Սեպտեմբեր 08, 2024
2724 դիտում

ԵՎՐՈ-2024․ A խումբ


Լուսանկարը` Germany Football Team

Լուսանկարը` Germany Football Team

Լուսանկարը` Scotland National Team

Լուսանկարը` Swiss Nati Men

Լուսանկարը` MLSZ


Հունիսի 14-ից ֆուտբոլի սիրահարները սկսելու են հետեւել Եվրոպայի առաջնությանը։

Այս տարի այն ընդունում է Գերմանիան, իսկ միմյանց դեմ մրցելու են 24 հավաքական, որոնք բաժանվել են 6 խմբի։

ԵՎՐՈ-2024-ի ստադիոնները


Ծանոթանանք թիմերի հետ ու սկսենք А խմբից, որտեղ հանդես են գալու Գերմանիայի, Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։

Գերմանիա

Լուսանկարը` Germany Football Team


Գերմանիայի ընտրանին 13 անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնություններում։ Վերջին ԵԱ-ի ժամանակ, այսինքն 2021-ին, հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ։ Այս առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք է բերել որպես ընդունող երկիր։

Եվրոպայի եռակի չեմպիոն ու եռակի արծաթե մեդալակիր Գերմանիան վերամիավորվելուց հետո առաջին անգամն է ընդունելու ԵՎՐՈ-ն (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը ԵԱ ընդունել է 1988-ին)։ Հավաքականը գլխավորում է «Հոֆենհայմ»-ի, «Լայպցիգ»-ի եւ «Բավարիա»-ի նախկին մարզիչ 36-ամյա Յուլիան Նագելսմանը, որը 2023-ի սեպտեմբերին այս պաշտոնում փոխարինել է Հանսի Ֆլիկին։

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը 1972-ին ու 1980-ին է դարձել Եվրոպայի չեմպիոն, իսկ արդեն միավորված Գերմանիան՝ 1996-ին։

Այս հավաքականն աստղային անունների պակաս չունի՝ Ֆրանց Բեկենբաուեր, Գերդ Մյուլլեր, Յուրգեն Կլինսման, Մարիո Գոմես, Միրոսլավ Քլոզե կամ էլ Մանուել Նոյեր։ Այսօր եւս գերմանացիների կազմում ոչ պակաս աստղեր կան՝ Թոմաս Մյուլլեր, Ջոշուա Կիմիխ, Կայ Հավերց, Թոնի Կրոս։

Ամենաշատ հանդիպումները Եվրոպայի առաջնություններում անցկացրել է Բաստիան Շվայնշտայգերը՝ 18 խաղ։ ԵՎՐՈ-ում ամենաշատ գոլեր խփել են Յուրգեն Կլինցմանն ու Մարիո Գոմեսը՝ 5-ական գնդակ։

Շոտլանդիա

Լուսանկարը` Scotland National Team


Շոտլանդիայի ընտրանին ԵՎՐՈ-ում հանդես է եկել երեք անգամ՝ 1992, 1996 եւ 2021։ Բոլոր անգամներն էլ բավարարվել է խմբային փուլով։

Սթիվ Քլարքի թիմը եզրափակչի ուղեգիր ապահովել է միայն այն բանից հետո, երբ Նորվեգիան սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Իսպանիային։

Վերջին ԵՎՐՈ-ի ժամանակ շոտլանդացիները ոչ մի հաղթանակ չեն տոնել։

Հունգարիա

Լուսանկարը` MLSZ


Այս երկրի հավաքականը ԵՎՐՈ-ում հանդես է եկել չորս անգամ, լավագույն արդյունքը գրանցել է 1964-ին՝ գրավելով 3-րդ տեղը։ ԵՎՐՈ-2020-ին խմբից դուրս գալ չի կարողացել։

Հունգարները 1972-2016 թվականները չեն կարողացել հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը, սակայն դրանից հետո երեք անգամ անընդմեջ ուղեգիր են նվաճել։ ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր ապահովել են Բուլղարիայի հետ 2։2 հաշիվ գրանցելուց հետո։

Շվեյցարիա

Լուսանկարը` Swiss Nati Men


Շվեյցարացիները 5 անգամ մասնակցել են ԵՎՐՈ-ին։ Լավագույն արդյունքը եղել է վերջին առաջնության ժամանակ, երբ դուրս են եկել քառորդ եզրափակիչ։

Որպես ընդունող երկիր՝ Շվեյցարիան անցկացրել է 2008-ի ԵԱ-ն։ Իսկ առաջին անգամ այս մրցաշարին մասնակցել է 1996-ին ու դրանից հետո ընդամենը երկու անգամ բաց թողել այն՝ 2000-ին եւ 2012-ին։

Տուրի առաջին խաղերը կկայանան հուլիսի 14-ին ու 15-ին։ Միմյանց դեմ կմրցեն Գերմանիան ու Շոտլանդիան, մեկ օր անց՝ Հունգարիան ու Շվեյցարիան։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին