Երեկ Մանամայում ընթացող Աշխարհի առաջնությունում 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն այս տարվա իր 4-րդ մեդալը նվաճեց:
Աշխարհի բրոնզե մեդալից բացի նա 2024-ին դարձել է նաեւ Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների Աշխարհի 3-րդ մրցանակակիր ու Եվրոպայի հաղթող:
Mediamax Sport-ի հետ զրույցում ծանրորդն ամփոփել է առաջնությունն ու պատմել իր մեծ նպատակների մասին:
«Աշխարհի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալից հետո ինձ շատ լավ եմ զգում ու չեմ կարողանում հավատալ հաջողությանս: Գոհ եմ իմ ելույթից, կարծում եմ՝ քիչ բան չէ 19 տարեկանում Աշխարհում մրցանակակիր լինելը:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Պոկում վարժությունն այդքան էլ լավ չստացվեց ու ընդհանուր հաշվարկով 12-րդն էի: Կարելի է ասել մեդալ նվաճելու հույսս արդեն կորցրել էի, թեեւ գիտեի, որ հրումում ուժեղ եմ ու կկարողանամ կորցրածը որոշ չափով հետ բերել:
Բարդ էր պայքարել, բայց ինչպես միշտ ինձ հաջողվեց դժվարությունները հաղթահարել ու պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնել:
Արդեն մի քանի անգամ է, որ պոկման ժամանակ այդքան էլ վստահ չեմ հանդես գալիս, բայց երեկ նաեւ բախտի գործոնն էր իմ կողմից: Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ չինուհին 0 կստանա, ու ես մեդալակիր կդառնամ: Կարծում եմ՝ այդ մեդալն ինձ համար էր նախատեսված, միայն ցավում եմ, որ նա վնասվածք ստացավ:
Երբ պոկումից հետո բավական հետ էի մրցակիցներից, մարզիչներն ինձ հավատում էին, նրանք ոգեւորում էին ու հիշեցնում, որ սովորաբար հրմանը շատ ավելի վստահ եմ հանդես գալիս: Դա էլ օգնեց, որ հրման 120 կգ-ով երիտասարդների ռեկորդ սահմանեմ ու նաեւ փոքր արծաթե մեդալ նվաճեմ:
Լուսանկարը` IWF
Ընդհանուր առմամբ՝ 2024-ը շատ լավ տարի էր ինձ համար, մեկնարկեցի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալով, ապա ուսի վիրահատության ենթարկվեցի, վերականգնվելուց հետո երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա: Աշնանը հաղթեցի երիտասարդների ԵԱ-ում ու տարին կեզրափակեմ այս մեդալով:
Թեեւ բավական ծանրաբեռնված ու հագեցած տարի էր, բայց գոհ եմ ինձնից ու միայն իմ մարզումներից է կախված, թե հետագայում ինչ արդյունքների կհասնեմ: Այս բրոնզի համար չէ, որ պայքարում էի, բայց սա լավ սկիզբ կլինի իմ հետագա նվաճումների ճանապարհին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: