Դեկտեմբեր 21, 2024
exclusive
8968 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Համլետ Մանուկյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում մարմնամարզությունն աստիճանաբար ավելի մեծ հաջողություններ է սկսում գրանցել: Մարզիչների կատարած հսկայական աշխատանքը տալիս է արդյունքները եւ պատահական չէ, որ այս տարվա Եվրոպայի առաջնությունը մեդալառատ ստացվեց:

Երիտասարդների պայքարում Համլետ Մանուկյանը երկու անգամ կանգնեց պատվոհարթակի երկրորդ աստիճանին: Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի այսօրվա հերոսը հենց նա է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ մարմնամարզություն

Տարիքը՝ 15 տարեկան

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նորաբաց քոլեջում  

Սիրած առարկա՝ Հայոց լեզու ու պատմություն եմ սիրում: Կարծում եմ, որ բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը: Իհարկե, ամենաշատը սիրում եմ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, երբ Հայաստանը մեծ էր ու հզոր:

Նախընտրած հեղինակ՝ Րաֆֆի

Անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան

Սիրելի գործիք՝ նժույգթափեր եւ օղակներ: Պարապելու ընթացքում եմ զգացել, որ այս երկուսի վրա ինձ ավելի լավ եմ զգում, իսկ տարրերը՝ հեշտ սովորում:

Մարզական կերպար՝ մեր մեծահասակների հավաքականի բոլոր տղաներին էլ միշտ հետեւում եմ, սովորում նրանցից: Հույս ունեմ, մի օր կհասնեմ այն նվաճումներին, որոնք ունեն նրանք:

Տիտղոսները՝ Եվրոպայի երիտասարդների կրկնակի արծաթե մեդալակիր, Հայաստանի երիտասարների չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր:

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական մեդալակիր

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզության միջոցով դեպի ըմբշամարտ. Մարմնամարզություն սկսել եմ պարապել Էջմիածնում, 5 տարեկան էի, երբ հայրիկս տարավ դահլիճ: Նա որոշել էր, որ ես մի քանի տարի մարմնամարզություն կպարապեմ, հետո կգնամ ըմբշամարտի: Բայց միանգամից կապվեցի մարմնամարզության հետ, սկսեցի լավ հանդես գալ ու հետո ոչ հայրիկս թողեց փոխեմ մարզաձեւս, ոչ էլ ես էի ուզում:

Երբ արդեն որոշեցինք, որ մարմնամարզության մեջ պետք է ավելի խորանամ, եկա Երեւան ու սկսեցի մարզվել Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում: Այդ ժամանակ դեռ բարձր արդյունքներ չունեի, բայց ընկեր Հայկը լավ ընդունեց ինձ ու սկսեց ողջ ուժով աշխատել հետս:

Դժվար է անընդհատ Երեւան գնալ գալը, բայց իմ ուզածին հասնելու համար պետք է հաղթահարեմ ամեն ինչ:

Ուժեղների հետ մեկ դահլիճում. Շատ ուրախ էի, որ Ազարյանի դպրոցում եմ մարզվում, որովհետեւ ինձ հետ նույն դահլիճում աշխատում էին Հայաստանի լավագույն մարմնամարզիկները: Ես նայում էի, թե ինչպես են նրանք պարապում, անընդհատ աշխատում սխալների վրա: Հասկացա, որ կարող եմ օրինակ վերցնել ու ձգտել հասնել նրանց հաջողություններին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր թիմն իսկական ընտանիքի պես է: Բոլորս միշտ միասին ենք, մեծերն օգնում են մեզ, մարզիչները շատ մեծ ոգեւորությամբ են աշխատում եւ միշտ խորհուրդներ տալիս: Անընդհատ ընկերական շփումները եւ իրար օգնելը նպաստում են, որ թիմում շատ լավ մթնոլորտ ու հարաբերություններ լինեն:

Հստակ նպատակ հետապնդելիս. Ես ամեն օր աշխատում եմ, տարբեր տարրեր սովորում, որ կարողանամ հասնել արդյունքի: Մարզիկը պետք է նաեւ ամուր կամք ունենա, դժվարություններին չնայի: Սպորտում հաջողության հասնելու համար պետք է շատ բաներից քեզ զրկել, բայց եթե հստակ նպատակ ունես, ամեն ինչ էլ կհաղթահարես:

Հոգեբանական առումով ինձ օգնում են մարզիչները, մեր մեծ մարզիկներն ու ծնողներս: Նրանցից ստացած ուժն էլ նպաստում է, որ շարունակեմ աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբեք չի եղել, որ հոգնեմ կամ հիասթափվեմ մարմնամարզությունից: Միգուցե, փոքր ժամանակ երբեմն կոտրվել եմ, բայց հետո կրկին մտել եմ դահլիճ: Ես արդեն կապվել եմ այս ամենին, մարմնամարզությունը դարձել է կյանքիս անբաժանելի մասը:

Սիրում եմ, երբ լավ եմ կատարում ելույթս: Այդ ժամանակ, իսկապես, ուրախ եմ լինում: Իսկ երբ հաջող չի ստացվում, փորձում եմ չհիասթափվել, հետեւություններ անել, շտկել սխալներն ու առաջ գնալ:

Առաջին մեդալներն ու միջազգային փորձը. Իմ առաջին մրցումն Էջմիածնում էր, որտեղ երկրորդ տեղն էի գրավել ու շատ ուրախացել: Այդ մեդալս իմ հավաքածուի ամենակենտրոնում է կախված, որովհետեւ անչափ կարեւոր է ինձ համար: Իսկ միջազգային հարթակում՝ Վրաստանում կայացած ՎՏԲ-ի գավաթն էր: Ես 13 տարեկան էի ու 18 տարեկանների պայքարում երեք գործիքից երեք ոսկե մեդալ նվաճեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միջազգային ասպարեզում հանդես գալը շատ կարեւոր է: Դահլիճի լույսերը, մրցավարները, մրցակիցները, սկզբից դրանք խանգարող հանգամանքներ են լինում, բայց քիչ-քիչ սովորում ես, փորձ ես ձեռք բերում ու մեկ էլ հասկանում, որ լարվածությունն աստիճանաբար քչանում է:

Ես մրցակիցներիս չեմ հետեւում, այլ մտածում եմ միայն իմ ելույթի մասին: Կարեւորն այն է, որ վարժությունս հստակ կատարեմ ու սպասեմ գնահատականիս: Ընդհանրապես, վարժությունը կառուցելիս մարզիչն ասում է, թե ինչ պետք է անենք: Լինում է, որ տարբեր տեսանյութեր եմ նայում, որպեսզի տարրը պատկերացնեմ, մարզիչն էլ բացատրում է ու սկսում եմ սովորել: Կարեւոր է, որ բացի բարդությունից, նաեւ չափազանց մաքուր կատարեմ առաջադրանքս:

ԵԱ-ի հաջող ելույթները. Եվրոպայի առաջնությունում իմ նպատակը նժույգթափերից ոսկե մեդալ նվաճելն էր: Զգում էի, որ օղակների վրա եւս կարողանալու եմ մրցանակային տեղ գրավել: Նժույգի վրա լավ հանդես եկա, բայց երեւի վերջին պահը թերացա ու շատ չնչին միավորով զիջեցի չեմպիոնին: Ոչինչ, մյուս անգամ կձգտեմ լինել առաջինը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նժույգթափերի մարզումների ժամանակ բոլորն ասում էին, որ շատ լավ եմ կատարում, նույնիսկ Օլիմպիական չեմպիոն Քրիստիան Բերկին մոտեցավ ու գովաբանեց ինձ: Մեծ պատասխանատվություն էի զգում:

Կարող եմ ասել, որ երկու արծաթ նվաճելը տարբեր զգացողություն էր՝ նժույգթափերինը մի քիչ տխուր, օղակներինն՝ ուրախ: Բայց պետք է ոչ թե հիասթափվել, այլ աշխատել:

Թիմային մեդալի ձգտելն ու պայմանների բացակայությունը. Մեր ողջ թիմն անչափ ուրախ էր, որովհետեւ Գերմանիայում երկու անգամ հնչեց մեր հիմնը, դրոշը մի քանի անգամ բարձրացավ: Դահլիճում հայեր էին ներկա գտնվում, որոնց աջակցությունը եւս ոգեւորում էր մեզ:

Ես, Մամիկոն Խաչատրյանը եւ Էրիկ Բաղդասարյանը նաեւ թիմային պայքարին մասնակցեցինք: Մարզիչները գոհ են մնացել մեր ելույթից: Իհարկե, ձգտում ենք թիմային մեդալին, եթե ստացվեց, արդեն լրիվ ուրիշ զգացողություն կլինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դրան հասնելու համար շատ աշխատել է պետք: Բացի այդ, մեր մարզումային պայմանները կուզեինք, որ լավը լինեին, նոր գործիքներ ունենայինք: Այս արդյունքներին մենք ԵԱ-ում հասանք նաեւ այն բանի շնորհիվ, որ Թբիլիսիում հավաք անցկացրինք ու լավ մարզավիճակում մեկնեցինք Մյունխեն:

Չբավարարվել նվաճածով. Իմ այս հաջողությունը 10 տարվա աշխատանքի արդյունք է: Դրան հասել եմ մարզիչներիս, մեր մյուս տղաների, ծնողներիս օգնությամբ: Նրանք բոլորն էլ ներդրում ունեն սրանում: Հիմա ամեն ինչ արդեն անցյալում է, հարկավոր է նոր տարրեր սովորել, վարժությունս բարդացնել, հստակ եւ մաքուր ելույթ ունենալ:

Այս տարի կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը եւ կպատրաստվեմ հաջորդ տարվա Աշխարհի առաջնությանը: Պետք է միշտ առաջ նայել, չսահմանափակվել նվաճած մեդալներով: Եթե բավարարվես, կդոփես տեղում ու էլ չես կարող աճել:

Համլետ Մանուկյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին