Դեկտեմբեր 27, 2024
1180 դիտում

ԵՎՐՈ-2024-ի ստադիոնները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Harri Schultz

Լուսանկարը` Martijn Mureau

Լուսանկարը` Stadiumguide

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Thomas Robbin

Լուսանկարը` Rbleipzig

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում հավաքվելու են եվրոպական ֆուտբոլի աստղերը եւ վիճարկեն Եվրոպայի գավաթը՝ իրենց ցուցադրած հանդիպումներով հիացնելով միլիոնավոր երկրպագուների։

2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ԵԱ-ն առաջին խոշոր ֆուտբոլային մրցաշարն է, որը կայանալու է Գերմանիայում։ Այն հյուրընկալելու են 10 քաղաքի նույնքան ստադիոնները։ Ծանոթանանք այդ կառույցներին, որոնք մեկ ամիս շարունակ իրենց դռները բաց են պահելու ֆուտբոլը սիրողների համար։

Բեռլին

Լուսանկարը` Martijn Mureau


Բեռլինն աշխարհի ամենապահանջված քաղաքներից է, որը մշակույթի, սպորտի, նորաձեւության, ճարտարապետության կենտրոններից է։ Հենց այստեղ «Օլիմպիաշտադիոն»-ում էլ կայանալու են ԵՎՐՈ-ի կարեւոր հանդիպումներից մի քանիսը։ Ստադիոնում, որը տեղավորում է 71,000 հանդիսական, հանդես է գալիս «Հերտա»-ն։

ԵՎՐՈ-2024-ի ամենամեծ ստադիոնը 1985 թվականից ընդունում է Գերմանիայի գավաթի եզրափակիչը։ 2006-ին «Օլիմպիաշտադիոն»-ում կայացել է Իտալիայի եւ Ֆրանսիայի դիմակայությունը, որի ժամանակ Աշխարհի գավաթին տիրացել են իտալացիները։ Իսկ 2015-ին հենց այստեղ է «Բարսելոնա»-ն հաղթել «Յուվենթուս»-ին ու գլխավերեւում պահել ՉԼ-ի գավաթը։

Բացի խմբային խաղերից (Իսպանիա-Խորվաթիա, Լեհաստան-Ավստրիա, Նիդերլանդներ-Ավստրիա), այստեղ կկայանան մեկական 1/8 եւ 1/4 եզրափակիչ, իսկ հուլիսի 14-ին «Օլիմպիաշտադիոն»-ում կիմանանք Եվրոպայի առաջնության չեմպիոնի անունը։

Համբուրգ

Լուսանկարը` Harri Schultz


Համբուրգը մեծությամբ Եվրոպայի 3-րդ քաղաքն է, չհաշված մայրաքաղաքները։ Այն ունի աշխարհահռչակ նավահանգիստ, հարուստ մշակութային ավանդույթներ, շատ գեղեցիկ հին շենքեր եւ աշխույժ գիշերային կյանք:

«Ֆոլկսպարկշտադիոն»-ը տեղավորում է 49,000 երկրպագու, իսկ պատկանում է «Համբուրգ»-ին։ 2010-ին այստեղ կայացել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչը։

«Ֆոլկսպարկշտադիոն»-ն առաջին անգամ դռները բացել է 1953-ին, իսկ 2000-ին այն հիմնովին վերակառուցվել է՝ վերածվելով զուտ ֆուտբոլային ստադիոնի։

Այստեղ կկայանան խմբային (Լեհաստան-Նիդերլանդներ, Խորվաթիա-Ալբանիա, Վրաստան-Չեխիա, Չեխիա-Թուրքիա) եւ մեկ 1/4 հանդիպումներ։

Գելզենկիրխեն

Լուսանկարը` Stadiumguide


Իր զարգացման համար Գելզենկիրխենը պարտական է ածխի եւ պողպատի արդյունաբերությանը։ Չնայած քաղաքն այսօր ոչ միայն կարեւոր արդյունաբերական կենտրոն է, այլեւ հանդարտ մի կանաչ վայր, որտեղ կարելի է այցելել թատրոն կամ զբոսնել նավով:

«Արենա ԱուֆՇալկե»-ն կարող է ընդունել 50,000 երկրպագուի, իսկ 2004-ին կայացել է ՉԼ-ի եզրափակիչը։

«Արենա ԱուֆՇալկե»-ն երիտասարդ ստադիոն է եւ բացվել է 2001 թվականին։ Գերմանիայի յոթակի չեմպիոն «Շալկե»-ի տնային ստադիոնն է։ Ստադիոնը կարող է պարծենալ իր շարժվող հատակով ու փակվող տանիքով։ Այն ժամանակակից ու գեղեցիկ ֆուտբոլային կառույցներից մեկն է։

Գելզենկիրխենում կկայանան Սերբիա-Անգլիա, Իսպանիա-Իտալիա եւ Վրաստան-Պորտուգալիա հանդիպումները, ինչպես նաեւ 1/8 եզրափակիչ մեկ դիմակայություն։

Դորտմունդ

Լուսանկարը` UEFA


Ռուրյան շրջանի մշակութային կենտրոնը Դորտմունդն է, չնայած ընդամենը կես դար առաջ հայտնի էր միայն ածուխով, պողպատով եւ գարեջրով։

Այդ ժամանակից ի վեր քաղաքը վերածվել է տեխնոլոգիական կենտրոնի՝ առաջադեմ մշակույթով եւ աշխույժ սպորտային կյանքով, ինչին կարելի է համոզվել տեղի Գերմանական ֆուտբոլի թանգարանում:

«BVB-շտադիոն»-ում տեղավորվում են 62,000 ֆուտբոլասերներ, իսկ այն «Բորուսիա»-ի տնային ստադիոնն է։

«BVB-շտադիոն»-ը հայտնի է իր «Դեղին պատ» տրիբունայով, որը միշտ աջակցում է սիրելի «Բորուսիա»-ին։ Այն ԵՎՐՈ-2024-ի ամենամեծ ստադիոններից է եւ ընդունել է մի շարք կարեւոր հանդիպումներ։

Այս անգամ էլ այստեղ կայանալու են Իտալիա-Ալբանիա, Թուրքիա-Վրաստան, Թուրքիա-Պորտուգալիա, Ֆրանսիա-Լեհաստան խաղերը, 1/8 եւ 1/2 մեկական հանդիպում։

Դյուսելդորֆ

Լուսանկարը` UEFA


Դյուսելդորֆը Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի մայրաքաղաքն է եւ ունի 650 հազար բնակիչ։ Հին քաղաքը կոչում են «աշխարհի ամենամեծ բար», քանի որ այստեղ կա 250 փաբ ու ռեստորան։

«Դյուսելդորֆ-Արենա»-ն «Ֆորտունա»-ի ստադիոնն է ու տեղավորում է 47,000 մարդու։ Այստեղ կկայանա խմբային երեք հանդիպում (Ավստրիա-Ֆրանսիա, Սլովակիա-Ուկրաինա եւ Ալբանիա-Իսպանիա), մեկ 1/8 եզրափակիչ եւ մեկ քառորդ եզրափակիչ։

Քյոլն

Լուսանկարը` Thomas Robbin


Հռենոս գետ շուրջ կանգնած ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Քյոլնը ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։ Տեղի Սուրբ Պետրոսի տաճարը Գերմանիայի ամենաշատ այցելու ունեցող տեսարժան վայրն է եւ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

«Քյոլն Շտադիում»-ը «Քյոլն»-ի տնային ստադիոնն է՝ 43,000 նստատեղով։ 2020-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ ընդունած ստադիոնն է։ Այն վերակառուցվել է ԱԱ-2006-ի համար եւ պարբերաբար ընդունում է Գերմանիայի կանանց գավաթի եզրափակիչները, հոկեյի եւ ամերիկյան ֆուտբոլի դիմակայություններ, կազմակերպվում են համերգներ։

ԵՎՐՈ-2024-ի ժամանակ բացի մեկ 1/8 եզրափակչից, այստեղ կկայանան նաեւ խմբային Հունգարիա-Շվեյցարիա, Շոտլանդիա-Շվեյցարիա, Բելգիա-Ռումինիա եւ Անգլիա-Սլովենիա խաղերը։

Լայպցիգ

Լուսանկարը` Rbleipzig


Գերմանիայի մշակութային ու պատմական կենտրոններից մեկը Լայպցիգն է։ Ինչ-որ մի շրջան այստեղ ապրել է աշխարհահռչակ Յոհան Սեբաստյան Բախը, իսկ լայպցիգյան խաղաղ ցույցերը 1989-ի վերջին սկիզբ են դրել միացյալ Գերմանիայի ստեղծմանը։

40,000 հանդիսական ընդունող «Լայպցիգ Շտադիում»-ը պատկանում է «Լայպցիգ» ակումբին։ Այսօրվա տեսքով ու իր աննման տանիքով ստադիոնը բացվել է 2004-ին։ Մինչ այդ նրա փոխարեն կանգնած էր «Ցենտրալշտադիոն»-ը, որն ամենամեծն էր Արեւելյան Գերմանիայում։

ԵՎՐՈ-2024-ի ժամանակ «Լայպցիգ Շտադիում»-ում միմյանց դեմ մրցելու են Պորտուգալիան եւ Չեխիան, Նիդերլանդներն ու Ֆրանսիան, Խորվաթիան եւ Իտալիան։ Եւս մեկ հանդիպում էլ կկայանա 1/8 եզրափակչից։

Մյունխեն

Լուսանկարը` UEFA


Գերմանիայի 3-րդ խոշոր քաղաքը Մյունխենն է, որտեղ բնակվում է 1,6 մլն մարդ։ Այն ունի հարուստ պատմություն, բազմաթիվ թանգարաններ ու, իհարկե, գարեջրի անսահման տեսականի։ Մյունխենն աշխարհում ամենապահանջված կենտրոններից մեկն է։

«Արենա Մյունխեն»-ը տեղավորում է 66,000 հանդիսական։  2005-ին «Բավարիա»-ն ու «Մյունխեն-1896»-ը միասին կառուցում են այս ստադիոնը, սակայն այսօր Բունդեսլիգայի գրանդ-ակումբը միակ սեփականատերն է։

2012-ին այն ընդունել է ՉԼ-ի եզրափակիչը, որտեղ «Չելսի»-ն մրցել է «Բավարիա»-ի դեմ։ Այստեղ կայացել են նաեւ ԵՎՐՈ-2020-ի մի շարք խաղեր, այդ թվում նաեւ Իտալիա-Բելգիա քառորդ եզրափակիչը։

Իսկ այս տարի այն կընդունի Գերմանիա-Շոտլանդիա, Ռումինիա-Ուկրաինա, Սլովենիա-Սերբիա, Դանիա-Սերբիա խաղերը, մեկ 1/8 եզրափակիչ եւ մեկ կիսաեզրափակիչ։

Ֆրանկֆուրտ

Լուսանկարը` UEFA


Առեւտրի եւ ֆինանսների համաշխարհային կենտրոն, որը գտնվում է Մայն գետի ափին։ Ֆրանկֆուրտը Գերմանիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է։ Այն անվանում են նաեւ Մայնհեթեն՝ բազմաթիվ երկնաքերերով իր համայնապատկերի պատճառով:

«Ֆրանկֆուրտ Արենա»-ի սեփականատերը «Անթրախտ»-ն է։ 47,000 հանդիսական ունեցող ստադիոնը 1925 թվականից ընդունում է հետաքրքիր հանդիպումներ ու Գերմանիայի կարեւոր սպորտային կառույցներից է։  

Այս ամռանն այստեղ կկայանա 5 խաղ, որոնցից մեկը 1/8 եզրափակչի։ Իսկ մինչ այդ միմյանց դեմ կմրցեն Բելգիա-Սլովակիա, Դանիա-Անգլիա, Շվեյցարիա-Գերմանիա եւ Սլովակիա-Ռումինիա զույգերը։

Շտուտգարտ

Լուսանկարը` UEFA


Շտուտգարտը խոշոր արդյունաբերական կենտրոն է, որտեղ գտնվում են երկու ավտոարտադրողներ՝ Mercedes-ը եւ Porsche-ը: Սակայն քաղաքը հայտնի է ոչ միայն իր մեքենաներով։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել տեղական բարձրակարգ գինիներ կամ հայտնի ֆլեդլեզուպե ապուր։

«Շտուտգար Արենա»-ն տեղի «Շտուտգարտ»-ի ստադիոնն է եւ  ընդունում է 51,000 երկրպագու։ Այն կառուցվել է 1933-ին եւ շատ անգամներ վերակառուցվել ու թարմացվել։

Այն կընդունի Սլովենիա-Դանիա, Գերմանիա-Հունգարիա, Շոտլանդիա-Հունգարիա, Ուկրաինա-Բելգիա խաղերը, մեկ 1/4 եզրափակիչ։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին