Համաշխարհային ֆուտբոլային կառույցները տարբեր նորարարություններ են անում ու փորձում մրցաշարերն ավելի գրավիչ ու շահութաբեր դարձնել։ Այս տարի Չեմպիոնների լիգան անցավ նոր ձեւաչափով, իսկ այժմ հերթն Աշխարհի ակումբային առաջնությանն է։ Այն եւս ենթարկվել է փոփոխությունների ու պահպանել է միայն անվանումը։ Սա հրաշալի նվեր է ֆուտբոլասերներին եւ իրական մղձավանջ առանց այդ էլ գերհագեցած օրացույց ունեցող մասնակիցների համար։
Աշխարհի առաջնության կրկնօրինակը

Լուսանկարը` FIFA
Հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում 32 թիմեր պայքարելու են ուժեղագույնի կոչման համար։ Այսուհետ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվելու է 4 տարին մեկ անգամ։ Մասնակիցները բաժանվելու են 8 խմբի եւ եզրափակիչ փուլ դուրս են գալու առաջին 2 հորիզոնականները զբաղեցրած թիմերը։
Ձեւաչափի փոփոխությունը որոշ չափով հարկադրված քայլ էր ՖԻՖԱ-ի կողմից, քանզի հինն արդեն իրեն սպառել էր։ Եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթողներն առանց որեւէ դժվարության կարողանում էին նվաճել նաեւ այս տիտղոսը, ինչն էլ իր հերթին նվազեցնում էր հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ։ Ջանի Ինֆանտինոն բազմիցս նշել է, որ նոր ձեւաչափի գլխավոր նպատակը մրցաշարի դիտարժանության եւ եկամտաբերության ավելացումն է։ Դեմ արտահայտվելով Ֆլորենտինո Պերեսի Սուպերլիգայի գաղափարին՝ ՖԻՖԱ-ի նախագահը կյանքի կոչեց այդ մրցաշարի համաշխարհային տարբերակը։
Մասնակիցները եւ դրանց ընտրման սկզբունքները

Լուսանկարը` Reuters
Մասնակիցներն ընտրվել են բոլոր աշխարհամասերից՝ Եվրոպա 12 թիմ, Հարավային Ամերիկա 6 թիմ, Ասիա, Աֆրիկա, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա 4-ական թիմ, 1 թիմ Օվկիանիայից եւ 1 թիմ կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ։ Իհարկե, մրցաշարում տոն են տալու Եվրոպայի ներկայացուցիչները։
Մասնակցելու են նախորդ 4 տարվա ՉԼ-ի հաղթողները («Չելսի», «Մանչեսթեր Սիթի», «Ռեալ») եւ համագումարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ակումբները։ Ցավոք, այս վերջին սահմանափակման պատճառով առաջնությանը չեն մասնակցի օրինակ «Բարսելոնա»-ն կամ «Լիվերպուլ»-ը։ Բայց անգամ առանց այս ակումբների էլ մասնակիցների ցանկը տպավորիչ է՝ «Ինտեր», «Յուվենտուս», «Ատլետիկո Մադրիդ» եւ այլն։
Ցանկում աչքի են ընկնում հատկապես հարավամերիկյան ակումբները («Ֆլամենգո», «Պալմեյրաս», «Ռիվեր Փլեյթ»), որոնք իրենց կրքոտ ֆուտբոլով փորձելու են խառնել եվրոպացիների խաղաքարտերը։ Մասնակիցներ կան Մեքսիկայից, Հարավային Կորեայից, Թունիսից, Մարոկկոյից, Նոր Զելանդիայից եւ այլ երկրներից։ Սրանով ՖԻՖԱ-ն փորձել է ընդգրկուն դարձնել մրցաշարը՝ ներառելով ֆուտբոլասերների ավելի լայն շրջանակ։
Աշխարհի ակումբային առաջնությունը դիտելու պատճառները

Լուսանկարը` CNN
Ի սկզբանե ակումբները դժկամությամբ էին համաձայնում մասնակցել մրցաշարին՝ ՖԻՖԱ-ն անգամ հանդես եկավ տուգանքների սպառնալիքներով։ Դժվար է գուշակել, թե ինչ լրջությամբ թիմերը կմոտենան Աշխարհի ակումբային առաջնությանը, բայց միանշանակ այն շատ ինտրիգային է լինելու։ Այս մրցաշարը եւս մեկ հնարավորություն կընձեռի գործի մեջ տեսնելու ֆուտբոլային թոշակառուների, ովքեր դեռ շարունակում են իրենց կարիերան՝ Տիագո Սիլվա, Ալեքս Տելլես, Դանիլո, Անդեր Էրերա, Էդինսոն Կավանի եւ այլք։ Միեւնույն ժամանակ սա լավ շանս է երիտասարդ տաղանդների համար (Ֆրանկո Մաստանտուոնո, Էստեվան) ցույց տալու իրենց հնարավորությունները գրանդ ակումբներին եւ հրավեր ստանալու նրանց կողմից։
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ աստղերով լեփ-լեցուն Սաուդյան Արաբիան ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ եւ դա Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասրը»-ը չէ։ «Ալ Հիլալ»-ը բացի աստեղային ֆուտբոլիստներից մրցաշարից առաջ կարողացավ հրավիրել նաեւ բազմափորձ Ֆիլիպո Ինձագիին։ Վերջինիս առաջին մեծ քննությունը կլինի հենց այն, թե ինչպես իր ղեկավարած թիմը կկարողանա դիմագրավել ավելի ահեղ մրցակիցներին։ Առհասարակ այս մրցաշարը ցույց կտա, թե ինչ մակարդակի վրա են գտնվում Սաուդյան Արաբիայի թիմերը եւ արդյոք նրանք կարող են մրցել եվրոպական գործընկերների հետ։

Լուսանկարը` Al Jazeera
Հետաքրքրություն կառաջացնի նաեւ այն, որ առաջնությանը կմասնակցի «Ինտեր Մայամի»-ն Լեո Մեսսիի առաջնորդությամբ։ Արգենտինացու թիմը հանդես է գալու որպես կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ։ Սա լավ շանս է Մեսսիի եւ նրա անվանի խաղընկերների համար եւս մեկ անգամ հիշեցնելու ֆուտբոլային հանրությանը սեփական որակների մասին։ Անշուշտ ՄԼՍ-ն իր կարգով զիջում է եվրոպական առաջնություններին, բայց դա չի խանգարի այլմոլորակային արգենտինացուն եւ թիմակիցներին պայքարելու մինչեւ վերջ։
Մրցաշարի առանձին զարդն են կազմելու Լատինական Ամերիկայի թիմերը։ Բրազիլիան ու Արգենտինան ներկայացնող ակումբները հանդիսանում են փորձի ու երիտասարդության համադրության հրաշալի օրինակներ։ Նրանց կազմում շատ են անվանի ֆուտբոլիստներ, ովքեր իրենց փորձով կիսվում են ավելի երիտասարդ խաղընկերների հետ։ Այս ամենին զուգընթաց ակումբներն առաջարկելու են անխոհեմ ֆուտբոլ՝ խելահեղ գրոհներ առանց պաշտպանության մասին մտածելու։ Կիրք, թեժ պայքար, խաղային բարդ ծրագրերի բացակայություն այն ամենը ինչի համար մենք սիրում ենք ֆուտբոլը։
Հաղթողի հիմնական թեկնածուներ

Լուսանկարը` Boca Juniors facebook page
Մրցաշարի ֆավորիտներն «Հին Աշխարհը» ներկայացնող ակումբներն են։ Ընդհանուր առմամբ եվրոպական գրանդները տարբեր մարզավիճակներով են մոտենում այս մրցաշարին։ Իտալական «Ինտեր»-ն ու «Յուվենտուս»-ը գտնվում են զարգացման անցումային փուլում։ 2 թիմերն էլ ունեն նոր նշանակումներ՝ Կրիստիան Կիվուն նոր է նշանակվել «Ինտեր»-ում Ֆիլիպո Ինձագիի փոխարեն, իսկ «Յուվենտուս»-ի ղեկին է Իվան Յուրիչը, ով առհասարակ չի ուզում լսել տակտիկայի մասին՝ նախընտրելով ուժային ֆուտբոլը։
Կապիտալ վերանորոգման փուլում է գտնվում արքայական ակումբը։ Ֆլորենտինո Պերեսը հստակորեն ցույց է տալիս, որ այս մրցաշարը կարեւոր է ակումբի սասանված հեղինակությունը վերականգնելու համար։ Այս պատճառով է, որ ակումբի նախագահը նախընտրեց անգամ վճարել, որպեսզի Չաբի Ալոնսոն եւ Տռենտ Ալեքսանդր-Առնոլդը մինչեւ մրցաշարի մեկնարկը ժամանեն ակումբ։ Իհարկե, ոչ ոք չի սպասում հրաշքների կարճ ժամանակահատվածում իսպանացի մասնագետից, բայց Աշխարհի ակումբային առաջնությունը հրաշալի ցուցիչ կլինի եւ թույլ կտա հասկանալ, թե ինչ տեսք է ունենալու արքայական ակումբը գալիք մրցաշրջանում։ Նման իրավիճակում է նաեւ «Մանչեսթեր Սիթի»-ն, որտեղ Պեպ Գվարդիոլան սկսել է արդեն քանիերորդ վերակառուցումը՝ հավաքագրելով նոր ֆուտբոլիստների։

Լուսանկարը` Real Madrid
Մրցաշարին ավելի կայուն վիճակում են մոտենում «Ատլետիկո Մադրիդ»-ն ու «Բավարիա»-ն, որոնք դեմ չեն լինի դառնալ նորաթուխ մրցաշարի առաջին հաղթողը։ Սակայն չեմպիոնության գլխավոր թեկնածուն, իհարկե, ՊՍԺ-ն է։ Լուիս Էնրիկեի ղեկավարած թիմը գտնվում է հրաշալի մարզավիճակում։ Մյուս կարեւոր գործոնն այն է, որ Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթողները շատ երիտասարդ են ու ունեն հաղթանակների մեծ քաղց։ Թիմը չի գնում կոմպրոմիսների եւ յուրաքանչյուր խաղ անկախ դրա կարեւորության փորձում է ավարտել սեփական առավելությամբ ։

Լուսանկարը` PSG
Դեռ շատ հարցեր կան մեկնարկելիք առաջնության դիտարժանության եւ կարեւորության հետ կապված։ Թիմերից շատերը խուսափում էին մասնակցությունից՝ պատճառաբանելով ֆուտբոլիստների հոգնածությունը։ Բայց ֆուտբոլային պաշտոնյաները բաց չեն թողնում ոչ մի հնարավորություն գումարային նոր ներհոսքեր ապահովելու համար։ Ժամանակի ընթացքում բոլորս կսովորենք այս նոր ձեւաչափին ու կսպասենք մրցաշարի հաջորդ խաղարկություններին։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: