Ապրիլ 16, 2024
exclusive
69574 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Սոնա Ասատրյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռումինիայի Մամայա քաղաքում վերջերս կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սոնա Ասատրյանն իր կարիերայի ամենամեծ նվաճմանը հասավ:

Մինչեւ 18 տարեկանների առաջնությունում նա հաղթող դարձավ ու Հայաստանի հավաքականին միակ մեդալը բերեց: 

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում շախմատիստուհին պատմել է կարեւոր հաջողության ու շախմատի հետ իր կապի մասին:

Մարզաձեւը՝  շախմատ

Տարիքը՝  18 տ.

Բնակվում  է՝  Երեւանում

Անձնական մարզիչը՝ Արսեն Եղիազարյան

Սովորում է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիների 2-րդ կուրսում

Նվաճումները՝ Պատանիների ԵԱ-ի հաղթող (Մ-18 տ.), Հայաստանի չեմպիոն (Մ-10 ) ու փոխչեմպիոն (Մ-12, 14 ու 18 տ)

Մարզական կերպարը՝  Լեւոն Արոնյանը (լավ օրինակ է, շատ դժվարություններ է հաղթահարել, որ հասնի այն ամենին, ինչ այսօր ունի)

Սիրած զբաղմունքը՝ սիրում է լեզուներ ուսումնասիրել ու սովորել

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին դասերը. Հայրս նույնպես զբաղվել է շախմատով, նա էլ ինձ ու եղբորս սովորեցրել է խաղալ: 5 տարեկան էի այդ ժամանակ, եղբայրս այդպես էլ չսիրեց շախմատը: Մոսկվայում էինք ապրում ու դպրոցում եւս անցնում էի այդ առարկան: Աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը խմբակ ուներ, ես էլ մեծ սիրով հաճախում էի, ուղղակի հաճույք էի ստանում: Հաճախ էր պատահում, որ մայրիկս գալիս էր ինձ տուն տանելու ու չէր գտնում, գիտեր, որ շախմատի խմբակում եմ:

8 տարեկանում վերադարձանք Հայաստան: Հայրս ինձ շախմատի ակադեմիա տարավ, որտեղ սկսեցի մարզվել Ռոման Հակոբովի մոտ: 1 տարում հերթով լրացրի կարգերն ու դարձա Հայաստանի չեմպիոն: Այնուհետեւ սկսեցի մասնակցել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին: Լավագույն արդյունքս մինչեւ այս տարվա հաջողությունը տասնյակում ընդգրկվելն է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատի յուրահատկությունը. Այն շատ հարուստ խաղ է, չես կարող մեկ հատկանիշ տալ: Միաժամանակ շատ բարդ է, ինչքան ծանոթանում ես, հասկանում ես, որ խճճվում ես տարբերակների մեջ: Սպորտ լինելուց բացի նաեւ արվեստ է, սիրում եմ այդ ստեղծագործելու գեղեցկությունը, երբ կարողանում ես մտքերդ արտահայտել, ուրիշ ոչ մի մարզաձեւում այդպես չէ:

Չնայած Մխիթարյանն ասում է, որ միայն շախմատի տախտակի առաջ չէ, որ կարող ես մտածել, ֆուտբոլի դաշտում էլ է այդպես, նա ամեն փոխանցում կատարելիս մի քանի քայլ առաջ է մտածում: Ուղղակի շախմատում լավն այն է, որ քեզ համար ես պատասխանատու:

Մոտիվացիան ու վստահ խաղը. Եվրոպայի առաջնությունը շատ բարդ էր, իմ տարիքային խմբում  մոտ 50 հոգի էինք, ես 15-րդ համարն էի, դե ֆավորիտ չէի համարվում, բայց այդպես չէի մտածում: Կարծում էի, որ վարկանիշը կապ չունի: Միայն առաջին տուրում էր համեմատաբար հեշտ մրցակից ինձ բաժին ընկել, բայց նրա հետ էլ 3 ժամ պայքարել եմ հաղթանակի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջնությունում խաղս գնալով ավելի լավն էր դառնում, վախենում էի, որ ամեն ինչ այսպես սահուն ու հեշտ չի կարող ընթանալ, բայց միաժամանակ գիտեի, որ ամեն ինչ ինձնից է կախված, ինչո՞ւ պետք է պարտվեմ, եթե կենտրոնացած ու ուշադիր լինեմ: Դա մոտիվացնում էր ինձ ու դեպի լավը տրամադրում:

1-ին լուրջ հաջողությունը. 6-րդ տուրում Մարիամ Ավետիսյանի հետ էի խաղում, իրար հետ միշտ էլ դժվար է մրցել, երկուսս էլ պայքարում էինք 1-ին տեղի համար, ով հաղթեր, նա էլ առաջ կգնար: Մարիամը միշտ էլ լավ է խաղում, բայց այդ օրը ես ուժեղ գտնվեցի:

ԵԱ-ում մինչեւ վերջին տուրը չեմ մտածել, որ կհաղթեմ, գիտեի, որ արդյունքը միայն իմ խաղից է կախված: Այդ պատճառով էլ չէի մտածում մրցակիցներն ինչ կանեն, կենտրոնացել էի ինձ վրա: Վերջին տուրում կարող էի նաեւ հաղթել, սակայն ոչ-ոքիով էլ ապահովում էի 1-ին տեղս, դրա համար էլ ռիսկի չդիմեցի:

Սովորաբար պարտիաներից հետո վերլուծում եմ դրանք ու փորձում սխալներս գտնել: Մամայայում էլ այդպես էր, ինձ համար ամենակարեւորն այն էր, թե որտեղ եմ սխալվել, ու կապ չունի հաղթել էի այդ պարտիայում, թե պարտվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմակիցների համար ցավելը. Ես Հայաստանի հավաքականի միակ մեդալը նվաճեցի, շատ ափսոս էր, որ մյուսների մոտ չստացվեց: 5-րդ տուրից հետո հանգստյան օր էր, գրեթե, բոլոր տարիքային խմբերում մեր մասնակիցները առաջին տեղերում էին ու պայքարում էին մեդալների համար: Դրանից հետո, թե ինչ տեղի ունեցավ, չեմ կարող ասել, բայց ֆավորիտները իրար հետեւից 2 տուր պարտվեցին:

Վերջին տուրից առաջ էլ շանսեր ունեինք, բայց կրկին չստացվեց: Այդ պատճառով էլ եւ ուրախ էի, եւ տխուր, չգիտեի ինչ անել: 9 օր նրանց երկրպագել եմ, ոգեւորել, տեսել ինչպես են պայքարում, ու երբ պարտվեցին, ես էլ նրանց հավասար տխրեցի: Չէի ուզում առաջնությունն այդպես ավարտվի:

Գաղտնիքները. Պարտիայի ընթացքում, իհարկե, ոչ միայն շախմատի մասին ենք մտածում, գլխումդ կարող է անընդհատ ինչ որ երգ պտտվել, ասենք՝ առավոտյան պատահաբար լսած: Նույնիսկ ամեմապրոֆեսիոնալները չեն կարող կենտրոնացումն անընդհատ պահել: Ես երբեմն խաղացողներից մեկին իմ ծանոթներին եմ նմանեցնում ու այդ մարդու հետ կապված որեւէ պատմություն հիշում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատում հայերին միասնությունն է օգնում, թեեւ անհատական մարզաձեւ է, բայց իրար աջակցելն ու օգնելը եւս շատ կարեւոր են: Օտար ազգերի մոտ նկատել եմ, որ իրար նկատմամբ վատ են տրամադրված, եթե իրենց մոտ չի ստացվում, ուզում են մյուսներն էլ ձախողվեն: Հայ շախմատիստների մոտ հակառակն է, մենք չենք նախանձում իրար, իսկ եթե նկատում ենք, որ որեւէ բան չի ստացվում, ամեն ինչ անում ենք մեր թիմակցին ոգեւորելու համար:

Շախմատն իր հոգեբանությամբ է յուրահատուկ, մի քանի ժամվա ընթացքում դու հասցնում ես ուրիշ մարդու ճանաչել: Մրցակցիդ քայլերից, նստելու դիրքից, ամեն ինչից երեւում է, թե ինչպիսին է նա: Լուռ շփվում եք իրար հետ՝ միմիայն քայլերով:

Սպորտի օգուտը. Շախմատն իմ մեջ կամքի ուժն է ձեւավորել, առաջ ես այսպիսին չէի, շուտ էի հանձնվում: Հիմա հավատում եմ, որ ուրիշների պես իմ մոտ էլ կստացվի, ավելի եմ սկսել հավատալ ինքս ինձ: Եվրոպայի առաջնությունում շատ պատասխանատու էի վերաբերվում աշխատանքիս, չնայած դեռ աշխատելու շատ տեղ ունեմ:

Շախմատն ինձ շատ բան է տվել, մտավոր առավելություններից բացի նաեւ մեծ շրջապատ եմ ձեռք բերել: Երբ շախմատիստների հետ եմ լինում, ինձ իմ ափսեի մեջ եմ զգում, մենք մեր աշխարհն ունենք: Հավաքների ու մրցաշարերի ժամանակ միասին ենք լինում, երբ առօրյա կյանքին եմ վերադառնում, զարմանում եմ, թե մյուսներից որքան ենք տարբերվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեւ խաղաքարերն ու ձին. Ինձ թվում է միջնախաում եմ ուժեղ, դիրքային խաղացող եմ, սիրում եմ մարտավարություն մշակել, ինչն էլ որոշում է, թե ով է ավելի ուժեղ: Վերջնախաղն այն մարդում համար է լավ դասավորվում, ով միջնախաղում իր գործը հաջող է կատարել:

Սիրածս խաղաքարը ձին է, այն տարբերվում է բոլորից: Նախընտրում եմ սեւ խաղաքարերը: Սխալ կարծիք է, թե սպիտակներն են ուղորդում խաղը, հակառակը՝ սեւերն են ընտրում, ինչպես հակազդել նրանց ու որոշում սկզբնախաղը:  Ինձ միշտ էլ հաճելի է սեւերով խաղալ, Եվրոպայի առաջնությունում էլ խաղս ավելի լավ էր ստացվում: 

Դեն Բրաուն ու միստիկ  ֆիլմերը. Ազատ ժամանակ շատ եմ սիրում գրքեր կարդալ, վերջերս Դեն Բրաունի 4 հատորներն եմ ընթերցել: Առահասարակ գիտական-ֆանտաստիկա ժանրը շատ եմ հավանում: Ֆիլմերն էլ նույն ժանրում եմ նախընտրում, ինչպես նաեւ բարդ հոգեբանականները: Օրինակ սիրում եմ «Հեղինակություն» ֆիլմը, այն շատ հետաքրքիր է, ցույց է տալիս, թե խելքի շնորհիվ մարդն ինչքան կարող է առաջ գնալ, կամ «Խաբելու պատրանքը»:

Կամքի ուժն ու նպատակները. Հաղթանակից հետո կփորձեմ ավելի ինտենսիվ մարզվել, չնայած դասերից շատ եմ բացակայել, ուսմանս դուշադրություն կդարձնեմ: Հունվարին կարեւոր մրցաշար ունեմ՝ Հայաստանի կանանց առաջնությունը, պետք է լավ պատրաստվել, ապացուցելու համար, որ այս հաջողությունը պատահական չի եղել:

Ուզում եմ լավ մասնագետ դառնալ, լավ կրթություն ստանալ, շատմատով էլ կզբաղվեմ, կհամատեղեմ այդ երկուսը՝ ցույց տալով որ նման բան անելը հնարավոր է:

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին