Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ու Պրահայի «Սպարտա»-ի նույն տարիքայինների թիմի կիսապաշտպան Ավետ Կասպարովը վճռական քայլերով հաստատվում է եվրոպական ֆուտբոլում: 15 տարեկանում Չեխիա տեղափոխված ֆուտբոլիստը Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի համար պատմել է իր անցած ճանապարհի, եվրոպական ակումբում հայտնվելու, իր երազանքների եւ նախասիրությունների մասին:
Մարզաձեւը՝ ֆուտբոլ
Տարիքը՝ 16
Բնակվում է՝ Պրահայում
Կրթությունը՝ առցանց սովորում է 11-րդ դասարանում
Մարզիչները՝ հավաքականում Ռազմիկ Գրիգորյան, ակումբում՝ Ադամ Նովոտնի
Նպատակները՝ խաղալ եվրոպական ուժեղ թիմերում եւ Հայաստանի ազգային հավաքականում
Կարգախոսը՝ երբեք չհանձնվել
Կուռքերը՝ Մեսսի, Խավի եւ Մխիթարյան

Լուսանկարը` Անձնական արխիվից
Առաջին քայլերը. Ֆուտբոլը փոքր տարիքից եմ սիրել, ոչ մեկն ինձ չի ստիպել մարզվել: 6 տարեկանից հաճախել եմ «Բանանց»-ի ակադեմիա ու ամեն մարզումից հետո ֆուտբոլիստ դառնալու ցանկությունս ավելի է մեծացել: Այնտեղ 9 տարի եմ անցկացրել, հետագայում ակումբն անվանափոխվեց «Ուրարտու»-ի, որտեղից էլ տեղափոխվեցի Չեխիա:
Պատանի տարիքային խմբում խաղալն ու փորձ ձեռք բերելը շատ կարեւոր են: Հիմա ֆուտբոլում փորձը մեծ նշանակություն ունի եւ պրակտիկայի պակասը զգացվում է: Տարբեր երկրներում մրցաշարերում հանդես գալու շնորհիվ նաեւ ընկերներ ու նոր գիտելիքներ ես ձեռք բերում եւ կայանում:
«Ուրարտու»-ում մարզվելու առավելությունն այն էր, որ ակադեմիան բազմաթիվ խաղադաշտեր ուներ, ինչի պակասն օրինակ «Փյունիկ»-ում զգացվում էր: Բայց ընդհանուր առմամբ ակադեմիայում բացասականն ավելի շատ էր, քան դրականը: Քանի որ հիմա Չեխիայում եմ մարզվում, համեմատելու շատ բան ունեմ: Նկատել եմ, որ հայկական ֆուտբոլի հիմնական թերությունները մարզիչների պատրաստվածության ու մարզումների որակի հետ են կապված:

Լուսանկարը` FC Noah
Հայրիկի գործոնը. Հենց սկզբից էլ չեմ դիտարկել հայրիկիս՝ Գեւորգ Կասպարովի պես դարպասապահի դիրքում խաղալը, ինձ միշտ ավելի շատ դուր է եկել գնդակով գործելը: Սիրել եմ մասնակցել խաղի կառուցմանն ու գրոհներին:
Բայց, բնականաբար, ֆուտբոլն ընտրելու առումով հայրիկիս գործոնը մեծ է եղել, հետագայում էլ նա տվել դժվարին պահերին ինձ կարեւոր խորհուրդներ ու ճիշտ ուղղություն է ցույց տվել: Եթե դրանց չհետեւի, ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել:
Հիշում եմ՝ մի անգամ վատ էի խաղացել ու շատ հուսահատվել։ Նա շեշտեց, որ մեկ խաղը դեռ ոչինչ չի որոշում, պետք չէ դրա ազդեցության տակ մնալ, այլապես չես կարող ֆուտբոլիստ դառնալ: Այդ պահը շատ է տպավորվել ու հետագայում էլ նման իրավիճակներում հիշել եմ:
Առհասարակ պարտությունները շատ դժվար եմ տանում ու չեմ սիրում զիջել, դրանցից հետո անգամ մտերիմներիս հետ կարող եմ նորմալ չխոսել կամ նախընտրեմ առանձնանալ: Բոլոր պատանիների մոտ էլ նման շրջաններ են լինում, իմ կարծիքով՝ դրանք էլ են պետք ու կարեւոր փորձ են տալիս:
Տաղանդն ու աշխատասիրությունը. Չեմ համարում, որ փոքր տարիքից շատ տաղանդավոր եմ եղել, բայց որոշակի ձիրք եմ ունեցել ու շատ մարզվել: Անհրաժեշտ որակներս փորձել եմ զարգացնել ու լավացնել աշխատասիրությանս շնորհիվ: Առհասարակ, եթե ուզում ես արդյունքների հասնել, աշխատասիրությունն առանց տաղանդի, եւ հակառակը լինել չի կարող:

Լուսանկարը` Sparťanská mládež
Սովորաբար մարզումներին մոտ 40 րոպե շուտ եմ հասնում եւ մինչեւ մյուսները կգան, նախավարժանք անում: Պարապմունքից հետո էլ մնում եմ ու աշխատում թույլ կողմերիս վրա: Զգացել եմ, որ լրացուցիչ աշխատանքն ինձ վրա լավ է ազդում, սխալներս եմ ուղղում, որ հետագայում ավելի լավ պատրաստված լինեմ խաղին ու մարզմանը:
Տեղափոխությունը. Պետք է ասել, որ «Սպարտա» տեղափոխությունն այդքան էլ հեշտ չի եղել, քանի որ եվրոպական երկրի քաղաքացիություն չունեմ, թղթաբանական խնդիրներ էին առաջացել:
Պրահայում ծանոթ ունեինք, որին ուղարկել էինք «Ուրարտու»-ի կազմում իմ խաղի դրվագներով տեսանյութ, նա էլ փոխանցել էր «Սպարտա»-ի ակադեմիայի ներկայացուցիչներին: Հավանեցին իմ խաղն ու ցանկացան, որ փորձաշրջան անցնեմ։ Նախ այն տեւեց մեկ շաբաթ, ինչից մի քանի ամիս անց նաեւ 2-րդն ունեցա: Այդ ժամանակ արդեն 2 ամիս մնացի:
Փորձաշրջանի ընթացքում հիմնական դժվարությունն այն էր, որ չեխերեն չգիտեի ու թիմակիցներիս հետ անգլերեն էի շփվում: Իրենց մշակույթին ծանոթ չէի ու շատ առումներով էի տարբերություններ նկատում: Իսկ խաղադաշտում հաղորդակցվելը շատ կարեւոր է, այլապես թիմակիցներիդ չես հասկանա: Մի քիչ էլ հոգեբանական ճնշում էի զգում, բայց ընդհանուր առմամբ հանգիստ էի ու վստահ իմ որոշումներում:

Լուսանկարը` Sparťanská mládež
Փորձաշրջանների արդյունքում որակներս հավանեցին ու ցանկացան, որ տեղափոխվեմ Պրահա: Սակայն դեռ չէի շտապում ուրախանալ, քանի որ պետք է սպասեի, մինչեւ տեղափոխության հետ կապված բոլոր հարցերը լուծվեին: Այդպես էլ 15 տարեկանում հայտնվեցի «Սպարտա»-ում, ուրախությունս ու ապրումներս անբացատրելի էին, որ նման առաջընթաց գրանցեցի կարիերայում: Ինձ հետ Չեխիա տեղափոխվեց նաեւ մայրիկս, հիմա նրա ու քույրիկիս հետ ենք բնակվում Պրահայում: Էլ չեմ ուզում առցանց սովորել եւ սեպտեմբերից ուսումս այստեղ կշարունակեմ:
Աճը. Զգում եմ, որ տակտիկապես, ֆիզիկապես եւ արագության առումով շատ եմ ավելացրել: 1 տարվա հետ համեմատած՝ ձեռքբերումները եւ տարբերությունը մեծ են: Նաեւ փոխվել եմ ֆուտբոլային մտածելակերպի առումով, խաղի նկատմամբ սովն ավելի է մեծացել ու ավելացել է մոտիվացիաս: Զգում եմ, որ ֆուտբոլն այլ կերպ եմ սկսել ընկալել, մանավանդ տակտիկական առումով եմ մեծ ուշադրություն դարձնում, քանի որ ժամանակակից ֆուտբոլում առանց դրա շատ դժվար կլինի խաղալ:
Հայաստանում շատ կողմերով ենք թերանում, առաջին հերթին մարզումային պրոցեսն է տարբերվում: Հայաստանում ու Չեխիայում պարապմունքների ինտեսիվությունը, անհրաժեշտ պայմանները, ագրեսիվությունն ու ֆուտբոլի նկատմամբ քաղցը շատ տարբեր են: Հայկական մտածելակերպը մեզ խանգարում է, շուտ ենք բավարարվում եւ հաղթանակների ծարավ չենք, բացի այդ էլ մրցակցությունն է թույլ:

Լուսանկարը` ՀՖՖ
Չեխիայում մանկապատանեկան հավաքականների համար 1000 հոգուց 40-ին են ընտրում, իսկ մեզ մոտ՝ առավելագույնը 100-ից: Այստեղ մարզվողների պակաս չկա, ինչը հեշտացնում է ընտրությունը, իսկ Հայաստանում մրցակցություն համարյա չկա, ոչ ոք չի վախենում, որ տեղը կկորցի: Իսկ առանց լավ իմաստով ճնշման աճ հնարավոր չէ ունենալ:
Նոր երկիրը. Չեխիայում հարմարվելը շատ դժվար չէր, բայց միանգամից ամեն ինչ հեշտ էլ չստացվեց: Նախ լեզվի առումով էր բարդությունը, բայց արդեն բոլոր ֆուտբոլային տերմինները սովորել եմ: Քրոջս ու եղբորս հետ ենք չեխերեն խոսում եւ ինքնուրույն սովորում լեզուն: Նաեւ տեսանյութեր եմ նայում եւ ֆիլմեր դիտում, ինչն ինձ շատ է օգնում:
Պրահան բազմաթիվ տեսարժան վայրերով շատ սիրուն քաղաք է: Արդեն հասցրել եմ տեսնել Կառլի կամուրջը, առհասարակ քաղաքում աննկարագրելի վայրեր կան, որոնք կյանքում գոնե մեկ անգամ արժե այցելել:
Տեղացիները հիմնականում մսային ուտեստներ են սիրում եւ գերմանացիների հետ մեկտեղ աշխարհի ամենաշատ գարեջուր խմող ազգերից են: Այստեղ ուտելիքի, բնության ու մնացած առումներով ամեն ինչ հավանում եմ, բայց Հայաստանն էլ շատ եմ կարոտում: Այն մարդկանցից եմ, որոնք իրենց տան պակասը շատ են զգում, բայց ամեն մեկն իր նպատակներին հասնելու համար որոշակի զոհողությունների է գնում:

Լուսանկարը` Sparťanská mládež
Հավաքականը. Մի քանի շաբաթ առաջ եմ եղել Հայաստանում, որտեղ մինչեւ 17 տարեկանների ընտրանու կազմում հավաքի եմ մասնակցել: Թիմում մթնոլորտը շատ լավն էր, իրար հետ էլ շփումը հեշտ էր տեղի ունենում: Մեր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը մեծ ֆուտբոլ է խաղացել եւ նրանից շատ բաներ կարող ենք սովորել:
ԵՎՐՈ-ում անհաջող ելույթներից եւ պարտություններից հետո տղաները մի քիչ ճնշված էին ու տրամադրություն չունեին, բայց աստիճանաբար փոխվեցին: Կարեւոր է, որ միասնական լինենք ու հաջող մոտենանք կարեւոր մրցաշարերին: Հավատում եմ, որ մեր սերունդը կարող է հաջողությունների հասնել ու շատ բաներ փոխել ֆուտբոլում:
Զգացել եմ, որ հավաքականում խաղալն ինձ համար շատ ուրիշ է, նախ ներկայացնում եմ ազգս ու երկիրս, ինչի պատճառով նաեւ մեծ ճնշում եւ պատասխանատվություն եմ զգում: Բայց մյուս կողմից էլ հավաքականում ավելի մեծ մոտիվացիայով եմ գործում, որովհետեւ ուզում եմ հայրենակիցներիս ուրախացնել:
Հաղթանակների շնորհիվ մարզիկները նաեւ իրենց երկիրն են ավելի ճանաչելի դարձնում: Այդ առումով ինձ համար ամենավառ օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, թիմակիցներս էլ գիտեն, որ նա հայ է ու ես իր հայրենակիցն եմ: Քո շնորհիվ երկիրդ ճանաչելի դարձնելը շատ մեծ առավելություն է:

Լուսանկարը` ՀՖՖ
Մխիթարյանը. Հենրիխ Մխիթարյանն ու հայրիկս միասին խաղացել են հավաքականում եւ ընկերներ են: Երբ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում «Ինտեր»-ը հյուրընկալվելիս խաղում էր «Սպարտա»-ի հետ, արդեն հայրիկի հետ պայմանավորվել էին, որ հանդիպենք: Ես այդ հանդիպման ժամանակ գնդակ մատակարարողների թվում էի ու մեկ անգամ էլ Մխիթարյանին տվեցի այն: Խաղի ընթացում անընդհատ «Մխիթարյան» էի գոռում, շատ լավ հանդիպում ստացվեց՝ նա իրեն հիանալի դրսեւորեց, իսկ ես անմոռանալի տպավորություններ ստացա: Ստադիոնում մթնոլորտն աննկարագրելի էր:
Ասես իրական չլիներ, որ քիչ առաջ Մխիթարյանին խաղադաշտում նման մթնոլորտում էի տեսնում, իսկ րոպեներ անց արդեն զրուցում հետը: Նա մոտեցավ ու խոսեց հետս, գիտեր, որ ծնկի վնասվածք ունեմ եւ դրանից էլ հարցրեց: Շատ ուրախացա, որ չի մոռացել այդ մասին:
Իրական կյանքում Հենրիխը շատ համեստ ու խելացի մարդ է: Ավելի վաղ էլ ինձ բազմաթիվ խորհուրդներ է տվել, որոնցից հատկապես տպավորվել է այս մեկը. «Պետք է օվկիանոսում ոչ թե ձուկ լինել, այլ շնաձուկ»: Դա ինձ համար դաս եղավ, որ միշտ ագրեսիվ գործեմ ու ամեն ինչ անեմ նպատակիս հասնելու համար:

Լուսանկարը` Անձնական արխիվից
Յուրահատուկ խաղը. Դեռ իմ ֆուտբոլային ճանապարհի սկզբում եմ, բայց հասցրել եմ մի քանի անմոռանալի հանդիպում ունենալ: Հատկապես կառանձնացնեմ Մ-15 տ. հավաքականում Վրաստանի դեմ խաղը, այն շատ հատուկ էր ինձ համար եւ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Դա հավաքականում իմ տոնած առաջին հաղթանակն էր եւ աննկարագրելի հույզեր ունեի:
Գիտեմ, որ հետագայում դեռ շատ պիտի աշխատեմ ու բոլոր որակներս ավելացնեմ: Իմ ուժեղ կողմերից կառանձնացնեմ ստեղծագործ խաղը, իսկ թույլերի թվում, ինչպես բոլոր հայերի, այնպես էլ ինձ մոտ ֆիզիկական կողմը կնշեմ:
Թեեւ գոլ խփել սիրում եմ, բայց ինձ հատկապես դուր է գալիս Խավիի եւ Մեսսիի պես մասնակցել խաղի կառուցմանը: Ֆուտբոլն ինձ ամեն ինչով է գերում՝ հատկապես թիմային խաղով, որ միասին կարող ենք խաղալ ու հաղթել: Անգամ պարտություններն իրենց դրական կողմերն ունեն եւ օգնում են ուժեղանալ, իսկ հաղթանակների շնորհիվ եղածով չես բավարարվում եւ ձգտում ես ավելիին:
Շատ մեծ նպատակներ ունեմ, ուզում եմ նախ «Սպարտա»-ի հիմնական կազմում ընդգրկվել, ապա նաեւ եվրոպական ուժեղ թիմերում խաղալ ու ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը:

Լուսանկարը` Անձնական արխիվից
Նախասիրությունները. Խոհարարական հմտություններ ունեմ եւ սիրում եմ տարբեր կերակրատեսակներ պատրաստել: Եթե մի բան հետաքրքրում է, անպայման փորձում եմ, ինքնուրույն եմ սկսել պատրաստել: Հատկապես խմորեղեն եմ սիրում սարքել, վերջերս մայրիկիս օգնել եմ «Պրահա» տորթ թխել: Եթե մենակ եմ, կերակուրներ էլ եմ պատրաստում, նաեւ քույրիկս է ինձ օգնում:
Փոքր տարիքում սիրել եմ պլաստիլինով աշխատել, ինչին նման է չթրծված կավը, դրա համար էլ դուրս գալիս է հետն աշխատել: Մի անգամ կավով ԵՎՐՈ-ի գավաթն եմ ստացել, այն մինչեւ հիմա էլ տանը պահում ենք:
Փոքր տարիքից նաեւ նկարում եմ, տեսանյութերով եմ սովորել: Իմ կարծիքով՝ մոտս վատ չի ստացվում եւ սիրողական մակարդակով որպես հոբբի հետագայում էլ կշարունակեմ զբաղվել:
Նաեւ ինքնուրույն շախմատ խաղալ եմ սովորել: Այն շատ հետաքրքիր սպորտաձեւ է եւ որոշակի նմանություն ունի ֆուտբոլի հետ՝ երկուսն էլ խելքի խաղ են: Էլի տեսանյութերով եմ ուսումնասիրել ու հմտացել:
Ավետ Կասպարովի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: