Մայիս 04, 2025
exclusive
5860 դիտում

Ալբանիա-Հայաստան. Հայերին օդ ու ջրի պես անհրաժեշտ երեք միավոր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի օրից Էլբասան քաղաքում Ալբանիայի ազգային հավաքականը հյուրընկալելու է Հայաստանի ընտրանուն:

Այս տարի ԵՎՐՈ-2016-ի խմբային I խմբում թիմերն անցկացնելու են առաջին հանդիպումը: Ալբանացիները երեք միավորով են առաջ հայերից, ու եթե Բեռնար Շալանդի սաները կարողանան առավելության հասնել, ապա կհավասարվեն վերջիններիս:

Ալբանիայի ընտրանին մրցաշարը սկսեց սենսացիոն հաղթանակով: Ֆուտբոլային աշխարհը չէր սպասում, որ Ջիանի դե Բիասին կկարողանա գտնել Պորտուգալիայի հավաքականին հաղթելու բանաձեւը: Սակայն նրան դա հաջողվեց, իսկ իր թիմը հաղթեց 1:0 հաշվով:

Ապա եկավ այս պահի դրությամբ խմբի առաջատար Դանիայի դեմ խաղը: Այստեղ եւս հաշվի մեջ առաջ էին ալբանացիները, սակայն խաղավարտին Դանիան կարողացավ հավասարեցնել այն՝ 1:1: Մրցաշարի վերջին խաղն ամենասկանդալայինն էր: Անկարգությունների պատճառով Բելգրադում դադարեցվեց Սերբիա-Ալբանիա հանդիպումը, ապա ՈւԵՖԱ-ն որոշեց տեխնիկական՝ 0:3 հաշվով պարտություն գրանցել ալբանացիների հաշվին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա Ալբանիայի ընտրանին վաստակել է 4 միավոր ու ընթանում է 3-րդ տեղում ու միայն 2 միավորով է հետ մնում Պորտուգալիայից:

Հայաստանի հավաքականն I խմբում առայժմ ընթանում է վերջին հորիզոնականում, բայց կարող է փրկել իր դրությունը, եթե արտագնա խաղում կարողանա հաղթանակի հասնել Ալբանիայի նկատմամբ: Երեք խաղ, երկու գոլ ու ընդամենը մեկ միավոր. ահա այսպիսին է Շալանդի թիմի վիճակագրությունը:

Հայերը չեն կարողացել հաղթել վերջին երեք պաշտոնական խաղերում: Պարտություն են կրել Դանիայից (1:2), ոչ ոքի խաղացել Սերբիայի (1:1) ու կրկին միավորներ կորցրել Պորտուգալիայի (0:1) հետ:

Ալբանիայի դեմ խաղում հայերին այդ երեք միավորն օդ ու ջրի պես է հարկավոր: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հույսեր ունենալու համար նրանք պարտավոր են հաղթանակի հասնել: Բացի այդ էլ, ինչպես վերջերս հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եթե թիմը պարտվի, ապա Շալանդը կազատվի աշխատանքից:

Հայաստանի ու Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականները մինչ այս միմյանց դեմ խաղացել են երեք անգամ: Այստեղ նրանց մեջ կատարյալ հավասարություն է տիրում. մեկական հաղթանակ ու ոչ ոքի:

Պաշտոնական մակարդակով թիմերի ճանապարհները խաչվել են 1998 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Տիրանայում գրանցվել է ոչ ոքի հաշիվ՝ 1:1, իսկ ահա Երեւանում մեր ֆուտբոլիստները երեք անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմերը վերջին անգամ հանդիպել են 2013-ի օգոստոսին: Ընկերական խաղում Ջիովանի դե Բիասիի սաները երկու գոլ են խփել՝ սեփական դարպասը պահելով անառիկ:

Այնպես որ, այս ընտրանիները լավ են ճանաչում միմյանց ուժեղ ու թույլ կողմերը: Անչափ կարեւոր հաղթանակի հասնելու համար նրանք ձգտելու են ցույց տալ հնարավորինս գրագետ խաղ: Երկու թիմերն էլ այս հանդիպումից հետո կիմանան՝ շարունակո՞ւմ են պայքարել ԵՎՐՈ-ի ուղեգրի համար, թե հետագա խաղերն ավելի դժվար կլինեն:

Իսկ հայ երկրպագուները սպասելու են ուրախ լուրերի, չէ՞ որ նրանք շատ վաղուց չեն տեսել մեր հավաքականի գեղեցիկ ու հաղթական ելույթը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին