Դեկտեմբեր 21, 2024
exclusive
62550 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Գրենիկ Պետրոսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամռանը Երեւանն ընդունեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը:

Որպես կազմակերպիչ երկիր ելույթ ունենալու շանս էր ստացել նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանու կազմում ֆուտբոլային մասնագետներն առանձնացրին մի շարք ֆուտբոլիստների, որոնցից էր նաեւ 17-ամյա Գրենիկ Պետրոսյանը:

Հենց նրան ենք նվիրել մեր այս անգամվա «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքը:

Մարզաձեւը՝ ֆուտբոլ

Դիրքը՝ հարձակվող

Թիմը՝ «Փյունիկ»

Տարիքը՝ 17

Ապրում է՝ Երեւանում

Սովորում է՝ համար 119 դպրոցում

Սիրած առարկա՝ Հայոց պատմություն

Մարզական կերպար՝ Լեո Մեսսի

Զբաղմունք՝ երգ լսել ու պատմական գրքեր կարդալ

Նպատակը՝ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու հանդես գալ Եվրոպայում

Լուսանկարը` Մեդիամաքս


Բակային ֆուտբոլից դեպի մարզադպրոց. Փոքր ժամանակ բակում ամեն օր ֆուտբոլ էի խաղում: 6 տարեկան էի, երբ հորեղբայրս ինձ առաջին անգամ տարավ «Փյունիկի» դպրոց, որտեղ մարզվում էր նաեւ նրա տղան: Մեր բակի մյուս երեխաներից շատերն էլ գնացին ֆուտբոլի, բայց հետո թողեցին: Ես շարունակեցի մարզումներս, որովհետեւ միշտ էլ իմացել եմ, որ կյանքիս նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալն է, ես հենց դա եմ ուզում ու ձգտում:

Դեռ այդ տարիքից սիրում եմ գոլ խփելը, դրա համար, երբ գնացի «Փյունիկ», արդեն որոշել էի, որ հարձակվող եմ դառնալու: Երբ գոլ եմ խփում ու հաղթանակ բերում իմ թիմին, անսահման երջանիկ եմ լինում, սա ինձ շատ է գրավում:

Հավաքական հրավիրվելուց մինչեւ դժվարություններ հաղթահարելը. 12 տարեկան էի, այդ տարիքային խմբի հավաքական էր կազմավորվել: Ես երկրում չէի ու չմասնակցեցի հավաքին, շատ էի տխրել: Մոտ վեց ամիս էր անցել, շարունակում էի պարապել ու ի վերջո ինձ հրավիրեցին հավաքին: Մեր ընտանիքում բոլորս ուրախացել էինք, աննկարագրելի պահ էր ինձ համար:

Իսկապես, բոլոր ֆուտբոլիստներն էլ սպասում են հավաքականից հրավեր ստանալուն: Այնտեղ հանդես գալով՝ երկրի պատիվն ես բարձր պահում, խաղում ես ոչ թե քեզ, այլ երկրի համար: Ակումբում էլ է շատ կարեւոր ելույթներդ, բայց հավաքականի խաղերն այլ են:

Տարբեր տարիքային հավաքականներ գնալով ինձ համար դժվարություններ չեն եղել, որովհետեւ թիմի կազմը, գրեթե, նույնն է մնացել: Այսօրվա Մ-19 տարեկան տղաների մեծ մասի հետ միասին ենք մեծացել, երկու տարի Ավանի Ակադեմիայում իրար հետ ենք ապրել, սովորել: Դժվարություն լինում է այն, որ չես խաղում, դրա համար պետք է շատ պարապել, աշխատել, ուղղել սխալները, որ ավելիին հասնես:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵՎՐՈ-2019-ը, մեկնարկում լինելն ու աճ գրանցելը. Դեռ մեկ ու կես տարի առաջ իմացանք, որ մինչեւ 19 տարեկանների ԵՎՐՈ-2019-ը կայանալու է Հայաստանում: Շատ էինք ոգեւորվել, բոլորիս ուշքն ու միտքը դա էր, սկսեցինք հենց այդ ժամանակից էլ պատրաստվել:

Սակայն հետո ինձ մոտ դժվար պահեր եղան, քանի որ որոշ ժամանակ չէի հրավիրվում թիմ: Այդ ընթացքում ֆուտբոլային որակներիս վրա էի աշխատում, մարզվում էի շատ, բայց մի պահ արդեն չէի հավատում, որ կլինեմ վերջնական ցուցակի մեջ: Շատ վատ էի զգում, որ բաց եմ թողնելու մրցաշարը: Բայց վերջին հավաքին ինձ հրավիրեցին թիմ, շատ-շատ էի ուրախացել:

Այդ ժամանակ սկսեցի էլ ավելի շատ պարապել, որովհետեւ դա պարտավորեցնող էր, ուզում էի ոչ թե պարզապես լինել ցուցակում, այլ խաղադաշտ դուրս գալ ու շատ ժամանակ անցկացնել: Վերջին խաղին մեկնարկային կազմում էի, հասկացա, որ քայլ առ քայլ աճում եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուժեղ մրցակից ունենալու մոտիվացիան. Ճիշտ է, մեր հավաքականն այդքան էլ լավ չխաղաց, բայց սա մեծ փորձ էր մեզ համար, որը հետագայում հաստատ պետք կգա: Գերհզոր մրցակիցներ էին մեզ բաժին հասել, դժվար էր, բայց բոլորով հավատում էինք միմյանց: Շատ էինք խոսում իրար հետ, պատրաստվում ու հավատով դուրս գալիս դաշտ: Մեզ օգնում էին երկրպագուները, ովքեր ողջ ընթացքում մեր կողքին էին: Հենց նրանք էին մեզ ուժ տալիս, որ մյուս խաղին կրկին անմնացորդ տրվեինք:

Ինձ համար առանձնացավ Պորտուգալիայի դեմ հանդիպումը, կարծում եմ այդ օրը լավ հանդես եկա: ԵՎՐՈ-ից հետո հասկացա, որ կյանքում շատ դժվարություններ են լինում, բայց հենց այդ ժամանակ պետք է ուժեղ գտնվես ու հաղթահարես, ինչն էլ կօգնի քեզ հետագայում: 

Մրցակցի անունը ինձ չի խանգարում: Երբ իմանում եմ ուժեղ մրցակցի դեմ պետք է խաղանք, ավելի եմ ոգեւորվում: Խաղից առաջ լարվածություն չեմ զգում, միգուցե փոքր ժամանակ կար նման բան, բայց հիմա մտածում եմ միայն հանդիպման մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ տունն ու ֆիզիկապես թույլ լինելը. «Փյունիկն» իմ հարազատ ակումբն է, 6 տարեկանից այնտեղ եմ հանդես գալիս, ինչ-որ տեղ երկրորդ տունս է դարձել: Այնտեղ շատ լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ: Իհարկե, իմ ցանկությունն է մի օր դառնալ «Փյունիկի» գլխավոր թիմի ֆուտբոլիստ ու հանդես գալ Բարձրագույն խմբում:

Հայաստանի Առաջին խմբում այս մրցաշրջանում շատ թիմեր են ավելացել, համեմատած նախորդ տարիներին մրցակցությունը մեծացել է: Ցավոք, որակական փոփոխություն այդքան էլ չեմ նկատում, բայց կարծում եմ, որ տարեցտարի կաճենք:

Մեկնարկային կազմում տեղ գտնելու պայքար բոլոր թիմերում էլ կա: Բայց մենք ընկերներ ենք ու եթե մի խաղ բաժին է հասնում իմ ընկերոջը, ես ոգեւորում եմ նրան, որպեսզի լավ հանդես գա, որովհետեւ նախ եւ առաջ դա օգուտ է տալու մեր թիմին:

Հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես թույլ են: Կարծում եմ, որ դա գալիս է առաջնությունից, եթե այն ուժեղ լինի, տեմպը բարձր, ապա կուժեղանանք: Հենց ֆիզիկապես թույլ լինելով է պայմանավորված, որ զիջում ենք Իսպանիայի կամ Իտալիայի պես հավաքականներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հանդիպումից մինչեւ ֆուտբոլային կյանք. Մեսսիին ու «Բարսելոնային» եմ երկրպագում: Ֆուտբոլային առաջին խաղը, որ հետեւել եմ, Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ՄՅՈւ եզրափակիչն էր, Մեսսին էլ գոլ խփեց ու հաղթեցին: Ֆուտբոլ խաղալն ու նայելը շատ են տարբերվում: Իհարկե, ես դիտելու ժամանակ ինչ-որ բաներ սովորում եմ, սակայն հիմնականում իմ խաղերն եմ վերլուծում ու փորձում գտնել սխալներս:

Պարտությունից հետո օրս փչանում է, տխրում եմ, բայց մեկ օր հետո պետք է ամեն ինչ մոռանալ ու հետեւություն անել: Հաղթանակից հետո, բնականաբար, ուրախ եմ լինում, սակայն էլի հարկավոր է արագ մոռանալ ու պատրաստվել հաջորդին: Ֆուտբոլը 90 րոպեով չի սահմանափակվում, այն իմ ամբողջ կյանքն է, որով ապրում եմ ամեն օր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատասեր, կարգապահ ու պրոֆեսիոնալիզմի ձգտող. Մեծանալով՝ պատասխանատվությունն է ավելանում, ֆուտբոլի հանդեպ կարեւորությունը: Ֆուտբոլն ու կյանքը տարբեր են, բայց միեւնույն ժամանակ կապված են իրար, հարկավոր է այնպես դասավորել ապրելակերպդ, որ չխանգարի ֆուտբոլին: Ես փորձում եմ միշտ այդպես անել, ռեժիմն ու կարգապահությունը մարզիչների շնորհիվ իմ մեջ կան դեռ փոքր ժամանակից:

Ֆուտբոլիստը պետք է լինի աշխատասեր ու կարգապահ: Եթե այս երկուսն ունենում ես, մեծ ֆուտբոլիստ դառնալու շանսերը մեծանում են: Ես իմ ֆուտբոլն եմ խաղում, բոլոր ուժերս եմ ներդնում: Աճելու շատ տեղ ունեմ, բոլոր որակներն էլ պետք է բարելավել, միշտ էլ ավելացնելու տեղ կա: Չգիտեմ տաղանդավոր եմ, թե չէ, բայց սիրում եմ աշխատել:

Նպատակս՝ ֆուտբոլիստ, իմ ուզած բարձր մակարդակի ֆուտբոլիստ դառնալն է, որը խաղում է եվրոպական լավ թիմում: Ու, իհարկե, ազգային հավաքականում հանդես գալն ու երկրի համար խաղալը:

Գրենիկ Պետրոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին