Դեկտեմբեր 03, 2024
exclusive
8732 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Մարիամ Մկրտչյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կանանց շախմատի այս տարվա չեմպիոն դարձավ 17-ամյա Մարիամ Մկրտչյանը: Այս ձեռքբերումն ամենանշանակալիցն է նրա կյանքում, սակայն ձգտում է հասնել նոր հաջողությունների:

Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այս անգամ անդրադարձել է Մկրտչյանին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ շախմատ

Տարիքը՝ 17 տարեկան

Սովորում է՝ Երեւանի թիվ 187 միջնակարգ դպրոցում

Սիրած խաղաքարը՝ Ձին, որը հնարավորություն է տալիս գործել ավելի ազատ ու անընդհատ ստեղծագործել:

Մարզական կերպարը՝ Միգուցե զարմանալի թվա, բայց կին շախմատիստ չէ: Իհարկե, ես կառանձնացնեմ Հոու Յիֆանին ու Յուդիտ Պոլգարին, որոնք մեծ շախմատիստուհիներ են, սակայն ինձ ավելի շատ գրավում է Մագնուս Կարլսենը: Նրա մեջ տեսնում եմ այն, ինչին ես ցանկանում եմ հասնել: Նա կատարյալ է խաղում, գրեթե ոչ մի սխալ չի անում եւ այդ մակարդակը պահում է ավելի քան 10 տարի:

Ազատ ժամանակ՝ Սիրում եմ ֆուտբոլ նայել եւ խոհանոցում իմպրովիզներ անել: Խոհանոցն ինչ-որ տեղ նմանեցնում եմ շախմատին: Ճիշտ է, կան պատրաստման կանոններ, բայց ազատ ես ու կարող ես անսահման ստեղծագործել: Բոլորը հավանում են հատկապես թխվածքներս ու ասում, որ երկրորդ մասնագիտություն կարող եմ ընտրել խոհարարությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիլմ կամ գիրք՝ Ֆիլմեր այդքան էլ շատ չեմ դիտում, որովհետեւ այդ ժամանակը նախընտրում եմ ծախսել մարզումներիս վրա: Իսկ գրքեր կարդում եմ, հատկապես պատմական: Իմ կարծիքով յուրաքանչյուրս պետք է իմանանք մեր պատմությունը, խոսենք դրա մասին, սովորենք, որպեսզի ուղղենք նախկինում թույլ տված սխալները:

Տիտղոսները՝ մինչեւ 10 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր, Հայաստանի մեծահասակների չեմպիոն

Մարզիչները՝ Վահե Բաղդասարյան, կանանց հավաքականի մարզիչ Զավեն Անդրիասյան

Կոչումը՝ կանանց միջազգային վարպետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցում ծնված սերը. Երկրորդ դասարան էի, երբ շախմատը մտավ դպրոցական ծրագիր: Սեւակ Բաղդասարյանն իմ ուսուցիչն ու առաջին մարզիչն է, նրա հետ եմ դարձել պատանեկան ԵԱ-ի մեդալակիր: Խաղն ինձ հետաքրքրեց, կարող ես գերազանցել քո մրցակցին ու այդ ժամանակ անբացատրելի զգացողություն ունենաս: Հենց դա է, որ ինձ պահում է շախմատում:

2016-ին եկել եմ Շախմատի տուն ու պարապել Արարատ Սանթրյանի, հետո Արտաշես Մինասյանի մոտ:

Փոփոխություն. Շախմատը մարդուն փոխում է 360 աստիճանով, ու ես էլ բացառություն չեմ: Շատ ակտիվ երեխա էի ու երբ մայրիկս խնդրում էի ինձ շախմատի տանել, ասում էր, որ ես չեմ կարող այդքան ժամանակ նստած մնալ: Բայց այն ինձ փոխեց, դարձա համբերատար, նպատակասլաց, աշխատասեր:

Առաջին իսկ օրվանից այնպիսի զգացողություն ունեի, որ միշտ շախմատի հետ եմ եղել: Մի պահ այլեւս չէի ուզում զբաղվել, բայց հասկացա, որ եթե այն իմ կյանքում չլինի, կդատարկվեմ:

Շփումը մեծ շախմատիստների հետ. Միշտ էլ խորհուրդ են տալիս ուսումնասիրել մեծ չեմպիոններին: Ալյոխինի, Տալի, Պետրոսյանի, Կապաբլանկայի պարտիաները վերլուծելով հասկանում եմ, որ նման մեծություններից սովորում եմ, սկսում մտածել իրենց պես: Իսկ ահա Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանն իմ ժամանակակիցներն են, մեծագույն պատիվ է, որ ես շփվել եմ նրանց հետ: Այդպիսի մարդկանց հետ հանդիպելուց հետո առաջանում է ավելի մեծ ցանկություն զբաղվել շախմատով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին անմոռանալի հաղթանակը. 2014-ին առաջին անգամ մասնակցեցի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին ու հաղթեցի՝ լրացնելով առաջին կարգս: Ես միշտ հիշում եմ այն, որովհետեւ դրանից է սկսվել իմ ուղին ու եթե այդ հաղթանակը չլիներ, ամեն ինչ այլ կերպ կընթանար:

Իսկ ամենակարեւոր հաղթանակը Հայաստանի չեմպիոնությունն էր, քանի որ 7 տարի սպասում էի դրան, միշտ մտածում ու չէի հավատում, որ կստացվի: Վերջին երկու տարին գնում էի դեպի դա, բայց չէր ստացվում: Այս տարի պարտություններով մեկնարկեցի ու մի պահ թեւաթափ եղա, քանի որ նորից կորցնում էի այն, ինչին ձգտում էի:

Հայաստանի չեմպիոնը. Լինել մրցաշարում առաջին համարն ու երկու տուրից հետո առանց միավորի զբաղեցնել վերջին տեղը, անհասկանալի էր: Սանթրյանը, Վահե ու Սեւակ Բաղդասարյաններն ու մայրիկս եթե չլինեին, ես չէի հաղթի: Հոգեբանորեն օգնեցին ու խորհուրդ տվեցին մոռանալ չեմպիոնության մասին, պարզապես խաղամ իմ շախմատը: Իհարկե, դժվար էր, բայց ստացվեց:

Այնքան երկար ժամանակ իմ բոլոր մտքերը կապված էին այս մրցաշարի հետ, որ հաղթանակից հետո անսահման թեթեւություն զգացի: Լցվեցի շատ էներգիայով ու հասկացա, որ ավելիին հասնելու համար պետք է աշխատեմ ու աշխատեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավաքականի նոր անդամը. Անչափ ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի հավաքականում: Մեծ փորձ ձեռք կբերեմ ու շատ բան կսովորեմ: Համաշխարհային Օլիմպիադային մասնակցելը երազանք է, մեծագույն ցանկություն է եղել մեկ սրահում հանդիպել այդքան հզոր շախմատիստների: Հաստատ սովորելու շատ բան ունեմ նրանցից:

Էմոցիոնալ կանայք. Կանանց ու տղամարդկանց շախմատում տարբերությունը մտածելակերպի ու հոգեբանության մեջ է: Կանայք ավելի զգացմունքային են, խաղատախտակի շուրջ թվում է նրանք հանգիստ են, բայց ներսում այդպես չէ: Տղամարդիկ ավելի սառն են մտածում:  Մենք նաեւ տարբեր կերպ ենք մտածում, օրինակ, երբ տղաների հետ ինչ-որ բան ենք վերլուծում, իմ տեսակետը կամ քայլն անպայման տարբերվում է նրանցից:

Պարտության միակ մեղավորը. Պարտությունը շատ լավ դաս է տալիս, եթե կարողանում եմ դրանից ինչ-որ բան քաղել: Շախմատում չես կարող ասել մրցավարն էր մեղավոր կամ մեկ այլ բան նշես արդարանալու համար: Պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն դու ես:

Շատ քիչ է լինում, որ զիջում ես մրցակցիդ անթերի խաղի պատճառով, որովհետեւ եթե դու էլ այդպես գործեիր, ապա պարտիան ոչ-ոքի կավարտվեր: Հետեւաբար, թերացել ես ու կրկին մեղավոր ես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Զարմանքը շախմատում. Անսահման գեղեցիկ է, երբ մի նոր բան եմ բացահայտում: Դա անմիջապես ֆիքսում եմ, որպեսզի հնարավորության դեպքում օգտագործեմ ու այդ զարմանքը տեսնեմ հակառակորդիս աչքերում, այ այդ ժամանակ էլ անբացատրելի զգացողություն եմ ունենում:  

Եղել է, որ ինձ են բերել անակնկալի, իսկ դա շատ տհաճ իրավիճակ է: Պարզապես այդ պահերին փորձում եմ մոռանալ մրցաշարի մասին, պատկերացնում եմ, որ պարապմունք է ու չիմացած դիրք է շարվել, ես էլ պետք է գտնեմ լուծումը:

Զորքն առաջ տանող հրամանատարը. Երբ նայում եմ տախտակին, տեսնում եմ շարժվող քարեր, իսկ խաղն անվերջ է, որովհետեւ ամեն քայլին կան հազարավոր տարբերակներ, այդ քայլից հետո էլ հազարավորներ ու այդպես շարունակ: Շախմատն այնքան հետաքրքիր ու բարդ խաղ է, որ չես կարող մի օր ասել վերջ, ամեն ինչ սովորեցի:

Բուն խաղն ինձ համար պատերազմ է: Ես կենտրոնանում եմ նրա վրա այնպես, կարծես հրամանատար եմ ու իմ զորքին տանում եմ կռիվ: Ոչ մի պարտիա անկարեւոր չէ, պետք է կարողանաս քեզ կառավարել, որպեսզի հակառակորդդ չգերազանցի: Բոլոր խաղաքարերը կարեւոր են ինձ համար, նույնիսկ մի զինվորի կորուստը փոխում է ամեն ինչ: Ես պատասխանատու եմ իմ զորքի՝ խաղաքարերի համար ու, եթե նրանցից մեկը զոհաբերվում է, ցավ  եմ ապրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատային նկարչություն. Շախմատը գիտություն է, սպորտ ու նաեւ արվեստ, քանի որ ստեղծագործում ես: Նկարչին ոչ ոք չի կարող ասել, թե սխալ է նկարել կամ այսպես է ճիշտը: Սա նաեւ շախմատում է, եթե ես այսպես եմ գնահատել դիրքը, ուրեմն ես սկսում եմ ստեղծագործել այնպես, ինչպես ես եմ ճիշտ գտնում: Քարերը քո վրձինն են, դու սկսում ես ստեղծագործել այնպես, ինչպես տեսնում ես:

Դեպի նոր նվաճումներ. Մեծ հաղթանակներին հասնելու համար ինձ պետք է հոգեբանական լավ պատրաստվածություն: Մրցաշարից առաջ լարված լինելն ինձ խանգարում է: Պետք է համբերեմ ու շարունակեմ պարապել: Ավելի գնահատում ես այն հաղթանակը, որին հասնելու համար շատ խոչընդոտների ես հանդիպում:

Եթե հոգիդ, սիրտդ տվել ես այս խաղին, ապա նա մի օր քեզ կվերադարձնի, պետք չի սպասել, որ միանգամից չեմպիոն կդառնաս, ես շատ ճանապարհ ունեմ անցնելու:

Մարիամ Մկրտչյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին