Նոյեմբեր 21, 2024
exclusive
8660 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Վիգեն Նազարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ամռանն ըմբիշ Վիգեն Նազարյանը կարողացավ իր կարիերայում առաջին լուրջ հաջողությանը հասնել: Նա դարձավ Սոֆիայում կայացած երիտասարդների Աշխարհի առաջնության հաղթող:

Նազարյանը Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի այսօրվա հերոսն է՝ իր հետաքրքիր սպորտային ուղիով եւ առաջ գնալու մեծ ցանկությամբ:

Մարզաձեւը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տարիքը՝ 18 տ.

Բնակվում է՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում

Կրթությունը՝ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում

Անձնական մարզիչներ՝ Տիգրան եւ Էդուարդ Սահակյաններ

Նվաճումներ՝ պատանիների Եվրոպայի արծաթե, Աշխարհի բրոնզե մեդալակիր, երիտասարդների ԵԱ-ի 3-րդ մրցանակակիր եւ ԱԱ-ի հաղթող

Նպատակը՝ «Մինչ այս Աշխարհի չեմպիոն դառնալն էր, հիմա ցանկանում եմ մեծահասակների պայքարում էլ հաղթել, ապա Օլիմպիական խաղերի մասին մտածել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կուռքը՝ Մաքսիմ Մանուկյանն է: «Միշտ շատ եմ սիրել նրա ոճը, տեխնիկան ու արագությունը: Շատ առումներով է օգնել ինձ, հետեւել եմ նրան ու սովորել»:

Մարմնամարզությունը. 6 տարեկանում եմ սկսել զբաղվել սպորտով, 4 տարի մարմնամարզության եմ գնացել Ալբերտ Ազարյանի անվան դպրոցում: Պարապում էի Հայկ Նազարյանի մոտ, որի սաները հիմա հիանալի են ելույթ ունենում խոշոր մրցումներում: Նա շատ հեռատես է ու զգաց, որ այդ ձեւում մեծ հաջողությունների չեմ կարողանա հասնել ու հենց ինքն էլ ինձ տարավ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոց եւ հանձնեց մարզիչ Տիգրան Սահակյանին: Այդպես էլ 10 տարեկանում հայտնվեցի նոր մարզաձեւում, այդքան տարիներ պարապել էի ու չգիտեի հետագայում ինձ ինչ է սպասվում: Մինչ այդ բոլոր պլաններս ու ցանկություններս մարմնամարզության հետ էի կապել, բայց անցում կատարեցի հունահռոմեական ըմբշամարտ ու պետք է ամեն ինչ նորից սկսեի:  

Հաջողությունները. Այնպես չի, որ ամեն ինչ միանգամից ստացվեց: 5 տարի պարապելուց հետո միայն պատանիների Հայաստանի չեմպիոն դարձա, այնուհետեւ մեկնեցի Եվրոպայի առաջնություն ու արծաթե մեդալ նվաճեցի, իսկ ԱԱ-ում՝ բրոնզ: Շատ լավ եմ հիշում առաջին մրցումը, երբ սկսեցի ինձ հավատալ: 2018 թվականին Էջմիածնում Համլետ Պատուրյանի հուշամրցաշարն էր, ողջ Հայաստանից էին ըմբիշներ մասնակցում, շատ քչերն էին հավատում, որ կհաղթեմ, բայց առաջինը դարձա ու հասկացա, որ ոչինչ էլ անհնարին չէ, առաջին անգամ նման գիտակցում ունեցա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դժվարություններ հաղթահարելը. Իմ կամքի ուժի շնորհիվ հաղթահարեցի ամեն ինչ: Որ ասպարեզում էլ լինեմ, ցանկանում եմ առաջինը դառնալ, հենց այդ գիտակցումն ինձ ստիպեց, որ հաղթեմ: Այդպես էլ սկսվեցին նվաճումներս, դրանից հետո սկսեցի պատանեկան միջազգային մրցումներում հաջողությունների հասնել: 2020-ին եւ 2021-ին Հայաստանի առաջնություններում եմ լավագույնը եղել, բայց միջազգային ասպարեզում չէր ստացվում ոչ մի կերպ՝ փորձի պակասն էր զգացնել տալիս, քանի որ արդեն երիտասարդների տարիքային խումբ էի տեղափոխվել:

Իրականում շատ դժվար էր, բավական երկար ժամանակ հաջողություն չունեի ու իմ համառությունն օգնեց, որ դիմանամ: Այս տարի երիտասարդների Հայաստանի չեմպիոն դարձա, ապա Եվրոպայում 3-րդ տեղը գրավեցի, միայն իմ սխալի պատճառով ոսկի նվաճել չստացվեց:

Միջազգային փորձը. Միջազգային հարթակներում հանդես գալը լրիվ այլ է, ամեն ինչն է տարբերվող՝ հավաքվում են իրենց երկրների լավագույն մարզիկները, ուրիշ տեխնիկա ունեն եւ հետաքրքիր ոճ, շատերի հետ առաջին անգամ ես պայքարում: Եվրոպայի բրոնզին հաջորդած 2 ուսումնամարզական հավաքների ժամանակ այնքան եմ աշխատել ու այնպես, որ Աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ հոգեպես ու ֆիզիկապես լրիվ վստահ էի, որ կարող եմ չեմպիոն դառնալ: Երբ առաջին գոտեմարտիս ժամանակ հպվեցի ղրղզ մարզիկին, միանգամից հասկացա, որ կարող եմ առաջինը դառնալ: Շատ պարապելու ու իմ մարզիչների հետ ճիշտ աշխատելու շնորհիվ եղավ այդ ամենը: Անչափ շնորհակալ եմ երիտասարդական թիմի մարզիչներ Արմեն Բաբալարյանին ու Մովսես Կարապետյանին, իմ անձնական մարզիչներին: Նրանց բոլորի օգնությամբ էի այդքան պատրաստ պայքարին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպասված ոսկե մեդալը. Այդպիսի առաջնություններում հաղթանակները շատ դժվար են տրվում, սակայն իմ վստահությունն օգնեց, չէի լարվում: Ինչքան որ դժվար էր, նույնքան էլ հեշտ ստացվեց, երբ հոգեպես պատրաստ ես, հեռուն ես տեսնում ու գիտես, թե ամեն մրցակցի ինչպես ես հաղթելու: Իմ ամեն գոտեմարտից առաջ հստակ պլան ունեի, թե ինչպես եմ գործելու, որ հասնեմ առավելության: Ոսկին դժվար տրվեց, նրան հասնելու ճանապարհին 5 գոտեմարտ անցկացրի, եզրափակչում մրցեցի իրանցի ուժեղ մրցակցի հետ: Բնականաբար, անհանգստություն կար, ոսկու համար պայքարելը միշտ էլ բարդ է:  Ամենացավալի մեդալը արծաթն է, հասնում ես եզրափակչ ու չես հաղթում, մի քիչ ափսոս է լինում: Չէի ուզում նման իրավիճակում հայտնվել ու տրամադրվել էի միայն հաղթանակի: Հանդիպման վերջնամասում, երբ վայրկյաններ էին մնացել, մրցակիցս փորձեց ինձ աշխատանքային գոտուց դուրս հանել ու միավոր վաստակել, բայց կարողացա ճիշտ գործել, խուսափել սխալից ու պահել առավելությունս: Արդյունքում Աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճեցի, որն այնքան սպասված ու ցանկալի էր ինձ համար:

Չեմպիոնական հույզեր. Առաջին անգամ էի Աշխարհի չեմպիոն դառնում, միշտ մտածում էի, թե երբ է ինձ հետ էլ նման բան տեղի ունենալու: Ուզում էի իմանալ, թե այդ ինչպես է լինում, ինչ եմ զգալու: Երբ նպատակիդ հասնում ես, հանգստություն ես զգում, ուսերիցդ ասես բեռ ընկնի, միանգամից արդեն հետագայի մասին ես մտածում: Իրականում կան խելահեղ զգացողություններ, այնպիսի բաներ են կատարվում ներսումդ, որ բառերով չես կարող ասել, թեեւ հնարավոր է ցույց էլ չտաս, բայց դրանք շատ շուտ են անցնում, քանի որ նոր նպատակի վրա ես կենտրոնանում: Այդ նվաճումն արդեն հետին պլան է անցնում, այն միեւնույն է քոնն է ու ոչ մեկ քեզնից չի վերցնի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատասխանատվությունը. Բայց միաժամանակ նաեւ պատասխանատու է, երբ կարողանում ես արդյունքի հասնել: Հաղթահարում ես դժվարությունները, գիտես հաղթանակի համն ու էլ 2-3-դ տեղերը քեզ չեն հետաքրքրում: Եթե մինչեւ այդ կարող ես բրոնզով էլ բավարարվել, չեմպիոնությունից հետո փոխվում ես, միշտ ես ուզում առաջինը լինել:

Այս մեդալից հետո հոգեպես շատ ամրացել եմ, ուրիշ ձեւ սկսել մտածել, բոլոր մեդալակիրների հետ է այդպես լինում, ավելի լուրջ են մոտենում իրենց գործին, բայց միեւնույն ժամանակ էլ հանգստություն ձեռք բերում: Սովորում ես գոտեմարտերից առաջ հստակ իմանալ անելիքդ ու ավելի հեռուն տեսնել: Հիմա արդեն մեծահասակների ըմբշամարտում եմ ուզում հանդես գալ, նախ Հայաստանի առաջնության մասնակցել ու ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ:

Փորձով կիսվելը. Հիմնականում իմ հաջողությամբ պատանիների հետ եմ կիսվել, նրանց իսկապես շատ հետաքրքիր է իմանալ ամեն ինչ: Մանավանդ, երբ նույն դահլիճում ենք մարզում ու իրենց հետ պարապող ավագ ընկերոջը հաջողվում է Աշխարհի չեմպիոն դառնալ, նրանց մոտ էլ վստահությունն ավելանում է: Սկսում են հավատալ, որ եթե ինձ մոտ ստացվել է, իրենք էլ կկարողանան: Բոլորին ասել եմ, որ առաջին հերթին պետք է մարզիչներին լսեն, նրանք մեծ փորձ ունեն, շատ մրցումներով են անցել ու բազմաթիվ գիտելիքներ ձեռք բերել: Կարեւոր է ունենալ նաեւ համառություն, դա ամենակարեւոր բաներից մեկն է, որ նպատակ դնես ու ամեն գնով՝ ցավով, անգամ ճնշված ու հոգնած, գնաս դրան հասնելու համար: Իսկապես, անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է դրան հավատալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուժեղ ու թույլ կողմերը. Համառությունն է շատ օգնում ու իմ որակներից առաջնայինը դա եմ գնահատում: Գոտեմարտի ժամանակ օգնում է 6 րոպե պայքարել, ոմանք 4-5 րոպեից հետո արդեն հոգնում են, հանձնվում, ես դրա հաշվին մնում եմ պայքարի մեջ: Իմ հաղթանակի գրավականներից մեկն է: Թույլ կողմեր էլ, բնականաբար, ինչպես եւ բոլորը, ունեմ: Ուշադրությունս ինչ-որ տեղ շեղվում է, դրա համար եզրափակչում սխալ թույլ տվեցի, նայեցի ժամանակին, որ հասկանամ, թե երբ է գոտեմարտն ավարտվելու, ու այդ պահից հանդիպման թելը բաց թողեցի իմ ձեռքից : Նման մի աննշան շեղումների պատճառով էլ մարզիկները կարող են զրկվել ոսկուց կամ ցանկացած այլ մեդալից: Այդ թերությունը շտկելու վրա պետք է շատ աշխատեմ:

Առաջին կուրսը. Տպավորություններս առաջին ուսումնական օրվանից հետո շատ լավն են, հենց մտա ինստիտուտ, միանգամից բազմաթիվ շնորհավորանքներ ստացա բոլորից, ճանաչեցին ու հաջողություն մաղթեցին: Միշտ մտածել եմ այդ մասին, որ մարդիկ ինձ իմանան ու շնորհավորեն, ու դրանից շատ ուրախացա: Պատրաստ եմ սովորել, եթե մարզումներ չունենամ կամ հավաքների չլինեմ, մեծ հաճույքով դասի կգնամ: Շատ եմ սիրում կենսաբանական առարկաները, որոնք մարդու օրգանիզմի հետ անմիջական առնչություն ունեն, սիրում եմ ուսումնասիրել նման թեմաներ, բացի այդ էլ որպես մարզիկ ինձ օգնում է մարմինս ավելի լավ իմանալ ու կարողանալ անհրաժեշտ մարզավիճակում լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախասիրությունները. Գիրք կարդալ եմ սիրում, ֆիլմեր նայել, երաժշտության լսել: Շատ-շատ տարբեր են իմ նախընտրած գրքերն ու ֆիլմերի ժանրերը: Ինձ շատ է տպավորել Մարիո Պյուզոյի «Կնքահայրը», սկզբում ֆիլմն եմ նայել, հետո ընկերս առաջարկել է գիրքը կարդալ, ինչից հետո եւս մեկ անգամ եմ ֆիլմը դիտել: Շատ մեծ ուժ տվեց, սովորեցրեց սառը դատել ամեն պարագայում, ու հասկացա, որ լրջությունը գործին ու ինտելեկտը միանշանակ օգնում են բարձունքում լինել:

3 գիրք ու ֆիլմ. «Կնքահայրը», «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» ու «Սափիենսը», որը մարդկության պատմության մասին է, շատ հետաքրքիր գիրք է: Իսկ ֆիլմերից կնշեմ էլի «Կնքահայրը», 2002 թվականին նկարահանված «Կոմս Մոնտե Քրիստոն», գլխավոր հերոսի համառությունն եմ սիրում եւ «Մեկ անգամ Ամերիկայում»-ի առաջին տարբերակը, որը շատ խորը ֆիլմ է ու ամեն մեկը չի կարող այն հասկանալ: Մի քանի անգամ պետք է նայել, որ լիովին ըմբռնես, շատ տպավորիչ է:

Օրինակները. Ինձ համար միշտ օրինակ են եղել մանկության ընկերս ու քույրս, ինքս էլ սիրում եմ փորփրել ու նոր բաներ իմանալ, բայց նրանց ազդեցությունը շատ մեծ է իմ կայացման գործում: Սուրեն Մխիթարյանն ու Աշխեն Մկրտչյանն ինձ շատ են օգնել, երկուսն էլ ինտելեկտով են, իրենց հետ շփվելով շատ եմ բարձրացել, սովորել, բացահայտումներ արել, դրա համար էլ շատ բաներ ունեմ՝ այլ մտածելակերպ, ինչն ինձ այսօր բերել է նման արդյունքի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լավագույն մարզիկները. Իմ բոլոր ընկերներն էլ լավագույնն են, ամեն մեկից էլ կարող եմ որեւէ բան վերցնել ու սովորել: Ցանկացածը սխալս տեսնելու դեպքում ուղղել է ինձ՝ Արթուր Ալեքսանյանից մինչեւ Մալխաս Ամոյան եւ Կարապետ Չալյան: Շատերին կարող եմ նշել: Ինձ դուր է գալիս Մալխասի ոճը, Մաքսիմ Մանուկյանի տեխնիկան, եթե միասին հնարավոր լինի համակցել, կարծում եմ՝ անպարտելի կդառնաս, ու դե, բնականաբար, դրան գումարած համառություն է պետք, որն էլ ես ունեմ:  


Վիգեն Նազարյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին