Դեկտեմբեր 04, 2024
997 դիտում

IWF-ն ԱԱ-ի գերծանր քաշային կարգում չեմպիոնության հավակնորդներ համարում է հայերին


Լուսանկարը` Մեդիամաքս


Բահրեյնը պատրաստ է ծանրամարտի Աշխարհի առաջնությանը, մի քանի հավաքականներ արդեն Մանամայում են եւ անցկացնում են մարզումային վերջին շրջանը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ի այն մասնակիցներին, որոնց համարում է չեմպիոնության հիմնական հավակնորդներ։ Դրանց թվում կա նաեւ երկու հայ ծանրորդ, որոնցից մեկը ներկայացնում է հենց ընդունող երկիրը։

IWF-ն նշում է, որ Բահրեյնը չեմպիոնական մեծ հույսեր է կապում Օլիմպիական բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանի հետ։ Սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է, որ ոսկե մեդալի մեծ հնարավորություն ունի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը։ Վերջինս Փարիզում նվաճել է ՕԽ-ի արծաթե մեդալ։

Լալայանն ամռանը կայացած խաղերում ցույց էր տվել 467 կգ, իսկ Մինասյանը՝ 461 կգ արդյունք։


Դեկտեմբերի 6-15-ը Մանամայում տղամարդկանց պայքարում միայն 7 հավաքական կմասնակցի ամբողջական կազմով՝ Հայաստան, Չինաստան, Կոլումբիա, Իրան, Ղազախստան, Կորեա եւ Մեքսիկա։

ԱԱ-ում հանդես կգան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Կանանց պայքարում հայտավորված է երկու մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին