Հայաստանի Զինված ուժերի ԳՇ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այդպես էլ չկարողացավ լրագրողներին բացատրել, թե ինչ սկզբունքով են ընտրել Երեւանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը։
«Թիմի կազմը որոշվել է կոլեկտիվ՝ ՊՆ-ի մասնագետների կողմից, ըմբշամարտի ֆեդերացիան կապ չունի այս ամենի հետ: Եթե ձեր նշած ըմբիշներն (օր․՝ Մալխաս Ամոյան, Վազգեն Թեւանյան, Արսեն Հարությունյան, Մանվել Խնձրցյան եւ այլն, խմբ․) ընդգրկվեին կազմում, շահարկումներ կլինեին։ Մեր ներկայացրած ԶՈւ թիմում ընդգրկված են բարձրակարգ ըմբիշներ, ռազմական վաշտի ծառայողներ։ Ձեր ասած տղաները եւս ռազմական վաշտի լիարժեք ծառայողներ են, սակայն ռազմական սպորտը սահմանափակումներ ունի։ Դա չի նշանակում, որ հաջորդ տարիների առաջնություններին նրանք չեն կարող մասնակցել»,-փորձել է բացատրել նա։
Նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ շահարկումների մասին է խոսքը կամ ինչպիսի սահմանափակումներ կան։ Լրագրողների այն պնդմանը, որ թիմում չընդգրկված ըմբիշները դրա մասին իմացել են ընդամենը օրեր առաջ եւ իրենց դժգոհությունն են տարածել, Դավթյանն ասել է․ «Շնորհակալ եմ, որ մեր որոշումից հետո նրանք մնացին թիմի հետ ու աջակցեցին։ Ես անձամբ շատ զարմացած եմ, որ մարզիչները եւս մնացին թիմի կողքին»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նշենք, որ օգոստոսի 27-ին Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի քառակի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի 3-րդ մրցանակակիր Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը, Մ-23 տ. Աշխարհի արծաթե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը, Մ-20 տ. ԵԱ-ի փոխչեմպիոն ու ԱԱ-ի հաղթող Վիգեն Նազարյանը, Մ-23 տ. 2-րդ մրցանակակիր Մանվել Խնձրցյանը եւ ուրիշներ զորակոչվել էին մարզական վաշտ։ Այդ ժամանակ ՊՆ-ից հայտնել էին, որ այդ ըմբիշները կմասնակցեն Երեւանում կայանալիք զինվորականների Աշխարհի առաջնությանը։
Ըստ մեր տեղեկությունների՝ ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրած է եղել այլ կազմեր, սակայն ՊՆ-ն, փաստորեն, ընտրել է այլ ըմբիշների։ Մարզիկների տարածած հաղորդագրություններից եւս երեւում է, որ նրանք մինչեւ վերջին օրերը պատրաստվել են առաջնությանը։
Նոյեմբերի 20-22-ն առաջնությունում կպայքարեն 24 երկրի մոտ 400 ըմբիշներ, որոնք տարբեր մայրցամաքների չեմպիոններ ու մեդալակիրներ են։ Օրինակ՝ Թուրքիայի հավաքականի կազմում ելույթ կունենան Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոններ, բազմակի մեդալակիրներ։
«Մեր կազմն ընտրել ենք ոչ այլ երկրների կազմերի հաշվարկով։ Ներկայացրել ենք իրավական ուժեղագույն թիմ»,-փորձել է բացատրել Դավթյանն ու կրկին արժանացել լրագրողների դժգոհող հարցերին։
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը բացատրել է, որ երկրներն իրենց կազմերը հայտնել են շատ վաղուց եւ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ․ «Յուրաքանչյուր երկիր ունի իր կանոնները եւ ինքն է որոշում, թե ինչպիսի կազմ է ներկայացնում առաջնությանը։ Հայաստանը մեզ ներկայացրել է այս ըմբիշներին, կարծում եմ պետք է աջակցել նրանց։ CISM-ի կարգախոսն է՝ սպորտը հանուն ընկերության, վստահ ենք, որ սպորտը կարող է խթանել խաղաղությանը»։
Լրագրողների հարցերի մեծ մասն այդպես էլ անպատասխան մնաց։ Արման Դավթյանը հայտնեց, որ իրենք այլ միջոցառումներ եւս ունեն ու հյուրերին արագ դուրս բերեց մամուլի ասուլիսի սրահից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: