Դեկտեմբեր 22, 2024
exclusive
6598 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Էրիկ Իսրայելյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարին երիտասարդ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան կարիերայում ամենահաջողվածն էր, նա կարողացավ 2 ոսկե մեդալ նվաճել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքը անդրադարձել է նրան ու իմացել մեծ նպատակների, աշխատասիրության ու յուրահատուկ ոճի մասին:  

Մարզաձեւը՝ բռնցքամարտ

Տարիքը՝ 18 տ.

Բնակվում է՝ Երեւանում

Կրթությունը՝
ավարտել է Երեւանի 46 հիմնական դպրոցը, մյուս տարի ընդունվելու է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Անձնական մարզիչ՝ Արմեն Հակոբյան

Նվաճումներ՝ երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ

Նպատակը՝ «Անել այնպիսի բաներ, որ Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ դեռ չի եղել՝ նվաճել Օլիմպիական ոսկի: Իսկ մինչ այդ կձգտեմ դառնալ մեծահասակների Հայաստանի չեմպիոն, ապա՝ Եվրոպայի եւ Աշխարհի: Սպորտում նպատակներս շատ մեծ են, ուզում եմ միշտ ուրախացնել մարդկանց»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կուռքը՝ Մայք Թայսոնն է: «Միշտ հետեւել եմ նրան, դիտել մենամարտերն ու մարզումները եւ շատ բան քաղել: Միակ բռնցքամարտիկն է, որի ոճն ամբողջությամբ իմ սրտով է: Ուզում եմ ես էլ սեփական ոճն ունենալ ու որեւէ մեկին չընդօրինակել»

Առաջին քայլերը. Սկզբում խառը մենամարտերով եմ զբաղվել, որոշեցի, որ դպրոցին զուգահեռ ուզում եմ իմ կյանքում նաեւ սպորտ լինի, որպեսզի ֆիզիկապես ամրանամ: Այդպես հայտնվեցի խառը մենամարտերի դահլիճում ու մարզվեցի Էդուարդ Փոռոյանի մոտ: Բայց քանի որ այն Օլիմպիական մարզաձեւ չէ ու մեծ ապագա ունենալ չէի կարող, փոխարինեցի բռնցքամարտով: 11 տարեկանում մի օր եկա «Դինամո» մարզադահլիճ, բացեցի բռնցքամարտի դահլիճի դուռն ու տեսա ընկեր Արմենին: Նրան ասացի, որ ուզում եմ բռնցքամարտիկ դառնալ: 15 օր մարզվելուց հետո մրցաշարի մասնակցեցի ու հաղթեցի, ապա պատանիների Հայաստանի չեմպիոն դարձա, հետո կոչումներս աստիճանաբար ավելացրի: Շատ սիրեցի այդ մարզաձեւն ու հարվածներ հասցնելը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոճը. Ես հարածող բռնցքամարտիկ եմ եւ մտնում եմ ռինգ նոկաուտի համար, ամեն անգամ դրան եմ պատրաստվում: Հաղթանակներիս մոտ կեսը նոկաուտով է եղել` սովորաբար մրցավարները դադարեցնում են մենամարտը: Երբեք չեմ հաշվել, թե որքան են եղել, բայց երեւի իմ անցկացրած հանդիպումների 90 % են կազմել՝ 70 հաղթանակի դեպքում 55-ը նոկաուտ կամ էլ նոքդաուն է եղել: Այդպես միանշանակ գիտես, որ քո ձեռքն է բարձրանալու, մրցավարները կողմնապահություն անել չեն կարող: Թեեւ ռիսկային է նման կերպ մենամարտելը, պետք է ամեն ինչ մտածված անես ու բացառես սխալները:

Միջազգային փորձը. Հայաստանում չեմպիոն դառնալուց հետո մեկնեցի միջազգային մրցաշարի: Այնտեղ լրիվ ուրիշ մրցակիցների հանդիպեցի, իմ որակներն ու ուժեղ կողմերն էլ նորովի տեսա: Հասկացա, որ հաղթելու համար ավելի շատ է պետք մարզվել: Ցանկացած մրցաշարի մեկնում եմ միայն ոսկե մեդալի համար, 2-3-րդ տեղերն ինձ չեն հետաքրքրում: Եթե անգամ արծաթե ու բրոնզե մեդալակիր եմ դարձել, նշանակում է՝ մրցավարներն են հաղթանակս գողացել: Նախորդ տարի ԵԱ-ի կիսաեզրափակչում այդպես արեցին, որպեսզի Եվրոպայի 5-ակի չեմպիոն բուլղարացի մարզիկը չեմպիոն դառնա, եզրափակչում էլ նրան շատ օգնեցին: Ինձ հաղթելուց հետո մոտեցավ ու խոստովանեց, որ իրենից ուժեղ եմ եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դասերը. Նման պարտությունից հետո, հասկանում եմ, որ մյուս անգամ մրցակցին պետք է չխնայեմ ու նոկաուտի ենթարկեմ: Նման անարդարությունները զայրացնում են, նաեւ ցավալի են, որ քո քրտինքի ու արյան շնորհիվ ձեռք բերածը խլում են: Դրանք կարող են մարդուն կոտրել, բայց ինձ ավելի են ուժեղացնում, մարզումներս իրենց արդյունքը տվեցին ԵԱ-ում ու ԱԱ-ում:

Մարզումները. Օրական 3-4 անգամ եմ մարզվում, երբ անգամ մրցակիցներս դեռ քնած են, ես էլի պարապում եմ: Առավոտյան, ցերեկը, երեկոյան՝ միշտ մարզվում եմ: Սովորաբար գիշերն եմ վազում, որովհետեւ սիրտս է այդպես ուզում ու պառկած տեղից ինձ դուրս բերում փողոց: Քաղաքի տարբեր հատվածներում կարող եք ինձ տեսնել, շատ հեռու եմ գնում՝ երբեմն հասնում մինչեւ Ապարան: Գիշերը վազելն ինձ շատ է պետք, նյարդերս հանգստանում են ու ավելի լավ եմ քնում, իսկ առավոտյան մարզմանը մարմինս կարող է դեռ լիովին արթնացած չլինել: Եղել են դեպքեր, որ անգամ գիշերը ժամը 2-ին եմ գնացել վազելու, դրա համար եմ ասում, մրցակիցներս քնած են լինում:

Պատահում է, որ հենց մարզումից հետո եմ պարապում, այդպիսին եմ: Լողանում եմ, մի քիչ հանգստանում ու նորից անցնում աշխատելու, այնպիսի նպատակներ եմ դրել իմ առաջ, որ դրանց միայն նման կերպ է հնարավոր հասնել: Քնելով ոչինչ չի ստացվի, չափից շատ մարզվել չկա, սրտիս թելադրանքին եմ միշտ հետեւում:

Լուսանկարը` Մեդիամաքս


1-ին ոսկին. Այս տարվա ապրիլին մեկնեցի Եվրոպայի առաջնություն, որտեղ 5 մենամարտ անցկացրի ու 4-ում հաղթեցի նոկաուտով: Նման բան չէի լսել, որ աշխարհում որեւէ մարզիկի հաջողվի այդպես հանդես գալ: Հաղթեցի Գերմանիայի, Ռումինիայի, Մոնտենեգրոյի, Վրաստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում բուլղարացուն նոկաուտի ենթարկեցի հենց իր հայրենիքում:

Նոկաուտով հաղթանակը հանգստություն է տալիս, այլապես մինչեւ վերջին պահը լարված ես լինում: Բացի այդ էլ ամեն հաղթանակ նույնը չի կարող լինել, կա 4:1, 3:0, 5:0 հաշիվ ու կա նոկաուտ: Ես սիրում եմ ամեն ինչ վճռել ժամանակից շուտ:

Վստահությունը. Մինչեւ մեկնելս էլ զգում էի, որ հաղթելու եմ, մանավանդ նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունից հետո որոշել էի նոկաուտներ գրանցել, որ ոսկին իմը լինի: Այդ հաղթանակի շնորհիվ երկրիս դրոշը բարձրացրի ու մեր հայրենակիցներին մի քիչ ուրախացրի: Ես էլ երջանիկ էի, քանի որ նպատակներիցս մեկն իրականացավ, հետո մարզչիս հետ պատրաստվեցի, որպեսզի հաջողությունը կրկնեմ նաեւ Աշխարհի առաջնությունում: Հայաստանի ընտրանու հետ ոչ մի հավաքի չեմ մասնակցել, այդպես ուզեցի, մարզվել եմ «Դինամոյում», տանը, փողոցում, շատ եմ վազել, օրական 4 անգամ պարապել, որպեսզի բոլորին ապացուցեմ, թե ես ով եմ ու հայ ազգն ինչերի է ընդունակ: Այդ առաջնությունից առաջ էլ երազ էի տեսել, որ կանգնած եմ պատվոհարթակի 1-ին աստիճանին ու էլի նախապես գիտեի, որ հաղթելու եմ:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի չեմպիոնությունը. Իսկապես չսխալվեցի ու Իսպանիայում էլ լավագույնը դարձա: Բավական տիտղոսակիր ու ուժեղ մրցակիցների հանդիպեցի, այնտեղ էլ 3 նոկաուտ գրանցեցի, բայց բոլոր մրցակիցների հետ պայքարում էլ նոքդաուններ են եղել, ու մրցավարները հաշիվ են բացել: Իմ աշխատանքի արդյունքը զգացվեց: Այդ ոսկե մեդալն ինձ ավելիին ձգտելու ցանկություն տվեց, հասկացա, որ եղածով չեմ կարող սահմանափակվել: Տիտղոս պահելն ավելի դժվար է ու հիմա պետք է շատ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել, քանի որ մրցակիցներն արդեն իմ դեմ պայքարին են պատրաստվում:  

Մեծ ձգտումը. Ուզում եմ այնպիսի արդյունքների հասնել, որոնք մինչ ինձ Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ չեն եղել: Անկախ Հայաստանի պատմության մեջ բռնցքամարտի Օլիմպիական չեմպիոն չունենք, վերջինը 66 տարի առաջ ԽՍՀՄ-ի կազմում Վլադիմիր Ենգիբարյանն է դարձել: Ուզում եմ նրանից հետո լինել հաջորդը, ով նման ուրախություն կպարգեւի մեր ազգին:

Ինձ տեսնում եմ Փարիզի խաղերում, բայց դրա համար նախ պետք է վարկանշային մրցաշարերին մասնակցեմ ու ուղեգիր նվաճեմ: Ուզում եմ մեծահասակների թիմում հաստատվել ու ցույց տալ, որ կարող եմ: Իմ ուժերին եմ վստահում ու Աստծուն, ուրիշներին չեմ լսում: Ցանկանում եմ աշխարհում առաջինն ու լավագույններից մեկը դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավատը. Ինձ Աստված է օգնում, եթե ռինգ մտնելուց առաջ չաղոթեմ, կպարտվեմ: Աստծուն ինչ սիրտս ցանկանում է, ասում եմ ու նա ինձ լսում է: Միշտ նայում է քո հոգուն ու անկեղծ խոսքին եւ կատարում ցանկությունդ, ինչի համար շնորհակալ եմ:

Թույլ կողմերը. Անգամ լեգենդար մարզիկները թերություններ ունեն, ինչպե՞ս կարող եմ ես չունենալ: Ամեն մենամարտից հետո էլ դրանք տեսնում եմ ու փորձում շտկել: Ակնհայտ թույլ կողմեր չունեմ, բոլորն ուժեղ են, եթե ամեն անգամ ռինգ եմ մտնում միայն հաղթելու համար, դա արդեն ամեն ինչ արժե: Ես հարվածող բռնցքամարտիկ եմ, համարձակ, այդպիսին պիտի դառնաս, որ պատրաստ լինես ընդունելու հարվածներ: Բռնցքամարտում հնարավոր չէ խուսափել դրանցից, մի քանիսը նաեւ քո վրա ես զգալու, դրա համար էլ պարտավոր ես հոգեպես ամուր լինել ու չկոտրվել դժվարություններից:  

Բռնցքամարտի գեղեցկությունը. Բառն արդեն իսկ շատ գեղեցիկ է հնչում ամեն լեզվով էլ՝ հայերեն, թե անգլերեն: Ռինգում էլ գրավում են մարզիկների մենամարտելու ոճը, դինամիկան, տեխնիկան ու շարժումները: Բռնցքամարտը չափազանց գրավիչ ու ամենահարուստ սպորտաձեւը, պատահական չի, որ այդքան երկրպագուներ ունի: Ամեն ինչով է առանձնանում, նաեւ՝ գեղեցիկ բռնցքամարտիկներով:  

Նախասիրությունները. Միայն մարզվել եմ սիրում, անգամ Ռոնալդուից ավելի շատ եմ կենտրոնացած դրա վրա: Նաեւ բասկետբոլ եմ սիրում նայել, որովհետեւ բռնցքամարտիկները հաճախ են խաղում, այն էլ դինամիկ է ու դրանով է ինձ դուր գալիս:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտիվացիան. Ուզում եմ հասնել նպատակներիս, մարզվել ու հաճույք ստանալ իմ գործից: Երբ ամեն ինչի սեփական աշխատանքով ես հասնում ու անհնար է այն գումարով գնել, ամեն ինչ է արժե: Աստծուց ես ձիրք ստանում ու կարողանում սպորտում որեւէ բանի հասնել: Մեր երկրում դեռ Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոններ չունենք, ուրեմն անելիքներ դեռ շատ կան: Դա է ինձ մոտիվացնում, ստեղծվել եմ, որ այդ բաց լրացնեմ:

Հաջողված տարին. Գոհ եմ ինձնից, քանի որ այս տարվա 2 կարեւոր ոսկիները նվաճեցի, ինչը բացառիկ է, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ հայ երիտասարդ բռնցքամարտիկներին երբ էր հաջողվել Աշխարհում ոսկի ունենալ: Մյուս տարի նպատակս վարկանիշների համար պայքարելն է, բայց եթե մեր պետությունն ինձ արժանի վերաբերմունք չցուցաբերի ու տիրություն չանի, կհեռանամ: Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո իմ ծնողներից ու մտերիմներից բացի, ոչ մեկն ինձ չի դիմավորել ԿԳՄՍ-ից կամ էլ բռնցքամարտի ֆեդերացիայից: Դեռ Իսպանիայում ԱԱ-ում ելույթ ունենալիս եմ տարբեր երկրներ ներկայացնելու հրավեր ստացել:

Էրիկ Իսրայելյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին