10 տարի առաջ հոկտեմբերին Դավիթ Նալբանդյանը հաղթել է Մադրիդի Մասթերսում: Այդ մրցաշարը հայազգի թենիսիստի համար ամենատպավորիչներից ու գեղեցիկներից մեկն է եղել:
Նա փայլուն հաղթանակներ է տարել Աշխարհի 3 լավագույն թենիսիստների նկատմամբ՝ 1/4 եզրափակչում Ռաֆայել Նադալի, կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչի, եզրափակչում էլ Ռոջեր Ֆեդերերի:
Նա դարձել է ընդամենը 3-րդ թենիսիստը, ում հաջողվել է 1994 թվականից հետո մեկ մրցաշարի ընթացքում հաղթել համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին 3 համարներին:
Mediamax Sport-ն իր «Մեկ կադրում» շարքում ներկայացնում է 2007 թվականի Դավիթ Նալբանդյանի նվաճումը:
Մրցաշարն անցկացվել է Մադրիդում հոկտեմբերի 15-21-ը: Նալբանդյանն իր կարերայի լավագույն մրցաշրջանն ունեցավ, մինչ այդ նա երբեք չէր հաղթել Մասթերս մրցաշարերում:
Թեեւ մրցաշարի ֆավորիտ չէր համարվում, սակայն կարողացավ իրար հետեւից պայքարից հանել ուժեղագույն թենիսիստներին:
Եզրափակչում նա մրցեց Ֆեդերերի հետ ու իսկական սենսացիայի հեղինակ դարձավ: Առաջին սեթում առավելությունը շվեյցարացունն էր, նա ընդամենը 20 րոպեում հաղթեց 1:6 հաշվով ու գնաց ընդմիջման բարձր տրամադրությամբ:
Այդ ընթացքում Նալբանդյանն ինչ-որ բան էր շշնջում քթի տակ, գուցե դա աղոթք էր կամ ոգեւորող ճառ, սակայն երբ կորտ դուրս եկավ, բոլորովին այլ տեսք ուներ:

Լուսանկարը` Facebook
Արդեն սխալվելու հերթը Ֆեդերերինն էր: Արգենտինացին առավելություն ստացավ, առաջ անցավ 6:3, 6:3 հաշվով ու նվաճեց այդքան սպասված մրցանակը: Դա նրա կարիերայում 6-րդ տիտղոսն էր:
«Կարծում եմ՝ ամբողջ աշխարհին եմ զարմացրել առաջին ռակետի նկատմամբ տարած հաղթանակով: Դա անհավանական էր, քանի որ Ֆեդերերը համարյա անպարտելի էր: Հենց այդ ժամանակ եմ իմ լավագույն խաղը ցույց տվել»,- խոստովանել է Նալբանդյանը:
Նա ոչ միայն երկրպագուների սիրելին էր, որին միշտ անհամբերությամբ էին սպասում կորտում: Դավիթին հարգում էին նաեւ մրցակիցները, ահա թե ինչ է նրա մասին ասել Նադալը.
«Նալբանդյանը տաղանդավոր է ու թեթեւությամբ է խաղում: Նրա կատարմամբ ամենաբարդ հնարքներն անգամ հեշտ են թվում: Ինձ համար զարմանալի է, թե ինչպես Դավիթի պես թենիսիստը չի կարողացել Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: