Հուլիս 21, 2024
exclusive
41605 դիտում

Մեկ կադրում. Չհանձնվող Բեատրիչե Վիոյի Պարալիմպիկ հաղթանակը


Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter


Որքանո՞վ ենք ճանաչում մեզ ու գիտենք մեր հնարավորությունները: Այս հարցին ամեն մեկս յուրովի ենք պատասխանում, իսկ 21-ամյա իտալացի սուսերամարտիկ, Ռիոյի Պարալիմպիկ խաղերի հաղթող Բեատրիչե Վիոյի ամբողջ կյանքն է դա ցույց տվել:

Նա հաղթահարել է համարյա անբուժելի հիվանդությունը, պայքարել է, մարզվել ու շարժվել դեպի իր նպատակը՝ չմոռանալով անբաժան լինել իր փայլուն ժպիտից:

Այսօր Mediamax Sport -ի «Մեկ կադրում» շարքի հերոսուհին Վիոն է, միասին վերհիշելու ենք 2016 թվականի Ռիոյի Պարալիմպիկ խաղերի նրա հաղթական լուսանկարը:

Բայց մինչ Վիոյին Օլիմպիական պատվոհարթակին հասցնելը, ծանոթանանք մարզուհու պատմությանը: Բեբեն, ինչն իտալերենից թարգմանաբար փոքրիկ է նշանակում, 5 տարեկանում է սկսել սպորտով զբաղվել:

11 տարեկանում նա սովորական գրիպով է հիվանդացել, ինչը վերածվել է մենինգիտի, ընդ որում՝ բավական վտանգավոր աստիճանի, որի արդյունքում 100-ից միայն 5-ն են կարողանում կենդանի մնալ: Նրանցից մեկն էլ ժպտերես ու գեղեցիկ Բեատրիչեն էր: Նա հաղթահարեց հիվանդությունը, բայց զրկվեց ոտքերից ու ձեռքերից, չնայած դրան՝ չհանձնվեց, շարունակեց մարզվել ու հասավ բարձունքների:

Վիոյի համար հատուկ ճկասուսեր-պրոթեզ պատրաստվեց, ու նա Եվրոպայում առաջին մարզուհին էր, որն այդպես էր մրցումներին մասնակցում՝ սայլակին նստած:

«Սայլակով հանդես գալն ավելի մեծ մարտահրավեր է, նահանջելու հնարավորություն էլ չունես, պետք է միայն գրոհել»,- խոստովանել է մարզուհին:

Նա չափազանց երիտասարդ էր, որ 2012-ին Լոնդոնի խաղերին մասնակցի, նա միայն որպես ջահակիր հանդես եկավ, իսկ աստեղային ժամը վրա հասավ Ռիոյում:

Եզրափակչում Վիոն մրցեց Ջինգջինգ Ջոյի (Չինաստան) հետ ու հաղթեց 15:7 հաշվով՝ հաղթական նկարում արտահայտելով իր բոլոր ապրումներն ու հույզերը:

«Եզրափակչում շատ կենտրոնացած էի, հասկանում էի, որ պահն է կամ լավագույնը դառնալ, կամ էլ 2-րդը լինել: Շատ էի ուզում հաղթել ու արեցի դա, ֆանտաստիկ էր, պարզապես բարձր գոռացի: Անչափ շնորհակալ էի իմ հիանալի թիմից, որովհետեւ մենք միասին հասանք այդ արդյունքին: Կիսով չափ մարդ եմ, կիսով չափ ռոբոտ, եթե ես կարողացա ոսկի նվաճել, ամեն մեկն էլ ունակ է իր երազանքը կյանքի կոչելու»,- խոստովանել է Բեբեն:



Եվրոպայի 5-ակի ու Աշխարհի 3-ակի չեմպիոնուհին հաճախակի հայտնվում է ամսագրերի շապիկներին, ապրում է ակտիվ կյանքով, իր օրինակով ոգեշնչում մարդկանց ու լավատեսություն սփռում: Նա իր շուրջն է հավաքել մի խումբ մարդկանց, որոնք հիմնել են Art4sport բարեգործական կազմակերպությունն ու օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին