Հուլիս 31, 2025
161 դիտում

Սանդրո Պերկովիչ. Եթե չաշխատի «պլան Ա»-ն, հաղթելու համար ունենք նաեւ «պլան Բ»-ն



«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը երեկ երեկոյան Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է hունգարական «Ֆերենցվարոշ»-ի հետ պատասխան խաղին վերաբերող հարցերին։

Պատասխանելով Mediamax Sport-ի հատուկ թղթակցի հարցին, թե ինչի շնորհիվ է մտադիր հաղթել մրցակցին Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլում, մարզիչը նշեց, որ չի ցանկանում բացել բոլոր փակագծերը եւ դրանով իսկ օգնել մրցակցին, սակայն շեշտեց, որ շատ մանրամասն ուսումնասիրել են «Ֆերենցվարոշ»-ի ուժեղ եւ թույլ տեղերը, նաեւ փորձել շտկել սեփական սխալները։


«Սա շատ լուրջ մարտահրավեր է մեզ համար եւ կանենք ամեն ինչ հաջողության հասնելու համար»,- ասաց մարզիչը։

Խոսելով առաջին խաղում առկա խնդիրների մասին՝ Պերկովիչը նշեց, որ աշխատել են դրանք վերացնելու ուղղությամբ եւ կձգտեն դաշտում ցույց տալ այն լուծումները, որոնք գտել են։ 

Մարզիչը շեշտեց, որ ֆուտբոլիստները պարտավոր են պատրաստ լինել խաղալ հակառակորդի երկրպագուների ճնշման ներքո, դա շատ ավելի լավ է, քան դատարկ տրիբունաների ներկայությամբ խաղալը։ 

Նա շատ բարձր գնահատական տվեց թե «Ֆերենցվարոշ»-ի խաղին, թե այդ թիմի մարզչին, սակայն շեշտեց, որ փորձելու է իր թիմի հետ հաղթահարել այս արգելքը։ «Մենք լիովին պատրաստ ենք խաղին, եւ եթե չաշխատի «պլան Ա»-ն, ունենք նաեւ «պլան Բ»-ն, որը կկիրառենք անհրաժեշտության դեպքում»,- ասուլիսը եզրափակեց Սանդրո Պերկովիչը։

Դավիթ Ալավերդյան
Լուսանկարը՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին