Դեկտեմբեր 23, 2024
exclusive
22053 դիտում

Ովքեր են «հագցնում» ֆուտբոլիստներին ու միլիոնների շահույթ ստանում


Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Nike

Լուսանկարը` Fifa

Լուսանկարը` Puma

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Nike

Լուսանկարը` Nike

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Nike

Լուսանկարը` Adidas


Ֆուտբոլային աշխարհում մրցակցում ու հաղթանակի են ձգտում ոչ միայն թիմերը, այլ նաեւ դրանց հանդերձանքն ապահովող ընկերությունները:

Դարեր առաջ, երբ ֆուտբոլը պրոֆեսիոնալ մարզաձեւ չէր դարձել, իսկ խաղացողները հագնում էին այն, ինչ ունեին, հագուստ արտադրող ընկերությունները չէին էլ կարող ենթադրել, որ մի օր հսկայական գումարներ են վաստակելու ֆուտբոլի շնորհիվ:

Լուսանկարը` Nike


Մարզահագուստի պահանջը, Պելեի կոշիկներն ու Կրուիֆի հրաժարվելն ազգային թիմից

1870-ականներից Անգլիայում որոշեցին, որ միմյանց դեմ մրցող ֆուտբոլիստները պետք է նույն համազգեստը կրեն: Ղեկավարներն իրենց վրա վերցրին մարզահագուստ կարելու ծախսերը: Տարիներ անց որոշվեց նաեւ, որ թիմերը պետք է ունենան երկու տարբեր մարզահագուստ ՝ սեփական ու մրցակցի հարկի տակ հագնելու համար:

Արդեն 20-րդ դարի սկզբին եվրոպական ակումբներն ընտրեցին իրենց համապատասխան գույներն ու որոշեցին շապիկների դիզայնը:

1950-ականներին շապիկները սկսեցին կարել սինթետիկ կտորից, իսկ Adidas-ն արտադրեց առաջին ֆուտբոլային մարզակոշիկները, որոնք երկու անգամ ավելի թանկ արժեին, քան սովորականները:

Լուսանկարը` Fifa


Շուրջ 20 տարի անց մարզահագուստներին էլ ավելի շատ սկսեցին ուշադրություն դարձնել: Շապիկներ կարվում էին նաեւ կոմերցիոն նպատակով, երկրպագուները կարող էին գնել սիրելի թիմի հանդերձանքը: Հետո արդեն ակումբները սկսեցին համագործակցել հովանավորների հետ՝ շապիկների վրա տպելով վերջիններիս լոգոտիպերը:

Հերթը հասավ նաեւ ֆուտբոլիստների անհատական պայմանագրերին: Օրինակ՝ 1974-ին Յոհան Կրուիֆը հրաժարվել է հագնել Հոլանդիայի հավաքականի մարզաշապիկը, քանի որ վերջինս արտադրում էր Adidas ընկերությունը, իսկ ինքը պայմանագիր ուներ Puma-ի հետ: Արդյունքում, նրան թույլ տվեցին խաղադաշտ դուրս գալ առանց Adidas-ի լոգոտիպի: Իսկ 1970 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Puma-ն 120 հազար դոլար է վճարել Պելեին, որպեսզի նա ընկերության խաղակոշիկներով  դաշտ դուրս գալուց առաջ կռանար ու տեսախցիկների առջեւ կապեր կապիչները:

Լուսանկարը` Puma


1990-ականներից սկսած խոշոր արտադրողները մարզահագուստի բիզնեսը բարձրացրին լրիվ այլ մակարդակի: Ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ դարձավ, այսօր նրանք արդեն միլիոնավոր դոլարների պայմանագրեր ու վաճառք են ապահովում:

Ընկերությունները պայմանագիր չեն կնքում թույլ հավաքականների հետ

Մարզահագուստների ընկերություններում աշխատում են ամենահայտնի դիզայներները, ովքեր անընդհատ կատարելագործում են իրենց արտադրանքը՝ հաշվի առնելով հավաքականների առանձնահատկությունները: 

Ընկերություններից եւ ոչ մեկը պայմանագիր չի ստորագրում այնպիսի ընտրանու կամ ֆեդերացիաների հետ, որոնք անընդհատ պարտություններ են կրում, չունեն հայտնի ֆուտբոլիստներ, հետեւաբար չեն ապահովում ծախսված գումարի վերադարձը:

Լուսանկարը` Nike


Ֆեդերացիաներն ու ֆուտբոլիստները միայն գովազդների շնորհիվ ապահովում են հագուստ արտադրողների եկամուտների մեծ մասը: Այսօր, երբ սոցիալական ցանցերը մտել են յուրաքանչյուրի կյանք, ավելի հեշտ է գովազդային արշավները նպատակային օգտագործելը: Ֆուտբոլիստներն իրենց էջերում հագուստի բրենդի մասին նույնիսկ մեկ հիշատակման համար մեծ հոնորարներ են ստանում:

Ֆուտբոլային մարզահագուստի շուկայում այսօրվա դրությամբ ակնհայտ առաջատարներն Adidas-ն ու Nike-ն են: Այս ընկերությունները կարողանում են աշխատել հավաքականների, ակումբների, ֆեդերացիաների, ինչպես նաեւ առանձին ֆուտբոլիստների հետ ու ապահովել վերջիններիս հանդերձանքը:

Մունդիալ-2018-ում ամենաշատը կրելու են Adidas-ի շապիկներ

Յուրաքանչյուր առաջնություն ոչ միայն հավաքականների, այլ նաեւ սպորտային ապրանքանիշերի պայքար է: Այդ պայքարն էլ հիմնականում ընթանում է Nike-ի ու Adidas-ի միջեւ:

2016-ի Եվրոպայի առաջնության ժամանակ Adidas-ի շապիկներով հանդես է եկել 9 հավաքական, Nike կրել են 6-ը, իսկ Puma՝ 5-ը: Եւս 4 թիմերի համար հագուստ կարել են այլ ընկերություններ:

Լուսանկարը` Adidas


2018 թվականի Աշխարհի առաջնությունում եւս հաղթողի կոչման համար պայքարելու են Adidas-ն ու Nike-ը: Այս երկու հսկաները տարիներ շարունակ մրցակցում են, աստղաբաշխական գումարներ տալիս հայտնի մարզիկներին, նկարահանում գովազդներ ու փորձում անընդհատ նորարարություններ մտցնել սպորտային հագուստի ոլորտում:

Մունդիալին մասնակցող 32 հավաքականից 11-ն այս ամռանը հանդես է գալու Adidas-ի շապիկով, իսկ 10-ը՝ Nike-ի: Կան հավաքականներ, որոնց հովանավորը Adidas-ն է, սակայն ֆուտբոլիստներից մի քանիսը կրելու է Nike-ի խաղակոշիկ: Օրինակ՝ Գերմանիայի ընտրանին ելույթ է ունենալու Adidas-ի մարզահագուստով, սակայն Սամի Խեդիրան հագնելու է Nike-ի խաղակոշիկ, քանի որ անձնական պայմանագիր ունի ամերիկյան ընկերության հետ:

Լուսանկարը` Adidas


Nike-ի ու Adidas-ի պայքարը ֆուտբոլային աշխարհում

Չնայած առաջնության մեկնարկին դեռ ժամանակ կա, սակայն PR Marketing ընկերությունն ուսումնասիրություններ է կատարել ու պարզել, որ ամռանը ֆուտբոլիստների կեսից ավելին հանդես է գալու Nike-ի խաղակոշիկներով: Համեմատության համար նշենք, որ 2014-ի ԱԱ-ում մարզիկների 52%-ը հանդես է եկել Nike-ի, իսկ 36%-ը՝ Adidas-ի կոշիկներով:

Nike-ում մեծ ուշադրություն են դարձնում անհատական պայմանագրերի վրա: Բացի Խեդիրայից, Ռոնալդուն, Իբրահիմովիչը, Լեւանդովսկին պայմանագրեր ունեն ամերիկյան ընկերության հետ ու հանդիպումների ժամանակ կրում են վերջինիս արտադրած կոշիկները:

Լուսանկարը` Nike


Ամերիկացիների համար կարեւորը ոչ թե լայն հովանավորչությունն է, այլ բարձրակարգ թիմերն ու աստղերը: Նրանք միլիոնավոր երկրպագուների բանակ ունեն, ովքեր էլ ապահովում են Nike-ի մարզահագուստի վաճառքը:

Իսկ ահա գերմանական Adidas-ը դեռ նախորդ դարի 70-ական թվականներից շեշտը դնում է ազգային հավաքականների ու ֆեդերացիաների հետ աշխատանքի վրա: Ողջ Եվրոպայում Adidas-ը շուրջ 800 մլն եվրո ծախսում է ակումբների վրա, իսկ ազգային հավաքականների՝ մոտավորապես կես միլիարդ:

Լուսանկարը` Adidas


Adidas-ի ամենամեծ առավելությունը թերեւս այն է, որ շապիկներն ավելի շատ են վաճառվում, քան մարզակոշիկները: Չէ՞ որ երկրպագուներն իրենց սիրելի ֆուտբոլիստի կամ հավաքականի շապիկն են գնում, այլ ոչ թե խաղակոշիկը: 



Գերմանական ընկերությունը ՖԻՖԱ-ի հետ մինչեւ 2030 թվականը պայմանագիր է կնքել եւ ամեն մրցաշարում պետք է ներդնի 70 մլն դոլար, նաեւ ներկայացնի առաջնությունների պաշտոնական գնդակը:

Մունդիալ-2018-ի մեկնարկին դեռ ամիսներ կան, սակայն հավաքականներն ու հագուստի ընկերությունները մեծ թափով պատրաստվում են: Բոլորն են ցանկանում լավ ու ներկայանալի տեսք ունենալ:



Աշխարհի առաջնության 7 հավաքականի մարզահագուստ Adidas-ն արդեն ներկայացրել է: Գերմանիայի հավաքականի հանդերձանքը կարվել է 1990 թվականի հագուստի մոտիվներով, իսկ իսպանացիներինը՝ 1994-ի Մունդիալի:

Լուսանկարը` Adidas


Արգենտինայի հագուստը նվիրված է լինելու այդ երկրի ֆուտբոլի ասոցիացիայի 125-ամյակին:

Իսկ թե ինչպիսի մարզահագուստ է կրում Հայաստանի հավաքականը, որ ընկերությունների հետ է համագործակցում ՀՖՖ-ն, մենք կներկայացնենք սպորտային հանդերձանքին նվիրված հոդվածաշարի հաջորդ նյութում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին