Նոյեմբեր 02, 2024
exclusive
28742 դիտում

Մեկ կադրում. Թռչող Ջորդանի ֆանտաստիկ դանքը


Լուսանկարը` si.com

Լուսանկարը` si.com

Լուսանկարը` si.com


Անզուգական անցումներ, ֆանտաստիկ ցատկեր ու աներեւակայելի 3 միավորանոց նետումներ: Այսպես են շարունակում երկրպագուները հիշել անգերազանցելի Մայքլ Ջորդանին, որը կարիերան ավարտելուց հետո էլ չի կորցում իր բասկետբոլային հմայքն ու տեղը երկրպագուների սրտերում:

Նա ասես թեւեր ուներ ու ճախրում էր հրապարակում՝ գնդակն ուղարկելով զամբյուղի մեջ: Խաղացողը բարձր ցատկերի մեծ վարպետ էր, որոնցից մեկի մասին էլ պատմելու ենք Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

90-ականներին Ջորդանին ԱՄՆ-ում Աստծո պես էին վերաբերվում, երեխաներին կոչում էին նրա պատվին, որպես օրինակ բերում, անբասիր վարքը մատնանշում: Խաղահրապարակում էլ անհավանական ցատկեր կատարելու համար տարբեր մականուններ էին տվել՝ Օդային կամ Թռչող Ջորդան, Նրա Օդային Մեծությունը եւ այլն:

Բասկետբոլիստն իր լավագույն ցատկերից մեկը կատարել է 1988-ին Չիկագոյում սլեմ դանքերի մրցույթի ժամանակ:

«Սլեմ դանքեր նկարելու բարդությունն այն է, որ երբեք չգիտես, թե բասկետբոլիստներն այն ինչպես կիրացնեն, մանավանդ՝ Ջորդանը: Մի անգամ նրան հարցրի. «Կարո՞ղ ես ասել, թե որ կողմ ես պատրաստվում ցատկել, որպեսզի դեմքդ նկարեմ»: Նա ինձ նայեց խենթ հայացքով ու պատասխանեց. «Իհարկե, մինչ սկսելը, ցուցամատս կդնեմ ծնկիս վրա ու ցույց կտամ, որ ուղղությամբ եմ շարժվելու»: Ու երբ 1988-ին Ջորդանի անունը հայտարարեցին, անմիջապես նայեցի նրա մատին, այն ձախ կողմն էր ուղղված»,- պատմել է Ուոլթեր Իոս Կրտսերը (Sports Illustrated), ով աշխարհի լավագույն 100 սպորտային լուսանկարիչների թվում է:

Դանքերի այդ մրցույթում հաղթողն, իհարկե Ջորդան է եղել: Երիտասարդ խաղացողը կարողացել է առավելության հասնել իր կարիերայի գագաթնակետում գտնվող Դոմինիկ Ուիլկինսի նկատմամբ, որն աշխարհում դանքերի լավագույն իրացնողն էր:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին