Դեկտեմբեր 22, 2024
1980 դիտում

9 տարվա մեջ 1-ին անգամ Տալախաձեն բաց կթողնի ԱԱ-ն․ Նա մտել է քաղաքական դաշտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Լաշա Տալախաձեն 2015 թվականից հետո առաջին անգամ բաց կթողնի Աշխարհի առաջնությունը։

21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդը Փարիզում Օլիմպիական 3-րդ ոսկին նվաճելուց հետո վնասվածքի պատճառով մարզումներ չի անցկացրել։ Ավելին, նա այս ողջ ընթացքում կենտրոնացել է քաղաքականության վրա եւ «Վրացական երազանք»-ի կազմում ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում Տալախաձեին նվիրված հոդվածի հետաքրքիր մասերը ներկայացնում ենք նաեւ մենք։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այժմ վնասվածքի պատճառով չեմ մարզվում։ «Վրացական երազանք»-ը մեծ ուժ է, որի կարիքն ունի մեր երկիրը, նա կարող է հաստատել խաղաղություն Վրաստանում։ Միշտ կանգնած եմ երկրիս կողքին եւ շարունակելու եմ անել ամեն ինչ նրան օգտակար լինելու համար»,-վրացական Politico-ին ասել է 31-ամյա Տալախաձեն։

Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Կախի Կախիաշվիլին հույս ունի, որ եթե Տալախաձեն վերսկսի մարզումները, ապա կկարողանա կրկին մեդալներ նվաճել։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լաշան մի քանի անգամ գնացել է մարզասրահ, սակայն հեռու է եղել մարզումներ անցկացնելուց։ Կարծում եմ, եթե առաջիկա վեց ամսում նա չմարզվի, այլեւս չի կարողանա լուրջ հավակնություններ ունենալ։ Իսկ եթե կրկին լավ զգա ու վերսկսի աշխատանքները, ապա, վստահ եմ, որ 2026-ին թվականին մեծ հավանականությամբ Վրաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում չեմպիոն կդառնա։ Երազանքս է, որ հենց այդտեղ նա երկամարտի արդյունքով գրանցի 500 կգ»,-ասել է Կախիաշվիլին։

Օլիմպիական եռակի չեմպիոն Կախիաշվիլու մյուս երազանքը Տալախաձեին 2028-ի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում տեսնելն է․ «Նա մեծ պոտենցիալ ու հնարավորությունի ունի դառնալ աշխարհի ամենատիտղոսակիր ծանրորդը, որը կկարողանա նվաճել օլիմպիական 4-րդ ոսկին։ Ես կանեմ ուժերիս ներածին չափով հնարավորը, որպեսզի Լաշան եւս մեկ անգամ դառնա Օլիմպիական չեմպիոն»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզի խաղերից հետո Տալախաձեն հայտնել էր․ «Եթե ֆիզիկական հնարավորությունս թույլ տա, ապա ես կմնամ սպորտում»։

9 տարի Լաշա Տալախաձեն անպարտելի է եղել եւ երկամարտում 454 կգ-ից ցածր արդյունք չի գրանցել։ Նա բոլոր մրցումներում, որոնց մասնակցել է մեծահասակների պայքարում, նվաճել է ոսկե մեդալներ ու սահմանել ավելի քան 20 ռեկորդ։

Վրացի ծանրորդի բացակայությամբ պայմանավորված Բահրեյնում կայանալիք Աշխարհի առաջնության գերծանր քաշային ծանրորդների հայտացուցակը գլխավորում են Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը՝ նախնական 460 կգ-ով։ Լալայանը Փարիզի ՕԽ-ում երկրորդն էր (467 կգ), իսկ Մինասյանը՝ 3-րդը (461 կգ)։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բահրեյնի մայրաքաղաք Մանաման Աշխարհի առաջնությունը կընդունի դեկտեմբերի 6-15-ը։

Իսկ մինչ այդ Տալախաձեն պատրաստվում է նորամուտը նշել Վրաստանի Ազգային ժողովում։ Նրանից բացի պատգամավոր է ընտրվել եւս մեկ Օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Գենո Պետրիաշվիլին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին