Դեկտեմբեր 26, 2024
4853 դիտում

ԵՎՐՈ-2024․ D խումբ


Լուսանկարը` Équipe de France de Football

Լուսանկարը` KNVB

Լուսանկարը` Łączy-nas-piłka

Լուսանկարը` OEFB

Լուսանկարը` Équipe de France de Football


Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերը վերջին մարզումներն են անցկացնում՝ պատրաստվելով առաջին հանդիպումներին։

Մենք էլ ֆուտբոլի սիրահարներին շարունակում ենք ծանոթացնել ԵՎՐՈ-2024-ի խմբերի հետ։ Այսօր հերթը D խմբինն է, որտեղ ներառված են Լեհաստանը, Նիդերլանդները, Ավստրիան եւ Ֆրանսիան։

Լեհաստան

Լուսանկարը` Łączy-nas-piłka


Լեհաստանի ընտրանին Եվրոպայի առաջնություններում հանդես է եկել չորս անգամ անընդմեջ, իսկ լավագույն արդյունքը գրանցել է 2016-ին, երբ հասել է 1/4 եզրափակիչ։

Որակավորման փուլում լեհերի գործերն այդքան էլ հաջող չէին ընթանում, ինչի արդյունքում D խմբում գրավեցին ընդամենը 3-րդ տեղը։ Սա հնարավորություն տվեց Լեհաստանին ուղեգրի համար պայքարել լավագույն արդյունք գրանցած մյուս հավաքականների հետ։ Կիսաեզրափակչում նրանք հաղթեցին Էստոնիային, իսկ եզրափակչում՝ Ուելսին։

Արդյունքը եղավ այն, որ Լեհաստանը կրկին ԵՎՐՈ-ում է ու փորձելու է դուրս գալ այս բարդ խմբից։

Նիդերլանդներ

Լուսանկարը` KNVB


Եվրոպայի առաջնություններում 10 անգամ մասնակցած Նիդերլանդների ընտրանին չեմպիոնական տիտղոսը նվաճել է մեկ անգամ՝ 1988 թվականին։

Ռոնալդ Կումանը որպես ֆուտբոլիստ հաղթել է հենց 1988-ի Եվրոպայի առաջնությունում, իսկ այսօր նա արդեն հարազատ թիմի գլխավոր մարզիչն է։ Կումանը Նիդերլանդների ընտրանուն 2019-ին դուրս է բերել Ազգերի Լիգայի եզրափակիչ, իսկ 2023-ին՝ դարձրել բրոնզե մեդալակիր։

Ըստ մասնագետների՝ խումբը Նիդերլանդների համար հաջող է դասավորվել ու պայքարը շարունակելու մեծ հնարավորություն ունի։

Ավստրիա

Լուսանկարը` OEFB


Ավստրիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եռակի մասնակից է, իսկ նախորդ ԵՎՐՈ-ի ժամանակ դուրս է եկել 1/8 եզրափակիչ, ինչն էլ վերջինիս լավագույն արդյունքն է։

Ավստրիայի ընտրանին ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր ձեռք բերեց Ադրբեջանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո։ Սա լինելու է ավստրիացիների երրորդ անընդմեջ առաջնությունը, իսկ 2008-ին առաջին անգամ նման իրավունք նրանք նվաճել են որպես ընդունող երկիր (Շվեյցարիայի հետ համատեղ, խմբ․)։

Ավստրիացիների թիմը գլխավորում է գերմանացի Ռալֆ Ռանգնիկը, որի թիմի հիմնական կորիզը ներկայացնում է գերմանական Բունդեսլիգան։

Ֆրանսիա

Լուսանկարը` Équipe de France de Football


Այս խմբի ամենատիտղոսակիր հավաքականը Ֆրանսիան է։ Եվրոպայի առաջնություններում ֆրանսիացիները մինչ այս հանդես են եկել 11 անգամ՝ երկու անգամ դառնալով չեմպիոններ։ Առաջին հաջողությանը Ֆրանսիան Եվրոպայում հասել է 1984-ին, ապա 2000-ին։

1988 թվականից այս կողմ Ֆրանսիան մրցաշարը երբեք բաց չի թողել։ ԵՎՐՈ-2016-ին կապույտները շատ մոտ էին ԵԱ-ի եռակի չեմպիոն դառնալուն, սակայն եզրափակչում Դիդյե Դեշամի թիմը պարտվեց Պորտուգալիային։

Դեշամը շատ լավ գիտի չեմպիոնության գինը (նա թիմի կազմում ԵԱ-ի չեմպիոն հռչակվել է 2000-ին) եւ 2012-ից գլխավորելով թիմը՝ բավական հաջողությունների է հասել ու դարձել նաեւ Աշխարհի չեմպիոն, Ազգերի Լիգայի հաղթող։ Այժմ նա ձգտելու է բավական ուժեղ կազմի հետ կատարել եւս մեկ երազանք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն նաեւ որպես մարզիչ։

Առաջին խաղերում հունիսի 16-ին կմրցեն Լեհաստան-Նիդերլանդներ, իսկ հունիսի 17-ին՝ Ավստրիա-Ֆրանսիա զույգերը։

ԵՎՐՈ-2024․ A խումբ
ԵՎՐՈ-2024․ В խումբ
ԵՎՐՈ-2024․ С խումբ

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին