Բրազիլիայի հավաքականի եւ «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոն Բեկերը հուզիչ նամակ է գրել ու The Players' Tribune-ի միջոցով բացահայտել իր կյանքի ամենադժվար պահը։ Որոշակի կրճատումներով ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին։
«Ես տեսնում եմ հորս` երիտասարդ տարիքում։ Դա պարզապես հիշողություն չէ։ Դա այլ բան է, գունավոր, ջերմ, գրեթե երազնի նման։ Երեւի 3 տարեկան եմ ու մեր հյուրասենյակում եղբորս՝ Մուրիելի հետ ֆուտբոլ եմ խաղում։
Հայրս աշխատանքից հետո եկել է տուն ու պառկել բազմոցին։ Գիտեք ինչպես են հայրերը պառկում երկար օրվանից հետո, կարծես 400 ֆունտ են կշռում․ «Ահ, ես շատ հոգնած եմ»։ Նա բարձը գլխի տակ է դրել, իսկ աջ ձեռքը կախված է բազմոցի վրա։
Ես ու եղբայրս վազում ենք սենյակում ու կանչում նրան։
«Հայրի՜կ, միացիր մեզ»։
Նա որոշ ժամանակ ընդդիմանում է, բայց վայրկյաններ անց գլորվում բազմոցի վրայից ու ընկնում գորգի վրա։
«Այո՜»։
Ապա հայրս տարածում է ձեռքերը։
«Դուք ինձ այսօր գոլ չեք խփելու։ Ես Տաֆարելն եմ»։
Աշխարհի առաջնությունն է։ Գորգը մեր դաշտն է, բազմոցի տակի անցքը՝ դարպասը։ Իսկ հայրիկիս մեծ ձեռքերը Տաֆարելինն են։
Եղբայրս Ռիվալդոն է, Բեբետոն, Ռոնալդոն, Դունգան ․․․
Ես կարող եմ լինել նա, ում ինքը չի ընտրել (փոքր եղբայրների ճակատագիրն է)։

Լուսանկարը` Անձնական արխիվ
Ամեն ինչ այնքան վառ է, որ նույնիսկ հոտն եմ զգում։ Կարող եմ հոտոտել բազմոցը, մայրիկիս պատրաստած ընթրիքը, հորս հագուստը։
Տեսնում եմ նրա մեծ ձեռքերը, որոնք առաջ ու հետ են թափահարում՝ փորձելով հետ մղել Աշխարհի առաջնության եզրափակչի 11-մետրանոց հարվածը։ Ժամանակ առ ժամանակ նա գլուխը դուրս է հանում բազմոցի տակից եւ ծաղրածուի դեմքի նմանեցնում։ Եղբայրս ու ես խենթի պես ծիծաղում ենք։
Կարծես երեկ լիներ։
Երբ զանգ ստացա ու իմացա հորս մահվան լուրը, տնից ինձ բաժանում էր օվկիանոսը։ Ես Լիվերպուլում էի, 2020-2021 մրցաշրջանի միջնամասն էր։ Նրա մահը հանկարծակի էր։ Մեծագուն ցնցում։ Մայրս ասաց, որ վթար է տեղի ունեցել, հայրս խեղդվել է մեր տան մոտ գտնվող լճում։ Ես կորցրել էի ինձ։ Անհնար էր թվում, որ հորս նման մեկը կարող էր այդպես անհետանալ։ Ֆուտբոլի դաշտում, թե կյանքում՝ նա իսկական մարդ էր։ Նրա համար ընտանիքը միշտ առաջին տեղում էր։ Միշտ։
Նրա մահն ինձ տապալեց։ Ես չէի կարողանում մտածել ֆուտբոլի մասին։ Ամեն ինչ ավելի բարդ էր, քանի որ համավարակ էր եւ մեկնելու հետ կապված խնդիրները բազմաթիվ էին։ Կինս հղի էր, բժիշկն ասաց, որ նրա համար ռիսկային է ճանապարհ ընկնելը։ Դա ցավալի էր, քանի որ շատ էր սիրում հորս։ Միշտ կատակում էինք, որ հայրս նրան ամենաշատն է սիրում։ Եթե հորս ներկայությամբ տարաձայնություն էինք ունենում, նա միշտ ասում էր. «Կարծում եմ՝ Նատալիան ճիշտ է»։ Նա այն դուստրն էր, որը հայրս չէր ունեցել։

Լուսանկարը` Անձնական արխիվ
Հիշում եմ մեր տուն ուղարկվող ծաղիկները։ Վիրջիլից, Էնդիից, Ֆաբինյոյից, Ֆիրմինոյից, Տիագոյից… ։ Բոլոր եղբայրներիցս։ Բոլորը մեզ ծաղիկներ էին ուղարկում՝ ցավակցական նամակով։ Եվ ոչ միայն թիմակիցներս, այլեւ Պեպ Գվարդիոլան եւ Կառլո Անչելոտին։ Դա, իսկապես, դիպավ իմ սրտին։
Երբեք չեմ մոռանա․ Յուրգենը զանգահարեց։ Այնքան մեղավոր էի զգում մարզումը բաց թողնելու համար։ Մենք լավագույն քառյակից դուրս էինք եւ ամեն միավոր կարեւոր էր։ Բայց Յուրգենն ասաց, որ մնամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Ես ասացի. «Այո, բայց, բայց…»։
Նա թե. «Ո՛չ, ո՛չ։ Ոչ մի բանի համար մի անհանգստացիր»։
Յուրգենը մոտավորապես նույն տարիքում էր կորցրել իր հորը եւ շատ լավ հասկանում էր իմ ցավը։ Նա ինձ համար պարզապես մարզիչ չէր, այլ ավելի շատ երկրորդ հայր։

Լուսանկարը` AFP
Հուղարկավորությանը մեկնելու ու վերադառնալուց համար պետք է երկու շաբաթ կարանտինում մնայի։ Ամենավատն այն էր, որ կնոջս մենակ թողնել չէի կարող։
Ես զանգահարեցի մայրիկիս եւ եղբորս, բացատրեցի իրավիճակը, դա իմ կյանքի ամենադաժան հեռախոսազրույցն էր։ Մենք շատ լաց եղանք։ Հայրս կցանկանար, որ ես մնամ երեխաներիս եւ իր սիրած դստեր հետ։
Նրա հուղարկավորությունը դիտեցինք FaceTime-ով։ Ես կարողացա աղոթել եւ լաց լինել։ Որքան էլ տարօրինակ հնչի, դու մոռանում ես, որ էկրանով ես հետեւում։ Քո հիշողություններն ու սերը կամրջում են հեռավորությունը, դու խոսում ես քո հոր հետ։ Միակ բանը, որ ինձ մնում էր ասել, «շնորհակալություն»-ն էր։ Ոչ միայն հայր, այլեւ ընկեր լինելու համար։
Առանց թիմակիցներիս եւ ակումբի, ես չէի կարողանա հաղթահարել այդ ընթացքը։ Երբ վերադարձա մարզումներին, մտածում էի հորս մասին։ Պատկերացնում էի, որ կրկին երեխա եմ ու նա դիտում է իմ խաղը։ Կամ լճում նրա հետ ձկնորսություն եմ անում, կամ նրա հետ խորովածի շուրջ նստած՝ կիմառաո եմ խմում։ Սկսում էի լաց լինել։ Հենց մարզման ժամանակ։ Բայց թիմակիցներս վարվեցին այնպես, կարծես բոլորն իմ ընտանիքի անդամներն էին եւ նույնպես սգի մեջ էին։
Երբ մարզումից տուն էի գալիս, շատ հոգնած էի լինում։ Միայն ուզում էի պառկել բազմոցին, ինչպես հայրս։ Բայց ամեն օր որդիս՝ Մատեոն, դպրոցից գալով մտնում էր հյուրասենյակ եւ գնդակը դնում ձեռքս։
«Արի խաղանք․․․»։
Մենք սկսում էինք խաղալ՝ բազմոցի հատակը դարպասն է, ես պառկում եմ հատակին եւ փորձում կանգնեցնել նրան, ինչպես հայրս։
Գորգը մեր խաղադաշտն է։
Իմ որդին Մոն է, Տրենտը կամ Վինի կրտսերը։
Ես միշտ նրան ասում եմ, որ ուզում եմ լինել Տաֆարելը։ Իսկ նա ուզում է, որ լինեմ Ալիսոնը։
Պատմությունը կրկնվում է։

Լուսանկարը` Անձնական արխիվ
Հորս մահից երեք ամիս անց ծնվեց մյուս որդիս՝ Ռաֆայելը։ Մեր կյանքում կրկին լույս փայլեց։ Ռաֆայելի ծնվելուց վեց օր անց տեղի ունեցավ մի բան, որը ես չեմ կարողանում բացատրել։
Մենք կարեւոր խաղ էինք անցկացնում «Վեստ Բրոմ»-ի դեմ ու պայքարում էինք Չեմպիոնների լիգայում տեղ գտնելու համար։ Հարկավոր էր միայն հաղթանակ։ Հաշիվը 1։1 էր ու ավարտին մնում էր մի քանի վայրկյան։
Անկյունային հարված ստացանք։ Դարպասապահների մարզիչը գոռաց, որ վազեմ դաշտ։ Կորցնելու ոչինչ չկար։ Վազում էի որքան հնարավոր է արագ եւ տուգանային հրապարակ հասա հենց այն պահին, երբ Տրենտն անկյունային հարված էր կատարում։ Անկեղծ ասած, որպես դարպասապահ, դու երբեք, երբեք, երբեք չես մտածում, որ իրականում գոլ ես խփելու։ Պարզապես մրցակցի տուգանայինում քաոս ես ստեղծում։
Հաջորդ պահին գնդակը եկավ դեպի ինձ։ Ես շարժեցի գլուխս, հարվածեցի եւ ընկա գետնին։ Հետո բոլորը գրկեցին ինձ։ Տիագոն գրկել էր ինձ եւ լաց էր լինում։ Ֆիրմինոն լաց էր լինում եւ ծիծաղում միաժամանակ։ Մոն տոնում էր ինչպես փոքրիկ երեխա՝ վեր ու վար ցատկելով։
Մենք խաղում էինք դատարկ մարզադաշտում՝ առանց երկրպագուների աղմուկի։ Միակ բանը, որ ես կարող էի զգալ, թիմակիցներիս սերն էր, ովքեր օգնել էին ինձ հաղթահարել կյանքիս ամենադժվար շրջանը։ Հիշում եմ, նայեցի դեպի երկինք, դա Անգլիայի մոխրագույն անձրեւոտ օրերից մեկն էր։ Բայց ինձ համար երկինքը լի էր լույսով։
Ես ասացի. «Սա քեզ համար է, հայրի՛կ»։

Լուսանկարը` AFP
Երբ կորցնում ես մտերիմ մեկին, անհնար է չտալ ինքդ քեզ հետեւյալ հարցը…
«Նա տեսա՞վ։ Նայո՞ւմ էր»։
Ես հավատացյալ մարդ եմ։ Մեծանալուն զուգահեռ ես ավելի շատ բան զգացի կյանքից, հասկացա, որ Աստված ավելի մոտ է, քան դու կարող ես պատկերացնել։ Հավատքն Աստծո որդու՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ լիակատար վստահությունն է։
Անկախ նրանից, թե ով ես դու, մի օր կհանդիպես իրական տառապանքի։ Քո երազանքները կփլուզվեն։ Դու կկորցնես այն մարդկանց, որոնց շատ ես սիրում։ Այդ պահերին դու չես կարող չտալ ինքդ քեզ աշխարհի ամենադժվար հարցը. «Նրանք դեռ վերեւից են նայում մեզ։ Կտեսնե՞մ նրանց նորից»։
Ես հույս ունեմ մի օր նորից հանդիպել հորս, կտեսնեմ նրան ձեռքում կիմառաո, գուցե մենք կգնանք ձկնորսության, ինչպես հին ժամանակներում։
Իսկ մինչ այդ մի բան հաստատ գիտեմ. ես երբեք, երբեք մենակ չեմ քայլում։ Հորս մահից հետո իմ թիմակիցները, մարզիչները, ընկերներն ու հարեւանները ինձ եւ իմ ընտանիքին անհավատալի սեր եւ աջակցություն են ցուցաբերել։ Եվ ես գիտեմ, որ հայրիկիս մի մասը դեռ մեզ հետ է։ Երբ մարզումից տուն եմ գալիս եւ պառկում բազմոցին՝ զգալով, որ 400 ֆունտ եմ կշռում, լսում եմ Մատեոյի եւ Ռաֆայելի քայլերի ձայնը մյուս սենյակից։

«Պա՜պ»։
«Ես շատ հոգնած եմ․․․»։
«Դու պետք է դարպասապահ լինես»։
«Լավ, լավ, լավ»։
Ես գետնին եմ գլորվում։
«Այո՜»։ (Իմ դուստրը՝ Հելենան, այդ պահերին պտտվում է եւ պարում)։
Ամեն անգամ, երբ նրանք վազում են, երբ ես պառկում եմ գորգի վրա եւ ձեռքերով պաշտպանում դարպասը, երբ ես ծաղրածուի դեմք եմ ընդունում, ես զգում եմ հորս ներկայությունը։
«Դու այսօր գոլ չես խփի։ Ես Տաֆարելն եմ»։
Երեխաների ծիծաղի ձայնը։ Դա ինձ համար Աստծո արձագանքն է»։
Թարգմանությունը՝ Գոհար Նալբանդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: