Երկարատեւ, գրեթե, 5 ամիս ձգվող դադարից հետո մենք վերջապես կրկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթին հետեւելու հնարավորություն կունենանք:
Այդ ժամանակից շատ ջրեր են հոսել` հայ ֆուտբոլիստները փոխել են իրենց ակումբային գրանցումները, ոմանք հասցրել են անգամ վնասվածքներ ստանալ ու ապաքինվել, մյուսներն էլ առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ: Նորեկներն այս անգամ երկուսն են՝ Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանն ու Տաշքենդի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռուսլան Կորյանը:
20-ամյա պաշտպանը մինչ այդ հանդես է եկել Ֆրանիսաի Մ-16 տարեկանների հավաքականում ու մասնակցել երկու հանդիպման: Իսկ ահա Կորյանը ոչ մի հավաքականում ելույթ չի ունեցել: Պաշտպանության ու հարձակման գծերի այս երկու բարձրահասակ ֆուտբոլիսներից (երկուսի միջին հասակը 183 սմ է) սպասելիքները շատ են, հուսանք, որ նաեւ նրանց օգնութամբ մեր ազգային ընտրանին կկարողանա ընտրական մրցաշարի երկրորդ հատվածն ավելի լավ անցկացնել ու արդյունավետությամբ աչքի ընկնել:
Մեր ընտրանին առայժմ ուրախանալու շատ քիչ պահեր է պարգեւել մեզ՝ 4 հանդիպում, 3 պարտություն ու 1 ոչ ոքի: Վերջին անգամ հավաքականից բավականին տխուր նոտայով ենք բաժանվել՝ նոյեմբերին մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս կարեւոր 3 միավոր են կորցրել Պորտուգալիայի հետ խաղում ու հանգրվանել B խմբի վերջին տեղում:

Լուսանկարը` PAN Photo
Դրանից հետո նրանց գործի մեջ այլեւս չենք տեսել: Ու չափազանց դժվար է կանխագուշակումներ անել ու փորձել հասկանալ, թե ինչ մարզավիճակում են ֆուտբոլիստները մոտենալու Ալբանիայի դեմ մրցավեճին: Ազգային ընտրանու ոչ բոլոր ֆուտբոլիստներն են, ցավոք, մշտապես տեղ գտնում իրենց ակումբների հիմնական կազմերում ու խաղային մեծ փորձ ստանում:
Իսկ այն, որ ալբանացիներն այս ընտրական մրցաշարում ոչ մի ընտրանու համար էլ հեշտ մրցակից չեն, հայտնի է դարձել նրանց հենց առաջին խաղից: Ջիանի դե Բիասիի սաները Պորտուգալիայում նվազագույն հաշվով հաղթել են տանտերերին, այնուհետեւ ոչ ոքի արդյունքներ գրանցել դանիացիների ու ֆրանսիացիների հետ: Մինչդեռ մեր ընտրանին այդ երեք հավաքականների հետ խաղերում էլ միայն պարտություններ է կրել: Իսկ եթե չլիներ Սերբիայի դեմ այն չարաբաստիկ հանդիպումն ու Ալբանիայի հաշվին գրանցված տեխնիկական պարտությունը, գուցե, եւ B խումբը բոլորովին այլ տեսք ունենար:
Ալբանիա-Հայաստան հանդիպումն ամեն առումներով չափազանց կարեւոր ու բեկումնային է լինելու մեր ընտրանու համար: ԵՎՐՈ-2016-ի ուղեգրի համար պայքարը դեռ բաց չենք թողել մեր ձեռքից եւ թիմային ոգի ու բնավորություն ցույց տալու ճիշտ ժամանակն է:
Խաղը նաեւ թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մնալ-չմնալու հարցն է վճռելու: Դեռ փետրվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետանը հայտարարել էր, որ Ալբանիային չհաղթելու դեպքում մարզիչը պետք է հեռանա իր պաշտոնից: Այնպես որ, միայն ու միայն հայ ֆուտբոլիստներից կախված կլինի, կշարունակե՞ն աշխատել Շալանդի հետ, թե՞ կունենան նոր մարզիչ:

Լուսանկարը` Photolure
Խմբի մյուս հավաքականներ հետ Հայաստանի ընտրանին արդեն մեկ անգամ հանդիպել է, միայն ալբանացիների հետ է մեր ազգային ընտրանուն այս տարի 2 խաղ սպասվում: Ի դեպ, ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում՝ հոկտեմբերի 11-ին, հայ ֆուտբոլիստները հենց ալբանացիներին են հյուրընկալելու:
Համառ ու կամային ալբանացիների համար Հայաստանի դեմ խաղը եւս մեծ նշանակություն ունի, այլապես թիմի մարզիչ Ջիանի դե Բիասին այն իր կարիերայում ամենակարեւորը չէր համարի ու նշի ամեն գնով հաղթանակի հասնելու մասին:
Մարտի 28-ին «Էլբասան արենայում» «Լեռնային արծիվների» եւ մեր, ինչպես Շալանդն է անվանում, «Առյուծների ու արծիվների» դիմակայությունից շատ բան է կախված լինելու: Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի ուղեգրեր երբեք չնվաճած այս երկու հավաքականների խաղը շատ հարցերի պատասխաններ կտա:
Մեզ, առավել քան երբեք, հաղթանակ է հարկավոր, դա են պահանջում ու ակնկալում հայ երկրպագուներն ու մասնագետները: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված ֆուտբոլիստների մեծ մասը մասնակցել ու անձամբ է կերտել Անդորրայի, Սլովակիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի դեմ տպավորիչ, գեղեցիկ ու գոլառատ հաղթանակները: Նրանք հաստատ չեն մոռացել դրանց բերկրանքն ու խանդավառությունը, պարզապես կրկին սեփականն ուժերի նկատմամբ մեծ հավատ ու վստահություն պետք է զգալ:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: