Ֆուտբոլի Արքա Պելեի հրաժեշտի խաղին ներկա են եղել ամենահայտնի մարդիկ: Հազարավոր երկրպագուներ ականատես են եղել գեղեցիկ ֆուտբոլային ներկայացման, իսկ ԱՄՆ-ի մի շարք հեռուստաընկերություններ ուղիղ եթերով հեռարձակել են այն:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում այս անգամ պատմում ենք մի պատմական նկարի մասին, որն արվել է այդ օրը:
Պելեի հրաժեշտի խաղը կայացել է 1977 թվականի հոկտեմբերի 1-ին: Նյու Ջերսիի «Giants Stadium»-ում այդ օրը մրցել են նրա երկու թիմերը՝ «Նյու Յորք Կոսմոսն» ու «Սանթոսը»: Պելեն առաջին խաղակեսն անցկացրել է ամերիկյան, երկրորդը՝ բրազիլական թիմի կազմում: Առաջին կեսում նա գրավել է «Սանթոսի» դարպասը՝ դառնալով պրոֆեսիոնալ կարիերայում իր վերջին գոլի հեղինակը:
77 հազար հանդիսականների մեջ են եղել Պելեի ընտանիքը, ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերը, Բոբի Մուրը, Միք Ջագերը, Էլթոն Ջոնը, Ռոբերտ Ռեդֆորդը եւ, իհարկե, բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին:
Այդ պահին Պելեն ու Ալին ամենաճանաչված մարզիկներն էին: Ներկաները նշել են, որ երկրպագուները ձեռքով էին անում Ալիին, համբույրներ ուղարկում: Ալին, սակայն, երեխայի պես նայում էր դեպի Պելեն:
Հանդիպումից հետո Պելեն դաշտում հանդիպել է Ալիին, որի ժամանակ է արվել է այս պատմական սեւ ու սպիտակ լուսանկարը:
Տարիներ անց Պելեն խոստովանել է. «Ալին իմ ընկերն էր, իդեալը, հերոսը: Մենք շատ անմոռանալի օրեր ենք անցկացրել միասին ու միշտ լավ հարաբերություններ ունեցել: Նա շատ ուրախ ու կատակասեր մարդ էր: Միշտ հոգուս հետ խաղում էր, թե ինձնից ավելի հայտնի է: UNICEF-ի հետ համատեղ մենք աշխատում էինք երեխաների հետ: Մի անգամ Ալին ինձ ասաց, որ ֆուտբոլը բռնցքամարտից գեղեցիկ է, ապա ավելացրեց. «սակայն ես էլ քեզնից եմ գեղեցիկ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: