Դեկտեմբեր 05, 2024
exclusive
711 դիտում

Լեւոն Արոնյան. Հայաստանի հավաքականի գլխավոր գաղտնիքն այն էր, որ երազում էինք ու հավատում մեզ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` RFE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure


20-րդ դարում հայկական շախմատի ամենամեծ ու կարեւոր հաղթանակները կապված են Լեւոն Արոնյանի անվան հետ: Նա կարողացել է Հայաստանում շախմատը նոր աստիճանի բարձրացնել ու օգնել հասնել թիմային պատմական նվաճումների:

ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի թիմ ճանաչվելուն նվիրված Mediamax Sport-ի շարքի վերջին հարցազրույցը Լեւոն Արոնյանի հետ է: Նա հավաքականի ելույթներից հետաքրքիր մանրամասներ է հիշել, բացահայտել թիմով հաղթելու գաղտնիքներն ու խոստովանել, թե ինչու են Արթուր Աբրահամի պատճառով Օլիմպիադայի պարտիաներից մեկում պարտվել:

-Լեւոն, երբ Հայաստանը ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմի կոչմանն արժանացավ, Համաշխարհային Օլիմպիադան դեռ շարունակվում էր։ Ինչպե՞ս իմացար այդ ուրախալի նորությունը:

-Հետաքրքիրն այն է, որ տուրերից մեկի ավարտից հետո ՖԻԴԵ-ից հարցազրույց վերցրին ինձնից ու հարցրին, թե ո՞ր հավաքականներին եմ համարում լավագույնը: Նշեցի մեր տղամարդկանց ու Վրաստանի կանանց ընտրանիներին: Եվ օրեր անց հենց այդ երկու հավաքականներն էլ 100-ամյակի լավագույն թիմերի մրցանակներին արժանացան: Իրականում սխալ կլիներ ԽՍՀՄ-ին լավագույնը ճանաչել, քանի որ նրա կազմում տարբեր երկրների ներկայացուցիչներ են հանդես եկել, մյուս կողմից էլ՝ Հայաստանն իր ոչ այդքան բարձր վարկանիշով կարողացել է նման հերոսական արդյունքի հասնել:   

Լուսանկարը` FIDE


-Քանի որ Հայաստանի ընտրանին եւս մասնակցում էր Օլիմպիադային, առիթ ունեցա՞ք միմյանց հանդիպելու ու շնորհավորելու:

-Ցավոք, ոչ, քանի որ ԱՄՆ-ի ու Հայաստանի ընտրանիները քաղաքի տարբեր հատվածներում էին բնակվում, իսկ Օլիմպիադան իրականում շատ բարդ մրցաշար է ու իրար հետ շփվելու ժամանակ այդպես էլ չեղավ:  

-Լեւոն, ինչպե՞ս ես առաջին անգամ հայտնվել հավաքականում ու ո՞ր մրցաշարում ես ուժերդ փորձել:  

-Դեռ 1996 թվականին եմ ելույթ ունեցել Հայաստանի երկրորդ թիմի կազմում, իսկ գլխավոր հավաքականում հայտնվել եմ 1999 թվականին: Այդ տարի Եվրոպայի առաջնությունը Բաթումիում էր կայանում, ոչ ոք չէր ուզում մեկնել այնտեղ: Մասնակցությունից հրաժարվել էին Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Ռաֆայել Վահանյանը: Այնպես ստացվեց, որ որոշեցին ինձ ընդգրկել թիմում, մեր առաջին համարն այդ մրցաշարում Սմբատ Լպուտյանն էր, նրան հաջորդում էին Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը, իսկ ես 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկա: Վարկանշով 14-րդն էինք ու առանց փոխարինողների էինք խաղում, բայց տարօրինակ կերպով մեզ հաջողվեց 1-ին տեղը գրավել: Դրա համար էլ Եվրոպայի այդ առաջնության հետ կապված հիշողությունները շատ վառ ու հաճելի են ինձ համար:

-Իսկ նման լուրջ մրցաշարից առաջ պատասխանատվությունդ ու անհանգստությունդ շա՞տ էին:

-Իհարկե, առանց դրանց անհնար կլիներ, քանի որ ընդամենը 16 տարեկան էի: Արշակ Պետրոսյանի հետ էի մնում, նա մինչ այդ իմ մարզիչն էր եղել: Պարտիաներին լավ էի պատրաստվում եւ թիմում լավագույն արդյունքներից մեկը ցույց տվեցի: Շատ-շատ մեծ էյֆորիա էի ապրում, քանի որ մեզնից ոչ մեկը չէր սպասում այդ չեմպիոնությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այդ տարիներին կարո՞ղ էիր պատկերացնել, թե որքան մեծ շախմատիստ ես դառնալու, աշխարհի 2-րդ համարն ես լինելու ու հավաքականի հետ նման անհավանական նվաճումների ես հասնելու:

-Իհարկե, չէի կարող պատկերացնել: Իմ կարծիքով՝ հաջողության հասնելու գլխավոր գաղտնիքն այն էր, որ երազում էինք ու հավատում մեզ: Երբ թիմում միայն ավագ սերունդն էր՝ Սմբատը, Ռաֆիկն ու մյուսները, իրենք հիմնականում եռյակում տեղ գտնելու համար էին պայքարում, իսկ իմ ու Գաբիի (Գաբրիել Սարգսյան) մոտ երբեք այդպես չի եղել: Մենք մտածում էինք, իսկ ինչո՞ւ մենք չպիտի հաղթող դառնանք: Երբ կարողանում ես այդպիսի մոտեցում ունենալ ու մնացած վախերդ կոտրել, հաղթում ես ու մյուս թիմերն էլ են սկսում քեզնից վախենալ:


-Համարյա նույն միտքն էլ Գաբրիելն է ասել, երբ Ուկրաինայի չեմպիոնության ժամանակ դուք պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնած մտածել եք մյուս Օլիմպիադայի ոսկին նվաճելու մասին:

-Այդ տարիներին շատ հավակնոտ էի, Գաբիի հետ միասին էինք մարզվում ու շատ պրոֆեսիոնալ մոտենում շախմատին, ինչը լուրջ ձեռքբերում էր: Հակոբյանն էլ էր լավ խաղում, բայց այդքան էլ շատ չէր սիրում պարապել եւ մեզ հետ շփումից ոգեւորվեց: Տեսնում էր, որ նոր սերունդը շատ դրական է տրամադրված, ու ինքն էլ ավելի ուժեղացավ: Այդ տարիներին նա եւս կարողացավ շատ բաներ դեպի լավը փոխել:

-Փաստորեն Գաբրիելի հետ ձեր էներգիայով ու տրամադրվածությամբ վարակեցիք մյուսներին եւ իսկական թիմ դարձաք:

-Ամեն ինչ շատ անսպասելիորեն եղավ: Բնականաբար, ինքներս չէինք մտածում, որ մեր հայտնվելով շատ բաներ կփոխվեն: Երբ երիտասարդ տարիքում սկսում ես խաղալ, միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե ապագայում քեզ ինչ է սպասվում: Բայց երբեք չես կարող պատկերացնել, որ ունակ կլինես մի ամբողջ բնագավառ փոխել ու սերունդներին ոգեւորել քո խաղով եւ նվաճումներով: Դա շատ հաճելի ու միաժամանակ էլ տարօրինակ է:

Լուսանկարը` RFE


-Բայց ինչո՞ւ է տարօրինակ, մի՞թե մինչեւ հիմա էլ այդպես ես կարծում:

-Իհարկե, դեռ տարօրինակ է, քանի որ միշտ իմ խաղում վատ կողմեր շատ եմ տեսել, չնայած մեծ նվաճումների էլ հասել եմ: Համարել եմ, որ մարդկանց իմ ոճով ներշնչելն ու ոգեւորելը դժվար կլինի, բայց պարզվում է՝ հնարավոր է (ծիծաղում է, խմբ.):

-100-ամյակի թիմին նվիրված մեր հոդվածաշարի բոլոր զրուցակիցներն էլ շեշտել են, որ առանց քեզ Հայաստանի հավաքականի նվաճումներն այդքան մեծ չէին լինի ու որ թիմի իսկական առաջատարն էիր: Որքանո՞վ էր դժվար լինել առաջին համարն ու մյուսներին տանել քո հետեւից:

-Շատ հաճելի էր, քանի որ տղաներին շատ եմ սիրում եւ միասին միշտ ուրախ ենք եղել: Բացի այդ էլ մեզ մոտ ամեն ինչ շատ ուրիշ էր, իրար հետ շատ անմիջական էինք: Մարդիկ առաջատար ասելիս տարեց մեկին են պատկերացնում, բայց ես ավելի շատ խուլիգանական առաջատարություն ունեի: Ասում էի. «Տղաներ, հաղթելու ենք ու շատ ոգեւորված ենք լինելու», այդ տրամադրվածությունը շատ դեպքերում է մեզ օգնել: Կոլեկտիվներում ամենամեծ խնդիրը սովորաբար այն է, որ իրար շատ լուրջ են վերաբերվում, անկեղծ չեն խոսում կամ էլ վատ խաղից հետո ներողություն չեն խնդրում: Իսկ մեր թիմում լավագույն տարիներին ճիշտ հակառակն էր, եթե ինձ մոտ որեւէ բան չէր ստացվում, թիմակիցներից խորհուրդ էի հարցնում կամ էլ ասում. «Տղաներ, այսօր շատ վատ խաղացի»։ Նույն վերաբերմունքն էլ մյուսների դեպքում էր, միշտ իրար հետ բաց ենք եղել, դա միայն դրական է ազդել մեր խաղի ու հարաբերությունների վրա: Երբեք չենք նեղացել իրարից, որովհետեւ թիմային պայքարում հաճախ է լինում, որ խաղացողներից մեկը վատ դիրք է ստանում ու մյուսները պետք է ռիսկի դիմեն: Արդյունքում նա կարողանում է փրկվել, իսկ դու՝ զիջում ես ու այնպես է ստացվում է, որ թիմին վատություն ես անում (ծիծաղում ենք, խմբ.): Բացի այդ էլ ուժեղ էինք ու ոսկե թիմ էինք համարվում, իսկ երբ Սերոժը (Սերգեյ Մովսիսյանը) սկսեց ներկայացնել Հայաստանը, առավել հզորացանք ու նաեւ Աշխարհի առաջնությունում առաջինը դարձանք: Նինբոյի չեմպիոնությունը մեր ամենամեծ նվաճումներից էր:  


Լուսանկարը` FIDE


-Լեւոն, այդքան չեմպիոնական ելույթներից ո՞րն է առանձնանում քեզ համար:

-Իհարկե, Ստամբուլի Օլիմպիադան: Այնտեղ հաղթելն ու տեղացի հայերի ոգեւորությունը տեսնելը շատ յուրահատուկ էր: Ստամբուլում լավ ընկերներ ունեմ ու նրանց համար այդ չեմպիոնությունը մեծ ուրախություն էր: Իմ կարծիքով՝ այսօրվա Թուրքիայում ապրելը հայերի համար արդեն իսկ հերոսություն է, միշտ պետք է զգոն լինես, վախենաս հայերենով խոսել, ամեն օր աչքիդ առաջ Աթաթուրքի նկարն ունենաս: Հենց դրա համար է այդ հաղթանակն առանձնանում ինձ համար, լրիվ ուրիշ զգացողություններ եւ հպարտություն տվեց: Ստամբուլում նաեւ պատանեկան Օլիմպիադայում էի հաղթել, այն ժամանակ փակմանը հաղթող երկրի անունը հայտարարեցին որպես Ալեմանիա, այսինքն՝ Գերմանիա, ոչ թե Արմենիա: Այդքանից հետո ինչպե՞ս կարող է Թուրքիայում նվաճած ոսկին չտարբերվել:

-Որքան էլ հավատում էիք ձեր հաղթանակին, բայց 2006-ին շատ քչերը կարող էին ակնկալել, որ Թուրինում Հայաստանի հավաքականը 1-ինը կլինի: Ի՞նչ ապրումներ ու հիշողություններ ունես առաջին չեմպիոնական Օլիմպիադայից:

-Չեմպիոնությունը ժամանակից շուտ էինք ապահովել ու վերջին տուրում պետք է մրցեինք Հունգարիայի հետ: Իրենք էլ ձգտում էին 3-րդ տեղը գրավել ու մեզ ոչ-ոքի առաջարկեցին, որին արագ համաձայնվեցինք ու ավարտեցինք դիմակայությունը: Ողջ մրցաշարի ժամանակ անչափ շատ էներգիա ունեինք, լրիվ այլ ապրումներ ու ներքին վստահություն կար, որ հենց մենք ենք հաղթելու: Ռուսաստանի հետ շատ բարդ հանդիպում ունեցանք, բայց Գաբրիելը հաղթեց։ Չինաստանի հետ էլ հեշտ խաղ չստացվեց, բայց միեւնույն է զգում էինք, որ պատրաստ ենք ոսկուն: Կարենն (Ասրյան) ու Վովան (Վլադիմիր Հակոբյանը) շատ պինդ էին խաղում ու նրանց հետ որեւէ վախ չունեինք: Գաբին այդ Օլիմպիադայում ֆանտաստիկ գործեց, Վովան էլ շատ պարտիաներում հաղթեց:


-Լեւոն, քեզնից բացի բոլորին նշեցիր:

-Դե, ես էլ մի քանի կարեւոր պարտիայում հաղթանակ տարա:

-Ու 2 տարի անց արդեն եկավ Դրեզդենում հաջողությունը կրկնելու ժամանակը:  

-Շատ տարօրինակ հաղթանակ էր, ոնց որ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Միայն  Իսրայելին պարտվեցինք, դա էլ գիտեմ, թե ինչու: Ավոն՝ Արթուր Աբրահամն էր եկել մեզ հետ նկարվելու ու սպասում էր, մենք էլ խաղի վրա կենտրոնանալու փոխարեն դրա մասին էինք մտածում ու շատ վատ խաղացինք (ծիծաղում ենք, խմբ.): Գելֆանդին զիջեցի, լավ է գոնե մրցաշարային աղյուսակում իրավիճակը չփոխվեց, որովհետեւ լավ առաջ էինք: Շատ ծիծաղելի էր, որովհետեւ մինչ այդ Երեւանում Սերժ Ազատովիչը խոստացել էր լավ խաղալու դեպքում մի քանի օրով գալ մրցաշարին: Երկու մրցակցի հաղթելու դեպքում 2-3-րդ տեղը կապահովեինք, հնարավոր է՝ նաեւ առաջինը լինեինք: Սերբիային հաղթելուց հետո Չինաստանի հետ բարդ հանդիպում էր սպասվում, որին նախորդող երեկոյան գնացինք ռեստորան, բոլորի տրամադրությունը լավ էր, պարում էինք ու քեֆ անում: Մի քիչ էլ խմել էինք ու այդ ամենն օգնեց ազատվել լարվածությունից, թուլանալու կարիք ունեինք, ինչից հետո ամեն ինչ մեր ուզածով գնաց: Ես, Գաբին ու Վովան ոչ-ոքի արեցինք, իսկ Տիկոն (Տիգրան Պետրոսյան) հաճելի դիրք ուներ, նախօրեին Արշակ Պետրոսյանն էր նրան հուշել այդ տարբերակը: Գիտեինք, որ հաստատ չի պարտվի, իսկ շատ հնարավոր է՝ նաեւ հաղթի: Մրցակիցը սխալվեց, եւ Տիկոն կարեւոր միավոր վստակեց ու անսպասելիորեն չեմպիոն դարձանք: Առաջին անգամ զգում էինք, որ ուժեղ ենք ու մեր էներգիայի հաշվին ենք կարողացել հաղթել: Մեր 3 չեմպիոնություններն էլ շատ տարբեր են եղել: Առաջինի դեպքում համարում էինք, որ հաղթեցինք մեր երիտասարդական ավյունի շնորհիվ, երկրորդի ժամանակ ինքներս էլ չհասկացանք ինչպես ստացվեց, իսկ Ստամբուլում առաջին տուրից մինչեւ վերջինը Ռուսաստանի հետ քիթ քթի հավասար պայքարում էինք: Իրենք էլ էին շատ հավաքված եւ ուզում էին հաղթել, բայց մենք էլ չէինք թուլանում եւ ձգտում էինք կրկնել չեմպիոնությունը: Եթե չեմ սխալվում, երկու հավաքականով միասին ընդամենը 1 միավոր էինք զիջել մրցակիցներին, ինչն Օլիմպիադաներում հազվադեպ է լինում, բացի այդ էլ շատ հավասար էինք ընթանում:


-Այդ Օլիմպիադայում մինչեւ վերջ մեզ շատ լարված պահեցինք ու չգիտեինք, թե իրականում ով է չեմպիոնը՝ մե՞նք, թե՞ Ռուսատանը։ Փաստորեն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեցինք նրանց:

-Ստամբուլում շատ հետաքրքիր դրամա ծավալվեց: Նախավերջին տուրում պետք է խաղայինք Արգենտինայի հետ, բայց երբ հասանք մրցավայր, վիճակահանության մեջ Նիդերլանդներն էին մեր դիմաց գրված: Զարմացանք ու զանգահարեցինք մեր ծանոթ մրցավարին, որպեսզի ամեն ինչ պարզաբանի: Նա եկավ ու սկսեց լավ խոսնակների պես մեզ համոզել: Բոլորս զայրացած էինք, քանի որ Արգենտինան Նիդերլանդներից անհամեմատ թույլ էր ու ռուսներին էր բաժին ընկել: Տղաները լարված էին, ես էլ՝ ջղայնացած ու լրիվ լուրջ ասացի. «Խոսք եմ տալիս, եթե այս վերջին երկու հանդիպումներում հաղթենք ու լրացուցիչ ցուցանիշներով առաջինը չլինենք, մեզ հասանելիք պարգեւավճարներն ինքս կվճարեմ»: Տղաները կարողացան դուրս գալ այդ վիճակից, հավաքվեցին ու 3:1 հաշվով շատ հեշտ հաղթանակ գրանցեցինք: Իսկ Ռուսաստանը ճկռելով ու տանջվելով արգենտինացիներին գերազանցեց 2,5:1,5 հաշվով: Հունգարացիների դեմ վերջին տուրում Սերոժին Ալմաշի դեմ գործելու տարբերակ ցույց տվեցի ու նա շատ հանգիստ հաղթեց, ես եւ Գաբին ոչ-ոքի էինք արել ու մնացել էր Վովայի պարտիան, որը մրցում էր Յուդիտ Պոլգարի հետ: Դիրքը ոչ-ոքիի էր, բայց նա տարօրինակ բաներ էր անում (ծիծաղում ենք, խմբ.): Հունգարիային գերազանցելը շատ կարեւոր էր, քանի որ Ռուսաստանը մինչ այդ արդեն հաղթել էր իր մրցակցին: Վայ, այդ ինչ էմոցիաներ էին մեզ մոտ, Վովան մեկ պարտվում էր, մեկ՝ ոչ-ոքի անում, արդյունքում միավորը կիսեց ու գնացինք լրացուցիչ գործակիցները հաշվելու: Ու փաստորեն հաղթեցինք այն պատճառով, որ Նիդերլանդների հետ էինք խաղացել, իսկ Ռուսաստանը՝ Արգենտինայի: Բացառիկ բան էր, այդ անգամ բախտն էլ մեզ ժպտաց:  

-Երբեք հնարավոր չէ մոռանալ, թե ինչպիսի հաճույքի ու հպարտության պահեր էիք պարգեւում բոլորիս, որքան մեծ ոգեւորությամբ էինք դուրս գալիս փողոցներ ու սպասում մեր թիմի վերադարձին:

-Մեզ համար էլ այդ պահերն ու օրերը միշտ անմոռանալի կմնան:

Լուսանկարը` euroteams2017.com


-Խոսենք նաեւ հավաքականի նվաճումներում Արշակ Պետրոսյանի դերակատարման ու կարեւոր ներդրման մասին:

-Արշակը որպես մարզիչ այնքան դրական կողմեր ունի: Առաջին հերթին նա կոնֆլիկտները հարթող, նաեւ շատ հանգիստ, կատակասեր եւ ուրախ մարդ է, որի համար գլխավորը մեր համատեղ աշխատանքն էր: Խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծում էր: Հասկանում էի, որ շատ առումներով ինձ միշտ ազատություն է տալու, քանի որ կարողանում եմ տղաներին ոգեւորել: Այն թիմերի նման չէինք, որոնցում միայն մարզիչն է ամեն ինչ որոշում: Արշակի ու մեր միջեւ ընկերական հարաբերություններ էին, գիտեր, որ ինքներս էլ ճիշտ որոշումներ ենք կայացնելու ու բնավ էլ ամեն հարցում իր միջամտությունը պետք չէ: Ոչ բոլոր մարզիչներն այդպես կանեն, քանի որ առաջին տեղում սեփական էգոն են դնում ու պետք է վերջին խոսքն ասողը եւ որոշում կայացնողը լինեն: Մինչդեռ Արշակի համար թիմն է կարեւոր ու շատ բաների չէր խառնվում: Թեեւ մեզ համար էլ իր համակարգին հարմարվելը հեշտ չէր, քանի որ ուժեղ կազմը միշտ պետք է պատրաստ լիներ ու խաղար: Երբեք մարզչի որոշումներին չէինք հակառակվում կամ էլ հանգստանալու համար հետը վիճում: Նա կարողանում էր ամեն ինչ այնպես ճիշտ ներկայացնել ու բացատրել, որ գիտակցես թիմով արդյունքի հասնելու կարեւորությունը:  


-Ձեզ իսկապես հաջողվել է թիմ ստեղծել, ինչը ոչ բոլորի մոտ է ստացվում:

-Դա բոլորիս շնորհիվ էր: Մարզիչը թիմային ոգին, երիտասարդներին եւ ուրախ միջավայր սիրող մարդ է, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ հենց հավաքականին ծանր մարդիկ էին միանում, մթնոլորտը տխուր էր դառնում: Կոլեկտիվի թեթեւությունը ամենակարեւոր գործոններից է, որովհետեւ մեր խաղը առանց այդ էլ բավական բարդ է եւ ուժերի վրա ազդում է, շատ ես լարվում ու միշտ լուրջ լինում: Բացի այդ էլ մեզ միշտ վստահել են ու թույլ տվել թիմ բերել մեր ուզած մարդկանց: Երբ Ստամբուլի Օլիմպիադայի ժամանակ պնդեցի օգնականի անհրաժեշտության մասին, թիմին միացավ Արման Փաշիկյանն ու իր գիտելիքներով եւ աշխատասիրությամբ մեզ շատ օգնեց նորից հաղթել: Նաեւ շատ մրցաշարերի ժամանակ մեր կողքին էր իմ ընկեր ու բժիշկ Արմեն Աղուզումցյանը:

Լուսանկարը` Photolure


-Լեւոն, իսկ ԱՄՆ-ի հավաքականում թիմակիցներդ քեզ շնորհավորեցի՞ն ՖԻԴԵ-ի վարկածով Հայաստանի հետ լավագույնը դառնալու առնչությամբ:

-Իհարկե, ամերիկացի թիմակիցներս իրենք էլ հասկանում են, որ ԱՄՆ-ում եւս առաջատարն եմ ու դրա հետ արդեն հաշտվել են (ծիծաղում ենք, խմբ.): Այնտեղ էլ եմ ուզում շատ որոշումներ կայացնել: Մեր թիմը լավն է, շախմատիստներն իսկական պրոֆեսիոնալներ են, բայց պարզ է, որ իմ սիրտը Հայաստանի հետ է։ Այդքան երկար տարիներ եմ անցկացրել ու համեստ չեմ լինի՝ հասել մեր պատմության ամենավառ նվաճումներին, որոնք եզակի են հայկական սպորտի համար:

-ԱՄՆ-ի հավաքականում կարգավիճակդ մեկ բանով էլ է փոխվել, որ հիմա հայրիկ ես, ինչպե՞ս է դուստրդ փոխել քեզ:

-Զաբելն ինձ ավելի նպատակասլաց է դարձրել, ուզում եմ լավ խաղալ, որ մեծ տարիքում ինձնով հպարտանալու շատ առիթներ ունենա:

-Լեւոն, շատերը տխրեցին, երբ հայտնեցիր Հայաստանի հավաքականից հեռանալու մասին։ Ոեեւ հիմա էլ բացակայությունդ զգացվում է, բայց առանց քեզ էլ մեր թիմը վերջին խոշոր մրցաշարերում իրեն վատ չդրսեւորեց:


-Մեր թիմը միշտ էլ ուժեղ է լինելու, որովհետեւ յուրահատուկ մոտեցում կա: Իրականում շատ եմ հպարտանում, որ մեր տղաներն այդքան պայքարող ու չընկճվող են: Միշտ էլ կապը պահում եմ, փորձում եմ հնարավորության դեպքում աջակցել ու նաեւ հետները մարզվել: Նրանք իմ ընկերներն են ու միաժամանակ ուժեղ շախմատիստներ, որոնց հետ պարապելիս հաճույք եմ ստանում:  

Լեւոն Արոնյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին