Դեկտեմբեր 26, 2024
5733 դիտում

ԵՎՐՈ-2024․ F խումբ


Լուսանկարը` nakrebi.ge

Լուսանկարը` nakrebi.ge

Լուսանկարը` TFF

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Česká fotbalová reprezentace


Վաղվանից Գերմանիան կընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Արդեն բոլոր հավաքականները ժամանել են մրցավայր ու վերջին պատրաստությունն են անցկացնում։

ԵՎՐՈ-2024-ի խմբերին նվիրված մեր հոդվածաշարերն ավարտենք F խմբով, որտեղ ընդգրկված են Հայաստանի հարեւաններ Թուրքիան ու Վրաստանը, ինչպես նաեւ Պորտուգալիան եւ Չեխիան։

Թուրքիա

Լուսանկարը` TFF


Թուրքիայի ընտրանին որակավորման D խմբի հաղթողն է։ Այս խմբում ընդգրկված էր նաեւ Հայաստանի հավաքականը, որի նկատմամբ թուրքերը հաղթանակ տարան Երեւանում, իսկ ոչ-ոքի խաղացին սեփական հարկի տակ։ Այս թիմը ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր ապահովեց ժամանակից շուտ՝ Լատվիայի նկատմամբ տոնած տնային հաղթանակից հետո։

ԵԱ-ն Թուրքիայի համար լինելու է երրորդ անընդմեջ մասնակցությունը, իսկ լավագույն արդյունքն այս երկիրը ցույց է տվել 2008-ին՝ հասնելով կիսաեզրափակիչ։

Վրաստան

Լուսանկարը` nakrebi.ge


Այն, ինչ արեց Վրաստանի հավաքականը, մեծագույն հարգանքի է արժանի։ Մեր մյուս հարեւանը պատմության մեջ առաջին անգամն է մասնակցելու Եվրոպայի առաջնության, ինչը մեծագույն ոգեւորություն է առաջացրել այդ երկրում։

Որակավորման A խմբում գրավելով 4-րդ տեղը՝ Վիլլի Սանյոլի թիմն իրավունք նվաճեց պայքարել փլեյ-օֆֆում, որտեղ էլ հաղթեց նախ Լյուքսեմբուրգին, ապա՝ Հունաստանին։ Ողջ Վրաստանն այս հաջողությունը տոնում էր օրեր շարունակ, իսկ հիմա  փորձելու են անակնկալները շարունակել ու հաղթանակներ գրանցել նաեւ եզրափակիչ փուլում։

Պորտուգալիա

Լուսանկարը` Seleções de Portugal


Պորտուգալիայի հավաքականի կազմում աստղերի պակաս չկա, խմբից դուրս գալու ամենամեծ շանսերն էլ հենց վերջինիս են պատկանում։

Եվրոպայի առաջնություններում պորտուգալացիները մասնակցել են 8 անգամ, իսկ 2016-ին առաջին անգամ դարձել չեմպիոններ։

Թիմն այսօր գլխավորում է Ռոբերտո Մարտինեսը, որի հետ նման խոշոր մրցաշարի պորտուգալացիները մասնակցելու են առաջին անգամ։

Առաջատար եւ ավագ Քրիշտիանու Ռոնալդուի համար սա լինելու է Եվրոպայի 6-րդ առաջնությունը։ Հենց նրան են պատկանում Եվրոպայի առաջնությունների հետեւյալ ռեկորդները՝ 14 խփած գոլ ու անցկացրած 25 հանդիպում։

Չեխիա

Լուսանկարը` Česká fotbalová reprezentace


Չեխիան Եվրոպայի առաջնություններում հանդես եկել է 10 անգամ, այդ թվում նաեւ որպես Չեխոսլովակիա։ Լավագույն արդյունքը գրանցվել է 1976-ին, երբ հենց որպես Չեխոսլովակիա պետություն հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Սպասվում է, որ խմբում երկրորդ տեղի համար պայքարելու են չեխերը եւ թուրքերը, որոնք յուրաքանչյուր խաղում ձգտելու են հասնել առավելագույնին։ Ըստ տարբեր վերլուծաբանների՝ Չեխիայի ընտրանին ի զորու է հաջողության հասնել ու շարունակել պայքարը փլեյ-օֆֆում։

ԵՎՐՈ-2024․ A խումբ
ԵՎՐՈ-2024․ В խումբ
ԵՎՐՈ-2024․ С խումբ
ԵՎՐՈ-2024․ D խումբ
ԵՎՐՈ-2024․ Е խումբ

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին