Հունիս 28, 2025
3772 դիտում

Ալավերդյան. Հաճելի է, որ 103 երկրների պայքարում ամենալավն ենք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` IWF


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդերդյանն այսօր ամփոփել է Պատտայայում ավարտված ծանրամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունը:

Հայաստանն այնտեղ նվաճել էր 2 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալներ ու թիմային պայքարում գրավել 3-րդ տեղը:

Մեծ հաճույքով հայտարարում եմ, որ 103 երկրների պայքարում ամենալավն ենք հանդես եկել: Ճիշտ է, Չինաստանն էր առաջատարը, բայց մենք նրանց թվաքանակով շատ ենք զիջում, հետեւաբար մեր արդյունքն էլ ավելի լավն է: Լավ մասնակցության առիթով շնորհավորում եմ մեր ժողովրդին:

Արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն անընդհատ ավելացնում է երկամարտի իր կիլոգրամները, վստահ է հանդես գալիս պոկումում էլ, հրումում էլ: Նա մասնակցում է առանց հակառակորդներից վախենալու: Հավատում եմ, որ մի օր Գոռը ձեռնոց է նետելու Լաշա Տալախաձեին: Ամենաշատը Գոռին եմ հավատում, որ պատվիրած քաշը բարձրացնելու է:

Լուսանկարը` IWF


Իսկ Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միակն է, որ նույնիսկ եթե մարզումների ժամանակ այդքան էլ բարձր արդյունք չի ցույց տալիս, հարթակին շատ արագ հավաքվում է, միացնում իր բոլոր զգայարաններն ու անպայման մեդալ նվաճում: Նրա բարձրացրած կիլոգրամները դեռ բավարար չեն, որ Օլիմպիական խաղերում էլ հաղթի: Պատտայայում նա թույլ տվեց, որ մրցակիցներն իրեն մոտենան, բայց որքան էլ պետք լիներ հաղթելու համար, նա կբարձրացներ:

Անդրանիկ Կարապետյանի ելույթից շատ եմ հիասթափված, չնայած մինչեւ առաջնությունն էլ խնդիրներ է ունեցել, երկկողմանի թոքաբորբով հիվանդացել, բայց մարզումների ժամանակ Աշխարհի ռեկորդ է սահմանել պոկման 175 կգ ու հրման 205 կգ-ով: Ինքն էլ իր ելույթից գոհ չէ: Նրա հետ անընդհատ ցավալի բաներ են տեղի ունենում, Օլիմպիական խաղերի ժամանակ հրումում թեւը ջարդեց, երբ նման բան 2000-ից մեկի հետ կարող է պատահել, այս տարվա ԵԱ-ում 80 գրամ իր քաշից ավել էր, չնայած դրանում բոլորս էլ մեղքի մեր բաժինն ունենք:

Աշխարհի մյուս չեմպիոն Հակոբ Մկրտչյանն Օլիմպիական քաշային կարգում չէ հանդես գալիս, բայց մինչեւ Տոկիոյի խաղերն 8 ամիս ժամանակ է մնում: Քաշային կարգն այդ ընթացքում փոխելն անհնար է, նա կամ պետք է 10 կգ իջեցնի անձնական քաշը, կամ մոտ 7 կգ ավելացնի, դրա հետ մեկտեղ էլ արդյունքը լավացնի: Այսքան կարճ ժամանակահատվածում նման ցուցանիշի հնարավոր չէ հասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին