Դեկտեմբեր 21, 2024
2445 դիտում

Մեկ կադրում․ 1962-ի հավակնորդների մրցաշարի ուժեղ կազմն ու Պետրոսյանի հաղթանակը


Լուսանկարը` FIDE


1962 թվականին Կարիբյան ծովի գեղեցիկ Կյուրասաո կղզին ընդունում է հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն իրավունք էր վաստակելու պայքարել Աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ։

«Մեկ կադր»-ում շարքում անդրադառնում ենք այս լուսանկարին, որտեղ պատկերված են մրցաշարի կազմակերպիչներն ու հավակնորդները՝ Տիգրան Պետրոսյանը, Էֆիմ Գելերը, Պաուլ Կերեսը, Վիկտոր Կրոչնոյը, Միխայիլ Տալը (բոլորն էլ ԽՍՀՄ), Բոբի Ֆիշերը, Պալ Բենկոն (երկուսն էլ ԱՄՆ) եւ Միրոսլավ Ֆիլիպը (Չեխոսլովակիա)։

Շախմատիստները շուրջ երկու ամիս չորսական անգամ միմյանց դեմ խաղացել են շրջանաձեւ մրցակարգով։ Մրցաշարի ընթացքում Տալի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչի պատճառով 21-րդ տուրից հետո նա այլեւս չի շարունակում պայքարը։


Պետրոսյանը, Գելերը եւ Կերեսը մեկնարկից սկսած հաջող հանդիպումներ են անցկացնում, սակայն վերջինս նրանցից առաջ է լինում կես միավորով։ 23-րդ տուրում Պետրոսյանից պահանջվում է ընդամենը 21 քայլ, որպեսզի ոչնչացնի Կրոչնոյին, իսկ ահա Գելերը պարտություն է կրում Ֆիշերից եւ լքում առաջատարի համար մղվող պայքարը։

Լարվածությունը մնում է մինչեւ նախավերջին տուրը։ Այդ օրը Բենկոն ցնցող հաղթանակ է տոնում Կերեսի նկատմամբ, որը նախորդ բոլոր 7 տուրում անպարտելի էր եղել։ Սա իսկական նվեր էր Պետրոսյանին, որը ոչ-ոքի է ավարտում Ֆիշերի հետ պարտիան, կես միավորով առաջ անցնում Կերեսից ու գլխավորում մրցաշարային աղյուսակը։

Վերջին տուրում Պետրոսյանը զարմանալիորեն արագ ոչ-ոքի է խաղում հետնապահ Ֆիլիպի հետ։ Առիթից չի կարողանում օգտվել Կերեսը եւ միավորները կիսում է Ֆիշերի հետ։

Տիգրան Պետրոսյանը 27 տուրում չի կրում ոչ մի պարտություն ու 17,5 միավորով դառնում հավակնորդների մրցաշարի հաղթող՝ ընդամենը կես միավորով շրջանցելով Կերեսին ու Գելերին։ Մեկ տարի անց Պետրոսյանը հանդիպում է Բոտվիննիկին ու հաղթելով նրան՝ դառնում Աշխարհի 9-րդ չեմպիոնը։

Կյուրասաոյի մրցաշարի հետ կապված մեկ անդրադարձ եւս։ Այն ընթանում էր Սառը պատերազմի տարիների ամենալարված շրջանում։ Պատահական չէ, որ բոլորի հայացքն ուղղված է եղել 19-ամյա Բոբի Ֆիշերին։ Սակայն, ինչպես նկատվել է հետո, նա դեռ պատրաստ չէր կանգնեցնել Խորհրդային շախմատի մեքենան, հատկապես, երբ ԽՍՀՄ-ը ներկայացնող մասնակիցներն օգնում էին միմյանց եւ իրար դեմ պարտիաներն ավարտում ոչ-ոքիներով։

Հետաքրքիր վիճակագրություն կա, որ առաջատարներ Պետրոսյանը, Կերեսը եւ Գելերը միմյանց հետ անցկացրած 12 պարտիա ավարտել են ոչ-ոքի եւ դա արել են շատ արագ՝ միջին տեւողությունը եղել է 18 քայլ։ Կասկածները մեծ են, որ նրանք նախապես պայմանավորված են եղել։

Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ հետո Sports Illustrated եւ Der Spiegel ամսագրերը հրապարակել են Ֆիշերի քննադատական հոդվածը։ Արդյունքը լինում է այն, որ ՖԻԴԵ-ն դադարեցնում է հավակնորդների մրցաշարերի անցկացման նման ձեւաչափը եւ ներդնում նորը՝ մրցաշարի ընթացքում շատ միավորներ վաստակած մասնակիցները հաղթողին պետք է որոշեին նոկաուտ համակարգով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին