Դեկտեմբեր 27, 2024
7649 դիտում

Արամ Ավագյանը նոր ընկերության կազմում կանցկացնի առաջին մենամարտը


Լուսանկարը` Punch Boxing Promotions


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել Salita փրոմոութերական ընկերության հետ եւ վերջինիս կազմում անցկացնելու է իր առաջին մենամարտը:

Այն կայանալու է Դեթրոյթում մարտի 13-ին, իսկ մրցակիցը մինչ այս պարտություն չունեցող Դագուբերտո Ագուերոն (Դոմինիկյան Հանրապետություն) է:

«Ես հրաժարվել եմ WBC International Silver գոտուց, քանի որ փրոմոութերական ընկերություն չունեի, իսկ գոտու համար նախատեսված ծախսերը շատ էին: Այո, ես այլեւս Punch Boxing ընկերության հետ չեմ աշխատում, սա երկկողմանի համաձայնությամբ է եղել, ոչ մի խնդիր չենք ունեցել: Պարզապես հասկացանք, որ ամեն ինչ մի օր ավարտվում է»,-ասել է Ավագյանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում ինտենսիվ մարզումներ եւ սպարինգներ է անցկացրել, մոտ մեկ ամիս է Հայաստանում է, որտեղ էլ իրեն օգնում են հավաքականի մարզիչներ Վահան Ադիլխանյանն ու Կարեն Աղամալյանը:

«Նոր ընկերություն գտնելուն ինձ օգնեց Արթուր Գեւորգյանը, մենք մի շարք առաջարկներ ստացանք, բայց որոշեցի աշխատել հենց Salita-ի հետ, որն առաջարկեց ոչ թե մեկանգամյա պայմանագիր, այլ երկարաժամկետ: Իմ նպատակները հաղթանակներ գրանցելն ու Աշխարհի չեմպիոնական գոտի նվաճելն է»,-ավելացրել է բռնցքամարտիկը:

Նա նշել է, որ եթե կարողացավ հաղթել Ագուերոյին ժամանակից շուտ, ապա, ըստ ամենայնի, ապրիլին եւս մենամարտ կունենա, իսկ եթե այն տեւի մինչեւ վերջ՝ մայիսին:

«Մի քանի օրից արդեն կմեկնեմ ԱՄՆ ու Դեթրոյթում կմարզվեմ տեղի մարզչի հետ: Առավելագույն նվիրվելու եմ ու պայքարեմ միայն հաղթանակի համար»,-եզրափակել է Ավագյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին