Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարություն տարածեց ու նշեց, որ տեղի են ունեցել մարզչական փոփոխություններ։
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ու երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը հեռացվել էին զբաղեցրած պաշտոնից։
Այսօր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հանդես է եկել ասուլիսով ու փորձել բացատրություն տալ։
2025 թվականին Հայաստանի ծանրամարտի բոլոր հավաքականները միասին նվաճել են 91 մեդալ՝ ներառյալ առանձին վարժությունները։ Դա 45-ով քիչ է, քան 2024 թվականին, թվի նվազումը տեղի է ունեցել երիտասարդական հավաքականում։ Ըստ Գասպարյանի՝ իրենք դա լուրջ բացթողում են համարում։
Բնականաբար, լրագրողների հարցերի մեծ մասը կապված էր հեռացումների հետ։ Գասպարյանի բացատրությունն Ալավերդյանի պաշտոնանկության վերաբերյալ այդքան էլ հասկանալի չէին, քանի որ նա մեկ նշում էր մարզչի այլ թիմ տեղափոխությունը, մեկ՝ պայմանագրի ավարտը, մեկ՝ վատ արդյունքները, մեկ՝ տարիքը կամ էլ ծանրամարտով զբաղվողների թվի նվազումը։
«Մարզչական շտաբերում տեղի է ունեցել սերնդափոխություն։ Նրանց վաստակը մեծ է, բայց ծանրամարտը կազմաքանդվում է, հոսքը դեպի մարզադպրոցներ քչացել է։ Հարգում ենք մարզիչներին, բայց նրանց փոխարինել են երիտասարդները։ Նման որոշում կայացրել է մարզչական հանձնաժողովը, որը վերլուծել է տարին ու որոշել, որ արդյունքները թույլ են։ Քվեարկություն չի եղել»,- ասել է Գասպարյանը։
Նա նշել է, որ Ալավերդյանի տված հարցազրույցները, քաղաքական հայացքները եւ անձնականը ոչ մի կապ չունեն որոշման հետ․ «Նման բան լինել չի կարող։ Բացի այդ էլ Աշխարհի առաջնությունից հետո նա ասել էր, որ առաջարկներ ունի այլ երկրներից ու ցանկանում է ընդունել դրանք»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ժողով է անցկացրել ու որոշում կայացրել, քանի որ մարզիչ նշանակելու եւ հեռացնելու իրավասություն ունի գործկոմը, Գասպարյանը տվել է բացասական պատասխան․ «Գործկոմի նիստ չի եղել ու գործկոմը չի հաստատել մարզիչների հեռացումը»։
Կրկին հարցին, թե ով է ստորագրել Մելիք Ղուկասյանի ու Փաշիկ Ալավերդյանի հեռացման հրամանը, նա ասել է․ «Ֆեդերացիայի նախագահը (Արայիկ Հարությունյանը, խմբ․)»։
Մեր ունեցած տեղեկություններով, հրամանը ստորագրել է ոչ թե Հարությունյանը, այլ գլխավոր քարտուղար Գասպարյանը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ մարզիչների հետ պայմանագրերը կնքվել էին մեկ տարով, հետեւաբար կարող էին նաեւ չվերակնքել։ Նշենք, որ պայմանագրերը կնքվել են 2025-ի մարտին, իսկ ազատման հրամանում նշված է, որ նրանք «ազատված են դեկտեմբերի 1-ից»։ Ստացվում է, որ մեկ տարին դեռ ուժի մեջ է։
«Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 1-ին տեղը, Աշխարհի առաջնությունում ունեցել ենք մեկ չեմպիոն։ Բայց Աշխարհի չեմպիոն տալը դեռ չի նշանակում պատրաստ լինել 2028-ի Օլիմպիական խաղերին։ Եղել են ծանրորդներ, ովքեր իրենց կամքով են որոշել բաց թողնել Աշխարհի առաջնությունը։ Դա խնդիր է, որ մարզիչը չի որոշում կայացնողը»,-ավելացրել է նա։
Գասպարյանը նշել է, որ վստահում են նորանշանակ գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանին, ով մինչ այս հավաքականի երկրորդ մարզիչն էր․ «Վստահում ենք Փիլոսյանին։ Ալավերդյանը բարձր սանդղակ է սահմանել, եթե մենք իջեցնենք, դա միայն ցույց կտա, որ սխալ որոշում ենք կայացրել։ Կասենք, որ ոչ մասնագիտական ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանք ենք կատարել»։


















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: