպեսզի մոտիկից տեսնեն հայ շախմատիստի ելույթը: Իսկ ահա Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռները Պետրոսյանին հասցնում էին հայկական մրգեր ու կերակուրներ:

Պետրոսյանը քաջ գիտակցում էր, որ պայքարում էր ոչ միայն իր, այլեւ իր ազգի պատվի ու հեղինակության համար: Ինչպես հետագայում խոստովանել է գրոսմայստերը, իր ընկերներից մեկն իրեն ասած է եղել. «Տիգրան, սիրելիս, զգույշ վարվիր խաղաքարերի հետ: Երբեք մի մոռացիր, որ այդ համեստ զինվորները, նենգ ձիերը, հեռահար փղերը, դանդաղաշարժ նավակները եւ ամենազոր թագուհիները միայն քոնը չեն, դրանք նաեւ հայ ժողովրդինն են»:
 
Անպարտելի Բոտվիննիկը զենքերը վայր դրեց, եւ աշխարհն ունեցավ նոր չեմպիոն

1963 թվականի մայիսի 20-ին 17:06 րոպե. անպարտելի Բոտվիննիկը 5 պարտիա տանուլ տալուց հետո չեմպիոնական թագը զիջում է Տիգրան Պետրոսյանին: 12,5:9,5 հաշվով հաղթելուց հետո Պետրոսյանը հռչակվում է աշխարհի 9-րդ չեմպիոն: Այդ նույն պահին Մոկսվայի էստրադային թատրոնի մոտ հայերը «Քոչարի» էին պարում: Զարմացած անցորդները հարցնում էին. «Ի՞նչ է պատահել, նորից մա՞րդ է թռել տիեզերք»:



Այդ օրը երեկոյան Հայաստանի բոլոր քաղաքներում իսկական տոնակատարություն էր: Ողջ Հայաստանն էր հավաքվել Երեւանի օդանավակայանում, այնտեղ ասեղ գցելու տեղ չկար. Հայաստան էր ժամանում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Երբ արդեն բոլորը ողջունել էին գրոսմասյտերին եւ ուղեկցում էին Երեւան, նրանց անձնակազմին անընդհատ մոտենում էր մի ավտոմեքենա: Ամեն անգամ վարորդը մոտենում էր Պետրոսյանի մեքենային, ինչ-որ բան բացականչում, հետո կրկին խառնվում էր երթեւեկությանը: Երթեւեկությունը խախտող անկարգ վարորդը Առնո Բաբաջանյանն էր՝ Պետրոսյանի լավագույն ընկերներից մեկը, որը րոպե առաջ ցանկանում էր տեսնել նորընծա չեմպիոնին:

«Ես միշտ էլ զգում եմ, որ ողջ Հայաստանն ինձ հետ խաղում է յուրաքանչյուր պարտիա: Իմ հաղթանակներին սպասողներ շատ կան, ու դա ինձ պարտավորեցնում է»,- ասել է Պետրոսյանը: 

Տարվելով շախմատով՝ Տիգրանը մոռացավ երազանքի մասին՝ դառնալ դիվանագետ կամ զիվորական

«Ես՝ Տիգրան Վարդանի Պետրոսյանս, ծնվել եմ 1929 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում: Ավարտել եմ Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: 1968-ին պաշտպանել եմ դիսերտացիաս, ինձ շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1963-69 թվականներին կրել եմ Աշխարհի չեմպիոնի կոչումը: Չորս անգամ նվաճել եմ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը, Եվրոպայի թիմային առաջնությունների ութակի եւ համաշխարհային Օլիմպիադաների 9-ակի հաղթող եմ»:



Իսկ այսպիսի տիտղոսների Տիգրան Պետրոսյանը հեշտ չի հասել: Նա դառը մանկություն է ունեցել: Պետրոսյանների ընտանիքը շատ սուղ պայմաններում է ապրել: Բայց ամեն տեսակ զրկանքներն ավելի են կոփում Տիգրանին, եւ նա շարունակում է սիրել շախմատը: Շախմատը կլանել էր նրան, Տիգրանը մոռացավ նույնիսկ իր երազանքի մասին՝ դառնալ դիվանագետ կամ էլ զիվորական: Կոպեկ-կոպեկ գումար հավաքեց ու գնեց շախմատային առաջին գիրքը՝ Նիմցովիչի «Իմ համակարգը պրակտիկայում» աշխատությունը:

16 տարեկանում Տիգրանը դառնում է Վրաստանի մեծահասակների չեմպիոն: Սակայն այս ամենը դուր չէր գալիս նրա ծնողներին. «Դասերդ սովորիր, շախմատը քեզ հաց չի տա»,- ասում էր հայրը:

1946 թվականին Պետրոսյանը տեղափոխվում է Երեւան, որտեղ նրան ընդունում են մեծ ցնծությամբ: Նա շատ անմիջական ու նուրբ հումոր ուներ: Շատ էր սիրում երաժշտություն ու ոգեւորված երգում էր: Սիրում էր երգել նույնիսկ կայծակնային խաղերի ժամանակ:

Արդեն 17 տարեկանում դառնում է Հայաստանի չեմպիոն: Սակայն Տիգրանին պետք էր նվաճել ավելի մեծ բարձրունքներ, զարգանալ ու պայքարել համաշխարհային աստղերի հետ: Եվ նա մեկնում է Մոսկվա: Այնուհետեւ սկսվում է Տիգրան Պետրոսյանի հաղթարշավը:

Կրկին աշխարհի չեմպիոն, որը Պետրոսյանից ավելի քան 6 կգ քաշ էր խլել

1966 թվականին արդեն որպես աշխարհի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պետք է պայքարեր Բորիս Սպասկու հետ: Այս մրցապայքարին  նախապատրաստվելու համար Պետրոսյանն ուսումնասիրել էր 550 պարտիա, նույնիսկ մեկնել էր Թբիլիսի, որպեսզի մոտիկից ուսումնասիրի Տալ-Սպասկի հավակնորդների մրցաշարի եզրափակիչ մրցախաղը:



Մամուլն ու շատ հայտնիներ հաղթանակ էին կանխատեսում Սպասկուն: Լռել գերադասեցին միայն աշխարհի նախկին չեմպիոններ Էյվենն ու Բոտվիննիկը: Հոգեբանական ճնշումն անընդհատ շարունակվում էր: Մրցախաղից առաջ լույս է տեսնում Սպասկու մարզիչ Իգոր Բոնդարեւսկու «Բորիս Սպասկին գրոհում է Օլիմպոսը» գրքույկը:

Պետրոսյանը միշտ համեստ է պահել իրեն, ու Սպասկու հետ կայանալիք հանդիպումից առաջ, երբ բոլորը նրան քննադատում էին ու պարտություն կանխատեսում, Պետրոսյանի համբերության բաժակը լցվում է. «Ես շատ հազվադեպ եմ հիշում, որ աշխարհի չեմպիոն եմ, եւ դա կարծես ինձ վնաս է բերում»:

Արժե նշել, որ այս մենամարտի ընթացքում Պետրոսյանը ավելի քան 6 կգ քաշ էր գցել: Սակայն նա կարողացավ ապացուցել, որ դեռ ինքն է այն միակ շախմատիստը, որը կարող է կոչվել աշխարհի չեմպիոն: Նա հաղթեց Սպասկուն 12,5:11,5 հաշվով եւ պաշտպանեց չեմպիոնական կոչումը:

Հայաստանի գյուղերից մեկում մի ծեր կին իմանալով, որ խաղերից մեկում Պետրոսյանը կիրառել է Կարո-Կանի պաշտպանության սկզբնախաղը, ասել է. «Լավ է արել, որ Կարոյի խորհրդին լսել է, թող հայի ասածով խաղա»:



Մրցախաղի ավարտից հետո Պետրոսյանն ասել է. «Կարծում եմ, Սպասկու անհաջողություններից մեկն էլ նրա հաղթանակի մասին համընդհանուր կարծքին էր: Մեծ դեր խաղաց նաեւ նրա մարզչի գրած գրքույկը, ողջունելի է նման բան գրելը, բայց ավելի լավ կլիներ այն գրել մրցախաղից հետո»:

32 տարվա ընդմիջումից հետո սա առաջին անգամն էր, երբ հաղթանակ էր տոնում աշխարհի գործող չեմպիոնը:



Երկար տարիներ եղել եմ ուժեղագույնը, հիմա էլ կլինեմ նախկին չեմպիոն

1966-ի մրցախաղից հետո Տիգրան Պետրոսյանն ասել է, որ չի զարմանա, եթե երեք տարի հետո իր մրցակիցը կրկին Բորիս Սպասկին լինի:

Սա բոլորովին էլ հաճոյախոսություն չէր մրցակցի մասին: Պետրոսյանը պարզապես շատ լավ էր տեսնում, որ առաջիկա տարիներին ոչ մի շախմատիստ չի կարողանա գերազանցել Սպասկուն: Արժե նշել, որ Սպասկին էլ միշտ լավ է արտահայտվել հայ շախմատիստի մասին. «Պետրոսյանը նման է ոզնու, երբ թվում է, թե ես նրան արդեն ձեռքումս եմ պահում, նա հանկարծ իմ ափի մեջ է խրում իր փշերը»:

1969-ին Պետրոսյանի հետ կրկին մենամարտում էր Սպասկին: Մրցախաղի մեկնարկին գրոսմայստեր Դավիթ Բրոնշտեյն այսպիսի միտք էր արտահայտել. «Տպավորություն ունեմ, որ Պետրոսյանը ցանկանում է ազատվել այնպիսի ծանր «բեռից», ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչումն է»:



Պետրոսյանը պատասխանել էր. «Ինձ ոգեւորում է բուն պայքարը, իսկ երբ նվաճված է ցանկալին, մարդու եռանդը մարում է: Դա անխուսափելի է»:

Իսկ Պետրոսյանն արդեն նվաճել էր այն ամենն, ինչին ձգտել էր: Այս անգամ աշխարհի 9-րդ չեմպիոնը պարտվեց՝ 10,5:12,5 հաշվով: Հետաքրքիր է, որ Պետրոսյանը չեմպիոնական թագին հրաժեշտ տվեց ծննդյան 40-ամյակի օրը:
 
«Շատերի կարծիքով, չեմպիոնի կոչման կորուստը բավականին ուժեղ հարված է: Որքան տարօրինակ է, ես շատ հեշտ տարա այն: Երբ խորհում եմ, հանգում եմ այն եզրակացության, որ շախմատը երբեք չեմ դիտել որպես մարզական բարձր արդյունքների հասնլու միջոց: Ի՞նչ կա որ, երկար տարիներ եղել եմ ուժեղագույնը, հիմա էլ կլինեմ նախկին չեմպիոն: Ինձ համար ամենագլխավորն եղել է շախմատային պայքարն ու խաղընկերների ներքին խառնվածքը»,- խոստովանել է աշխարհի 9-րդ չեմպիոնը:

Ախ, ինչ ասես, որ չեն տեսնի իմ հայկական հին աչքերը

Ինչպես նշում են շախմատիստի ընկերները, Պետրոսյանը մեղմ բնավորություն ուներ եւ ողջ կարիերայում առանձնապես աչքի չի ընկել մարզական «չարությամբ»: Մեծ հոգեբան էր, նրբանկատ ու միշտ պատրաստ անսպասելի գրոհների:



Հատկապես ուժեղ էր խաղում թիմային մրցաշարերում: 1954-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել էր Արգենտինա: Շուրջ 1500 հայ էր եկել նրա հետ հանդիպմանը: Պետրոսյանն առաջին հայն էր, որ Խորհրդային Միությունից գնացել էր Բուենոս Այրես: Այդ ժամանակ պարզվեց, որ այնտեղ նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում հայերեն լեզվով դասագրքեր են տպագրվում, որ պետական լեզուն հայերենն է: Երբ հայերի հետ հանդիպման ժամանակ շախմատիստը երգել է «Քարավան» երգը, բոլորը զարմացել են. «Ի՞նչ զարմանալու բան կա, չէ՞ որ ես հայկական դպրոց եմ հաճախել»,- ասել էր Պետրոսյանը:

Իսկ Ուրուգվայում, երբ ԽՍՀՄ հավաքականն իջել է Մոնտեվիդեոյի օդանավակայանում, հայերը Պետրոսյանին ձեռքերի վրա են տարել, ապա ողջ հավաքականի համար ընդունելություն կազմակերպել:

Արդեն 1966-ին Հավանայում միաժամանակյա պարտիայում Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյին, եւ նրանց հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: 64 վանդակներով մարմարից պատրաստված սեղանը, որի վրա խաղացել էին նրանք, Կաստրոն նվիրել է Պետրոսյանին:

Պետրոսյանը 33-ամյակը դիմավորել էր Կյուրասաոյում, որտեղ հանդես էր գալիս հավակնորդների մրցաշարում: Այդ օրը հյուրանոցի աշխատակիցներն ուժասպառ են եղել, քանի որ Պետրոսյանի անունով հեռագրերի հոսքը չի դադարել, միայն Հայաստանից նա ավելի քան 100 նամակ էր ստացել:

Ասում են, որ Պետրոսյանը հայերի հետ միշտ խոսում էր հայերեն, նույնիսկ այն ժամանակ, երբ զրուցակիցն անցնում էր ռուսերենի: Երբ առիթ էր լինում որեւէ հայի ներկայացնել, ասում էր. «Ծանոթացեք, մեծ հայ ժողովրդի ներկայացուցիչն է»:



Ամեն անգամ հնարամիտ քայլ գտնելով՝ բացականչել է. «Ախ, ինչ ասես, որ չեն տեսնի իմ հայկական հին աչքերը»:

Ըստ շախմատային մասնագետների, երբ Պետրոսյանի դիրքը լավ էր, նրա աչքերը աշխուժանում էին, խաղատախտակից աստիճանաբար սկսում էր նայել մրցակցին, ապա նաեւ մյուսներին, ձեռքերը խաչում էր: Իսկ երբ կասկածելի էր լինում նրա դիրքը, անվստահ էր զգում: Ձեռքերն արդեն իջեցնում էր, գլուխն ավելի ու ավելի էր թեքում խաղատախտակի վրա:



Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին

Պետրոսյանն անհանգստանում էր, որ հայ շախմատիստները չեն կարողանում բարձր ցուցանիշներ արձանագրել միջազգային մրցասպարեզում: 1966-ին շախմատի չեմպիոն դառնալուց անմիջապես հետո նա շտապեց Երեւան եւ հունիսին իր իսկ ձեռքերով տեղադրեց շախմատի տան հիմնաքարը, որն այսօր կրում է իր անունը:

Նա շատ էր մտածում հայկական շախմատի ապագայի մասին, անընդհատ աշխատանքներ էր տանում, որ մեր երկրում այս մարզաձեւը զարգացում ապրի: Նա պարապում էր Հայաստանի հավաքականի անդամների հետ, շրջում էր երկրի շրջաններով, դասախոսություններ եւ գործնական պարապմունքներ անցկացնում տարբեր ընկերություններում, մանկապատանեկան օղակներում:

«Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ»,- ասել է Պետրոսյանը:

Որպես վերջաբան

Տիգրան Պետրոսյան. մարդ, որով փոքրիկ Հայաստանը ճանաչելի դարձավ ոչ միայն շախմատային աշխարհում: Մինչեւ այսօր այս անունը շարունակում է հիշեցնել Հայաստանի մասին: «Գրոսմայստեր ոչ», «Երկաթե Տիգրան» կամ պարզապես «Վագր»՝ այս մականունները ստացած շախմատիստը, անկասկած, հայկական սպորտի ամենավառ ներկայացուցիչներից է: Իսկ այսօր բոլոր շախմատիստներն են խոստովանում, որ եթե չլիներ Պետրոսյանը, չէր լինի նաեւ հայկական շախմատը:

Ավարտենք «Հետադարձ հայացք կամ անցյալից եկած հերոսները» նախագծի այս հատվածը Տիգրան Պետրոսյանի խոսքով.



«Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարեւորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է, այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ այն չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում: Ես այդպիսի շախմատի կողմնակիցն եմ եւ կցանկանայի, որ երիտասարդները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն այդ խաղին, առաջին հերթին տեսնեին նրա ստեղծագործական կողմը, որ շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական այն ակտը, որն երկրպագուներին բերում է գեղագիտական անբացատրելի հաճույք ու բավականություն: Իսկ հաղթանակներ այդ դեպքում անպայման կլինեն»:

Գոհար Նալբանդյան

Հոդվածում մեջբերումներ են արվել Գագիկ Հակոբյանի «Տիգրան Պետրոսյան» գրքից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին