Դեկտեմբեր 24, 2024
exclusive
8515 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Էլմիրա Կարապետյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ.  18.05.1994 թ, Երեւան

Մարզաձեւ. Հրաձգություն, 10 մ ատրճանակ

Մականուն. Էլկա: Անվանս ու ազգանվանս կրճատ տարբերակն է, դեռ դպրոցական տարիքից բոլորն ինձ այդպես են անվանում:

Անձնական մարզիչ. Արմեն Ավագյան

Կարգախոսը. Չեմ կարողանում չկա, կա չգիտեմ ու չեմ ուզում, բայց դրանք էլ կարելի է սովորել ու անել:

Ամենաազդեցիկ մարդը կարիերայում.  Ես եմ, շնորհակալություն ինձ ամեն ինչի համար:

Ընտանիք. Երկու ամիս է, որ ամուսնացել եմ: Ամեն ինչ արագ եղավ Եվրոպայի առաջնության պատճառով: Հաշվարկեցի, որ եթե հիմա չհասցնենք, պետք է սպասենք մինչեւ սեպտեմբեր: Հարսանեկան ճանապարհորդության մեկնեցինք, իսկ վերադառնալուց հետո սկսեցի առաջնությանը պատրաստվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կրթություն.  Տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կազմակերպում եւ Ֆիզկուլտինստիտուտի սպորտային հոգեբանության բաժիններն եմ ավարտել:

«Սպորտային հոգեբանությունը շատ հետաքրքիր է, սովորել եմ, որ ինձ օգնեմ, քանի որ մեզ մոտ այն շատ զարգացած չէր: Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում են հավաքականներին հոգեբաններ կցել: Շատ լավ միտք էր, քանի որ դրա կարիքն իսկապես կար»:

Հոբբի. Սիրում եմ ճանապարհորդել: Եթե մրցման չեմ, ուրեմն մի տեղ ճանապարհորդում եմ: Քովիդի ժամանակ տառապում էի, որ չեմ կարող մեկնել որեւէ տեղ: Բայց փոխարենն այդ ընթացքում ամուսնուս հետ ծանոթացա: Նա Մոսկվայից է, բայց սահմանները փակվեցին ու մնաց այստեղ: Բարեգործական աշխատանքների ժամանակ ենք ծանոթացել: Հայաստանի տարածքով օգնություն էինք տանում ու մի լավ շրջագայեցինք:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտային կարիերայի սկիզբը. Հայրիկս ռազմական ոստիկանության փոխգնդապետ է, դրա համար էլ միշտ կրակել սիրել եմ: Ինձ Հաղթանակի զբոսայգի էր տանում, որտեղ ուժերս փորձում էի: Ես բավական ուշ տարիքում եմ սկսել սպորտով զբաղվել՝ 19 տարեկանում, ինձ չէին ուզում ընդունել: Խնդրեցի ասել, թե իմ տարիքային խմբում առավելագույն արդյունքներն ինչպիսին են լինում ու խոստացա 2 ամիս հետո ինքս էլ դրանք ցուցադրել: Բայց հրաձգության հետ կապված այսպիսի հետաքրքիր պատմություն կա: Շատ էի ուզում լողով զբաղվել, ու մի օր հայրիկս ասաց, որ իր գործընկերուհու աղջիկը կրակելու է գնում, որտեղից անվճար լողի մարզումների են տանում: Դրա համար համոզեցի, որ ինձ ընդունեն, բայց 2 օր անց լողը հանեցին, փոխարենը 2 ամիս հետո իմ խոստացած արդյունքները գրանցեցի, 6 ամիս անց էլ լրացրի սպորտի վարպետի նորման: Իսկ ատրճանակն ընտրեցի, քանի որ հրացանը շատ ծանր է, զենքն էլ՝ մեծ:

Սերը. Մարզաձեւը սիրեցի, երբ առաջին անգամ մրցման մասնակցեցի: Մարզվելուց 4 ամիս անց իմ առաջին Եվրոպայի առաջնությունում ելույթ ունեցա: Արդյունքս բարձր էր, բայց ատրճանակի հետ կապված խնդիր եղավ, ինչի պատճառով մեծ սթրես ապրեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Զենքը. Մեր մարզաձեւում փամփուշտների հետ կապված խնդիրը շատ մեծ է, զենքերինն՝ առավել, քանի որ Հայաստանի օրենքներն ահավոր են: Ամեն անգամ մրցումների մեկնելիս 2 օր առաջ ներկայացնում ենք զենքն ու տարատեսակ փաստաթղթեր: Զենքս մոտ 2000 եվրո արժե, Ամանորից հետո եմ նորը ձեռք բերել ֆեդերացիայի օգնությամբ: Նախորդով կրակել եմ 5 տարի:  

Անսովոր մարզուհին. Ես չեմ համապատասխանում սպորտային կանոններին, բացառություն եմ: Ինձ մոտ ամեն ինչ այլ է, հրաձիգը պետք է հանգիստ լինի ու  կարողանա կենտրոնանալ: Հոգեբանորեն լավ պատրաստված եմ, բայց ճշտապահ ու կանոնակարգված չեմ, իսկ սպորտում դա կարեւոր է: Իմ հաջողության գրավականը տաղանդն է ու աշխատասիրությունը: Փոքր տարիքից չեմ սպորտում, դրա համար այլ կերպ եմ աճել ու հաջողությունների հասել: Կարեւորն ինքնավստահ լինելն ու սեփական ուժերին հավատալն է: Իմ կարեւոր որակներից եմ համարում նպատակասլացությունը, եթե մի բան մտքիս դնում եմ, անպայման հասնում եմ:  

Համեղ ուտելու սիրահար. Քանի որ ճանապարհորդել շատ եմ սիրում, անպայման նաեւ ամեն երկրում որեւէ համեղ ուտելիք եմ համտեսում: Կառանձնացնեմ Ֆրանսիայի կրուասանները, արաբական խոհանոցն եմ հավանում ու ծովամթերքը: Իսկ մեր տանն ամուսինս է շատ համեղ պատրաստում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակները. Ամեն օր դրանք տարբեր են, երբ մի քայլ մոտենում ես նպատակիդ, ամեն ինչ փոխվում է: Հիմա խաղերին լավ պատրաստվելն է իմ ցանկությունը, առավելագույնն անելն ու ռեժիմի մեջ մտնելը:

Տպավորիչ հաղթանակը. Եգիպտոսում 2-րդ տեղը գրավեցի ու առաջին մեդալս նվաճեցի, ամեն ինչ իսկապես անմոռանալի էր:

Զոհողությունները. Որպեսզի կարողանայի օլիմպիական ուղեգիր նվաճել, աշխատանքից դուրս եկա: Ամուսնուս հետ խոսեցի, ու նա էլ որոշումս ողջունեց:
Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել Քրիստին ինձ ոգեւորելու ու առավելագույնս լավ պայմաններ ստեղծելու համար, որոնց շնարհիվ կարողանում եմ շարժվել դեպի նպատակս:

 

Պարապ մնալ չեմ կարող ու միայն մարզումներն ինձ համար քիչ են: Որոշեցի այդ մի քանի ամիսը միայն Եվրոպայի առաջնությանը տրամադրել, գրաֆիկ էի կազմել ու ինձ ռեժիմի մեջ դրել, ինչը հատուկ չէ իմ խառնվածքին: Բայց պետք է նշեմ, որ ամեն ինչին հստակորեն հետեւել եմ, օրական 2 անգամ մարզվել ու նաեւ հոգեբանների մոտ եղել: Հատկապես դժվար էր առաջին 2 շաբաթվա ընթացքում, չգիտեի՝ ինչ անել: Քանի որ համակարգչով առհասարակ ֆիլմեր չեմ կարողանում նայել, հենց ազատ ժամանակ էր լինում, ամուսնուս հետ գնում էինք կինոթատրոն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուղեգրի նվաճումը. ԵԱ-ում կրակահերթերից մեկի ժամանակ շատ վատ հանդես եկա, հրաշք պետք է տեղի ունենար, որ եզրափակիչ անցնեի, բայց այն եղավ: Վերջին կրակահերթի ժամանակ 99 միավոր վաստակեցի՝ 10-ից 9-ում 10 միավոր վաստակեցի: Այնքան վստահ էի իմ ուժերին, ասես բոլոր պարապմունքներս հենց այդ պահի համար էի արել: Երբ ասացին 5-րդ տեղն եմ գրավել, հուզվեցի ու աչքերս լցվեցին՝ Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ էի եզրափակիչ անցել: Իմ անձնական ռեկորդն էր՝ լավագույն արդյունքը ցույց տվեցի: Ուղեգիրը հաստատվեց, էլի բոլորս հուզվեցինք ու շնորհավորեցինք իրար:

Նպատակը խաղերում. Տարիներ առաջ գնացել էի աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ու հարց կար, թե 5 տարի հետո ինձ որտե՞ղ եմ տեսնում, տարբերակների մեջ կար նաեւ Օլիմպիական խաղերի մասնակցությունը: Զարմացան, որ դա ընտրեցի, քանի որ սպորտի հետ առհասարակ կապ չունեցող աշխատանքի համար էի դիմել: Անցավ 5 տարի, իսկ ես Օլիմպիական խաղերի մասնակիցների թվում եմ: Տոկիոյում իմ նպատակը մեդալ նվաճելն է լինելու: Չեմ կարծում՝ լինի որեւէ մարզիկ, որ ուղեգիր նվաճի ու չցանկանա լավագույնների թվում լինել: Ամեն ինչ կանեմ, որ ոչնչի համար չափսոսամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիշվող ՕԽ-ն. 2016-ի Ռիոյի խաղերի ժամանակ աշխատում էի մի ընկերությունում, որտեղ Օլիմպիական օղակներով շապիկներ էինք կրում: Շատ էի ափսոսում, որ ես խաղերին չեմ մասնակցելու, բայց աշխատեցի ու երազանքս իրականություն դարձրի:

Հիշեցում բոլորին. Փորձում եմ չկենտրոնանալ խաղերի վրա, տեղից էլ այս օրերին մարզիկների նկատմամբ ուշադրությունը մեծանում է, բոլորը հիշեցնում են խաղերի պատասխանատվության մասին ու էլ ավելի ճնշում: Մարզիկներն այդ ամենի մասին շատ լավ հասկանում են ու կարիք չկա ամեն անգամ հիշեցնել: Օլիմպիական խաղերը հերթական մրցումներն են, որտեղից ցանկանում ենք մեդալով վերադառնալ:  

5 տարի սպասելը. Մեր վերջին ուղեգրի մրցումը պետք է լիներ 2020-ի մայիսին Չեխիայում իմ տարեդարձի օրերին: Ամբողջ տարի տրամադրվել էի դրան, բայց այն այդպես էլ կորոնավիրուսի պատճառով չկայացավ, ինչի պատճառով տխրեցի: Հետո մնացած բոլոր մրցումներն էլ չեղարկվեցին: Շատ էի կենտրոնացել ուղեգիր նվաճելու վրա, եւ այդ հետաձգումներն ինձ խանգարում էին, բայց ընթացքում հասցրի ամուսնանալ: Հետո հասկացա, որ ամեն ինչ շատ լավ դասավորվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիո. Տոկիոյում դեռ չեմ եղել: Առաջինը տեխնոլոգիաներն են մտքիս գալիս եւ սուշին, ինչը շատ եմ սիրում, անպայման կուտեմ այնտեղ:

Հայաստանի օլիմպիական թիմը. Լավ է, որ Հայաստանի թիմում կանայք էլ կան: Մարզուհիները մեր թիմին գեղեցկություն ու հմայք կտան, առանց մեզ լավ չէր լինի, կանայք են կյանքը հետաքրքիր դարձնում: Ես Հայաստանն ու մեր դրոշը շատ եմ սիրում: Հույս ունեմ, որ խաղերում այն մի քանի անգամ բարձրանալու է: Հավաքվենք ու անենք այն ամենն, ինչ կարող ենք:

Քուվեյթի Գրան Պրիի 3-րդ մրցանակակիր է

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին