Փետրվար 12, 2025
exclusive
337 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Հրաչիկ Բաբայանը՝ 10 տարի անց


Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում 10 տարի առաջ ներկայացրել ենք 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանին: Հրաձիգի հետ նորից ենք զրուցել ու պարզել, թե այս տարիների ընթացքում ինչպես է փոխվել ու ինչ ձեռքբերումներ ունեցել կյանքում եւ կարիերայում:

Մեծ սպորտի ապագա աստղերը. Հրաչիկ Բաբայան


Հրաձգությունը. Թեեւ այս 10 տարվա ընթացքում իմ կյանքում շատ բան է փոխվել, բայց սպորտը շարունակում է իր կարեւոր տեղը զբաղեցնել: Այն ժամանակ ավելի երիտասարդ էի, հեշտ էր պայքարել եւ արդյունքներս ավելի բարձր էին, դրա համար էլ հաջողվել է շատ մեդալներ նվաճել: Հետո անցում կատարեցի մեծահասակների պայքար ու ամեն ինչ բարդացավ՝ նախ ես այլեւս երիտասարդ չէի, բացի այդ էլ առօրյա հոգսերն ու ընտանիքը գումարվեցին: Եթե նախկինում կարող էի ինձ թույլ տալ ողջ ուշադրությունս միայն սպորտի վրա կենտրոնացնել, հիմա այլեւս այդպես չէ: Ինձ 100 տոկոսով հրաձգությանը չեմ նվիրում, բայց, բնականաբար, այն իմ կյանքի ինչ-որ անփոխարինելի մասն է կազմում, որը փորձում եմ անձեռնմխելի պահել: Հիմա նույնպես օրս սկսվում է հրաձգության մարզումներով, որն ավարտելուց հետո կենտրոնանում եմ մնացած գործերիս վրա ու ընտանիքիս հետ ժամանակ անցկացնում:

Սպորտի հետին պլան մղումը. Առաջինն ինձ ֆինանսական կողմը ստիպեց աշխատել: Հայաստանում դժվար է միայն սպորտի միջոցով ապահովված լինել ու չմտածել գումար վաստակելու մասին: Ու երբ սկսեցի աշխատել, որքան էլ չէի ցանկանում սպորտի վրա կենտրոնացվածությունը թուլացնել, չստացվեց: Արդեն մեծահասակների տարիքային խմբում էի հանդես գալիս ու պարտավոր էի նաեւ ընտանիքիս մասին մտածել: Աշխատելու սկզբնական շրջանում նույնիսկ դրական միտում նկատվեց ու արդյունքներս բարելավեցի: Մինչ այդ մոտ 1-2 տարի սպորտը դիտարկում էի որպես եկամտի աղբյուր, ինչը սխալ եմ համարում, քանի որ այն պետք է սիրած զբաղմունք կամ էլ կյանքի նպատակ լինի: Հասկացել էի, որ այդ մտածելակերպով ոչնչի չեմ կարող հասնել եւ աշխատանք գտա, որը ե՛ւ ֆինանսապես կապահովի, ե՛ւ թույլ կտա ժամանակ հատկացնել սպորտին: Դրա շնորհիվ եմ շարունակում մնալ հրաձգությունում ու գնում մարզական նպատակներիս հետեւից:

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիա


Համատեղելը. Վեբ ծրագրավորում եմ անում ու աշխատում որպես ֆրիլանսեր, հաճախորդներ ունեմ ԱՄՆ-ից ու Եվրոպայից: Աշխատանքային գրաֆիկս ես եմ սահմանում ու լիովին հարմարեցնում մարզումներիս: Այլ մասնագիտությամբ զբաղվելու դեպքում շատ հաճախ չես կարող արձակուրդ վերցնել, բայց իմ բախտը բերել է, որ կարող եմ ինձ նման բան թույլ տալ, կամ էլ աշխատել հավաքների ու մրցումների ընթացքում: Բնականաբար, ամբողջ օրը չես տրամադրում սպորտին, կարեւոր մրցումների ժամանակ 1-2 օր հանգիստ եմ վերցնում ու հետո նորից վերադառնում աշխատանքին: Իմ կարծիքով՝ այդ առումով ՏՏ ոլորտն ամենահարմարն է ու կարելի է համատեղել սպորտի կամ այլ զբաղմունքի հետ:

Ծրագրավորումը. Տեխնոլոգիաները շատ եմ սիրում, միշտ են հետաքրքրել ինձ,  ուսումնասիրել եմ, ծանոթացել նորությունների ու փորձել հետ չմնալ: Քանի որ անգլերեն լավ գիտեի, մասնագիտություն ընտրելու հարցում 2 տարբերակ ունեի՝ զբաղվել վերջերս լայն տարածում գտած բեռնափոխադրումներով, կամ էլ ՏՏ-ում հմտանալ: Համարեցի, որ ծրագրավորումն ավելի հեռանկարային ու ապագայի համար լավ մասնագիտություն է: Հմտությունները սովորեցի ընկերոջս գրասենյակում, որտեղ էլ աշխատանքի անցա, իսկ 2 տարի անց հասկացա, որ պատրաստ եմ ինքնուրույն գործունեություն ծավալել: Հիմա արդեն սեփական հաճախորդներն ունեմ ու 3 տարի է առանձին եմ աշխատում: Նախընտրում եմ աշխատանքի մշտական վայր ունենալ, մեկ տարի տանից ու սրճարանից փորձելուց հետո հասկացել եմ, որ այդպես արդյունավետ չէ: Հիմա մի քանի ընկերներով գրասենյակային տարածք ենք վարձում ու աշխատում այնտեղ:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Խիտ ժամանակացույցը. Բացի այն, որ 2-3 ժամ հրաձգարանում ենք անցկացնում, պետք է եւս 1-2 ժամ էլ տրամադրենք մարզասրահին կամ լողավազանին: Դրա համար էլ գրաֆիկս բավական խիտ է, ամեն ինչ նախապես եմ պլանավորում ու գրանցում ՝  հրաձգարան, մարզասրահ, լողավազան, նաեւ ժամանակ գտնում ընտանիքիս համար: Կարծում եմ՝ բոլոր մարզաձեւերն էլ կարելի է համատեղել աշխատանքի հետ, եթե ըմբշամարտում կամ բռնցքամարտում նույնիսկ 6 ժամ տրամադրեն պարապմունքներին, միեւնույն է ազատ ժամանակ էլ կմնա: ՏՏ-ում կարող ես օրական 4 ժամ էլ գործով զբաղվել, վաստակածդ գումարը կախված է կատարած աշխատանքից:

Մյուս երկրների փորձը. Իհարկե, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարող ես անել, բայց միանշանակ է, որ սպորտը եւ աշխատանքը համատեղելու դեպքում որեւէ մեկը տուժում է: Միշտ մտածում ենք, թե նման խնդիր միայն Հայաստանում կա, բայց վերջերս շատ եմ շփվել տարբեր երկրների հրաձիգների հետ ու հասկացել, որ իրենք էլ են բախվում նույն խնդրին: Նրանք էլ են աշխատում, գուցե, որոշ երկրներում մարզիկները լավ են վարձատրվում եւ նախընտրում են դրանով զբաղվել, բայց ոմանք էլ ինձ պես ՏՏ-ում են իրենց դրսեւորում:

Մոտիվացիան. Մինչեւ 2017 թ. մոտիվացիաս ավելի լավն էր ու միայն մարզումների մասին էի մտածում: Բայց ստեղծված իրավիճակում շատ դրական կողմեր եմ գտնում ու աշխատանքիս առավելությունները տեսնում, հենց դրա շնորհիվ եմ կարողանում մինչեւ հիմա սպորտով զբաղվել: Մեր երկրում միայն սպորտի միջոցով դժվար է ֆինանսապես ապահովված լինել, գոնե իմ դեպքում այդպես է եղել, գուցե, ոմանց մոտ ստացվում է: Դրա համար էլ ընտրություն չունեմ եւ պետք է փորձեմ համատեղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտը չթողնելու պատճառը. Նախ հրաձգությունից չեմ հեռանում, քանի որ դեռ կիսատ գործեր ունեմ՝ մեծահասակների պայքարում Եվրոպայի կամ Աշխարհի մեդալ չունեմ, բացի այդ էլ ուզում եմ երկրորդ Օլիմպիական խաղերիս մասնակցել եւ ավելի լավ արդյունք գրանցել: Արդեն 28 տարեկան եմ ու գիտակից կյանքիս մեծ մասը՝ 15 տարի, հրաձգությամբ եմ զբաղվել, որից հենց այնպես հեռանալ չեմ կարող:

Անկեղծ լինեմ, նախորդ տարի ամռանը հրաձգությունն անժամկետ թողել եմ, քանի որ որոշակի դժվարություններ կային, միջազգային արդյունքներից բավական հետ էի մնացել ու չէի հասցնում սպորտին բավականաչափ ժամանակ տրամադրել: Բայց մոտ 5 ամիս անցնելուց հետո հասկացա, որ հեռանալ չեմ կարող: Սպորտ վերադառնալուց հետո մոտեցումս մարզումներին շատ եմ փոխել, նույնիսկ միջազգային վերապատրաստման կուրսերի ու դասընթացների եմ մասնակցել: Նոր մոտեցմամբ ու մոտիվացիայով փորձում եմ դուրս գալ խճճված անտառից ու ինձ նորից գտնել սպորտում:

Օլիմպիական խաղերը. Ինձ թվում է հենց 2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու շնորհիվ եմ նորից վերադարձել հրաձգություն եւ ցանկանում եմ եւս մեկին էլ մասնակցել: Խաղերում այնպիսի լավ օրեր եւ ապրումներ ես ունենում, որոնք եւ շատ բարդ են, եւ աննկարագրելի հաճելի ու մոտիվացնող: Այդ ձեւաչափով անցկացվող մրցաշարերից հանդես եմ եկել նաեւ Նանջինգի պատանեկան Օլիմպիական ու Բաքվի Եվրոպական խաղերում, բայց Օլիմպիադան իսկապես սպորտի գագաթնակետն է: Թեեւ Ռիոյում բավարարվեցի միայն մասնակցությամբ, բայց մեր մարզաձեւը հնարավորություն է տալիս նույնիսկ 8 Օլիմպիական խաղերում հանդես գալ: Շատ մարզիկների օրինակներ գիտեմ, որոնք բավական մեծ տարիքում են կարողացել հաջողություն գրանցել: Իհարկե, ցանկալի է արդյունքի հասնել քանի դեռ երիտասարդ ես, հետո ամեն ինչ բարդանում է, բայց հույսս չեմ կորցնում՝ ուզում եմ կրկնել Ռիոյում ունեցած ապրումները եւ նաեւ փորձել իրականացնել նպատակներս:   

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակները. Սպորտն այդպիսի բան է, կարոտում ես ու էլ չես կարող առանց նրա տված էմոցիաների ապրել: Այս ընթացքում որեւէ ԵԱ բաց չեմ թողել, բայց վերջին գոհացնող արդյունքս եղել է 2018-ին: Արդեն բավական երկար ժամանակ է անցել ու ինքնս իմ արդյունքներով բավարարված չեմ, թեեւ ստացվել է միջազգային մրցումներում մեդալ նվաճել կամ էլ եզրափակիչ անցնել: Բայց, բնականաբար, այդ ամենը քիչ է եւ ուզում եմ գոնե Եվրոպայի առաջնությունում մեդալակիր դառնալ:

Աշխատանքը՝ մրցումների ժամանակ. Սովորաբար չեմ ուզում աշխատել, քանի որ սիրում եմ վայելել մրցումային ողջ ընթացքը: Նման դեպքերում գնում եմ հրաձգարան, մարզվելուց հետո վերադառնում աշխատանքին, բայց հնարավորինս փորձելով ամբողջությամբ զգալով մրցումների շունչը: Շատ եմ սիրում ներկա լինել ուրիշների ելույթներին կամ էլ ավելի շատ ժամանակ անցկացնել այլ երկրների հրաձիգների հետ: Թեեւ աշխատանքը որոշ չափով սահմանափակում է այդ ամենը, բայց էլի գոհ եմ, քանի որ նույնիսկ այնտեղ կարող եմ հետ չմնալ իմ գրաֆիկից:

Ընտանիքը. Տղաս՝ Դավիթը, 1,5 տարեկան է։ Ճիշտն ասած՝ մինչեւ հիմա դեռ փորձում եմ գիտակցել, որ հայր եմ դարձել: Տղայիս ծնվելուց 2 ամիս անց հավաքների մեկնեցի ու մոտ 25 օր տնից բացակայեցի: Շատ դժվար էր, քանի որ կարոտում էի ընտանիքիս: Դրան հաջորդեց բավական հագեցած մրցումային գրաֆիկը։ Մինչեւ Դավիթի 1 տարեկան դառնալը շատ մրցաշարերի եմ մասնակցել եւ մոտ 3 ամիս բացակայել: Թեեւ բարդ էր, բայց բոլոր մարզիկներն էլ անցնում են այդ ճանապարհով, դեռ փոքր է, հետս տանել չեմ կարող, բայց նաեւ մրցումներից բացակայել չի ստացվի: Որդիս այս 10 տարիների իմ ամենամեծ ձեռքբերումներից ու կյանքիս կարեւոր փոփոխություններից է: Թեեւ ատամհատիկին գնդակ է վերցրել, բայց ֆուտբոլով զբաղվելուց զատ նրան հրաձգության էլ կտանեմ:  

Լուսանկարը` Անձնական արխիվ


Դավիթի հետ ժամանակը. Կնոջս հետ առանձին ենք ապրում ու հաճախ են լինում դեպքեր, երբ Դավիթին հարմար չէ թողնել տատիկների ու պապիկների մոտ, եւ ես եմ մնում հետը: Շատ եմ սիրում նման օրերը, քանի որ առանց այն էլ իմ հագեցած օրերի պատճառով միասին քիչ ենք լինում, այդպես բացը լրացնում եմ: Սպասում եմ մի քիչ էլ մեծանա, որ միասին այլ տեղեր էլ գնանք: Մի քանի տարի հետո իրեն կհարցնենք, թե ինչպիսի հայր եմ:

Հրաչիկ Բաբայանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին