Դեկտեմբեր 23, 2024
exclusive
44301 դիտում

Պատերազմի մարզիկները. Ժիրայր Նալբանդյան


Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժիրայր Նալբանդյանը
Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ամբիոնում նրան տվել են Հերոս անունը, ու մեզ ոգեւորված պատմում էին այս տղայի քաջության ու համեստության մասին:

«Պատերազմի մարզիկները» շարքում այս անգամ սիրով զրուցել ենք Ժիրայր Նալբանդյանի հետ, որը պարգեւատրվել է Արցախի «Արիության համար», ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալներով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, Վազգեն Սարգսյանի շնորհակալագրով, մի շարք պատվոգրերով: 

Այս ամենին նա արժանացել է ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Մինչ այդ ու դրանից հետո էլ Ժիրայրը շատ անգամներ է աչքի ընկել:

Նա Կարբի գյուղից է, մյուս երկու եղբայրներից միջնեկն ամռանը կմեկնի ծառայության:

Բանակի միակ դժվարությունն ընկերներ կորցնելն է

Ժիրայր Նալբանդյանը Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա սովորում եմ փրկարարական գործ մասնագիտությամբ: Պատահական չեմ ընտրել այն, միշտ էլ սիրել եմ մարդկանց օգնելը:

Առաջին կուրսն ավարտեցի ու զորակոչվեցի: Ես ծառայել եմ Արցախի հյուսիսում՝ «Եղնիկներում»: Ընդամենը մի քանի օր անց գիտակցեցի որտեղ եմ գտնվում ու շատ մեծ պատասխանատվություն զգացի: Խոշոր հաշվով ծառայության ժամանակ ես խնդիրների չեմ հանդիպել, ամեն ինչ հեշտությամբ եմ հաղթահարել: Միակ դժվարությունը եղել է ընկերներ կորցնելը: Այդքան էլ հակված չեմ այն մտքին, որ բանակը փոխել է ինձ, երեւի տարիքն է ազդել վրաս:

Շատ լավ հիշում եմ առաջին անգամ դիրք բարձրանալս: Անչափ մեծ պատասխանատվություն էի զգում, ամբողջ ընթացքում շատ ուշադիր էի: Հետո արդեն դարձա ջոկի հրամանատար, ստացա կրտսեր-սերժանտի կոչում: Ընդհանրապես, միշտ պետք է գիտակցես, որ դիմացդ թշնամին է, իսկ հետեւում՝ ժողովուրդդ: Չի եղել մի օր, որ դիրքերում չզգամ թշնամու ներկայությունը, լարվածություն միշտ էլ կա: Դրա համար մեր բոլոր տղաները պետք է զգոն ու շատ ուշադիր լինեն:

2015 թվականից թշնամին կամաց-կամաց ավելացրեց խախտումների թիվը, իսկ մեկ տարի անց՝ ապրիլին, բացահայտ սկսեց պատերազմել:
Ժիրայր Նալբանդյանը Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2015-ի մարտի 19-ը


Ես հետախուզական վաշտում եմ ծառայել: Լինելով հետախույզ՝ մենք միշտ առանձնացել ենք տարբեր ստորաբաժանումներից, շատ լավ պատրաստված ենք եղել ու երբեք անակնկալի չենք եկել:

2015 թվականի մարտի 19-ին գնացել էինք առաջնագիծ, առավոտյան հետ էինք գալիս, երբ նկատեցինք սահմանը հատած թշնամու հատուկ նշանակության խմբին: Հրամանատարն արագ կարգադրություններ արեց, ու մենք չփախանք, ընդունեցինք մարտն ու մինչեւ վերջ պայքարեցինք: Ահագին մեծ կռիվ եղավ ու տեւեց ավելի քան երկու ժամ: Հետ շպրտեցինք նրանց ու բոլորին ոչնչացրինք՝ զոհեր տվեցին մեր դաշտում, իսկ փախչողներին էլ վերացրինք չեզոք գոտում:



Հրամանատարների արագ ու ճիշտ կողմնորոշվելու արդյունքը

Այս դեպքից հետո էլ գրեթե ամեն օր եղել են կրակոցներ ու դիվերսիոն ներթափանցման փորձեր, սակայն արդեն ապրիլին նրանք սկսեցին բացահայտ պատերազմը: Ամբողջ տարածքով ու մեծ տրամաչափի զենքերով կրակում էին: Մենք արագ բարձրացանք դիրքեր՝ ամեն գնով մարտական հենակետը պահելու հրամանով:
Մեր հրետանին շատ արագ արձագանքեց ու հակահարվածը պակաս ուժեղ չէր: Մինչեւ ապրիլի 5-ը թեժ մարտեր ընթացան, լարվածությունը կրկին մեծացավ 24-29-ին: Մինչեւ հունիս գիտեինք, որ պատերազմն ամեն րոպե կարող է կրկնվել, պատրաստ էինք դրան ու դիրքերից չէինք իջնում:

Ժիրայր Նալբանդյանը Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ մեր ուղղությամբ թշնամին չկարողացավ հաջողություն զարգացնել մեր սպայական ու հրամանատարական կազմի արագ ու ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ: Մեր զորամասերն այնպես են կառուցված, որ թշնամին չի կարողանում դիտարկել ու հրետակոծել: Դիրքերը, առաջնագիծը եւս շատ լավ են սարքած:

Շատ եմ լսել, որ այդ օրերին զինամթերքի պակասություն է եղել, մեզ մոտ նման խնդիր չկար: Ճիշտն ասած՝ «Եղնիկներում» ես տարբեր ստորաբաժանումներում եմ եղել ու տարբեր սպաների հետ եմ շփվել: Բոլորի մարդկային որակները շատ բարձր էին, նրանք կարողացել են ճիշտ ժամանակին ճիշտ հրամաններ տալ, ու դրա շնորհիվ ենք լավ պաշտպանվել:

Պատերազմի ժամանակ նույնիսկ թշնամու մասին ես մտածում

Մենք շատ կազմակերպված էինք, մեկս մյուսի մասին շատ էինք մտածում: Մեր ստորաբաժանման հրամանատար Թելման Համբարձումյանը պատերազմ տեսած մարդ է, նա շատ էր օգնում ու ճիշտ ղեկավարում:

Կամավորականները ուրիշ մարդիկ էին, անցել էին ամեն ինչի միջով, ուժեղ էին: Առակ կա չէ՞, որ կաղն ասում է գնում եմ պատերազմ ոչ թե փախչելու, այլ կռվելու: Հիմա մեր կամավորականները, ովքեր արդեն մեծացել են, շատերը տարբեր վնասվածքներ ունեն 90-ական թվականներից, եկել էին ու առանց աչքերը թարթելու կռվում էին: Նրանք իսկական մահապարտներ են, աննկարագրելի հայրենասեր:
Ժիրայր Նալբանդյանը Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայրենասիրություն ասվածը երեւի արյամբ է գալիս, դա պարզապես զգում ես, բացատրել չեմ կարող: Երբ մնում ես թշնամուն դեմ առ դեմ կանգնած, հասկանում ես, որ քեզնից է կախված թիկունքիդ լինել-չլինելու հարցը: Նվիրյալ ես դառնում ու կռվում: Ընկերների կորուստն աննկարագրելի ծանր է, բայց եթե չսթափվես, չշարունակես գործդ ու պարզապես սգաս՝ ոչինչ չի փոխվի ու լավը չի դառնա:

Վախ եղել է: Ոնց կարող ես չվախենալ, թեկուզ ընկերներիդ համար, ովքեր վիրավորված են, իսկ դու պետք է հասցնես ծածկել նրանց թիկունքը, չնահանջես ու կենդանի մնաս: Բայց մի բան է վախենաս ու կորցնես քեզ, մի բան՝ գիտակցես ու վերահսկես զգացմունքներդ:

Պատերազմում ամենաբարդը, երբ նայում ես ընկերոջդ աչքերի մեջ ու… չեմ կարող ասել… Պատերազմը շատ վատ բան է, կորուստ ես ունենում, որը քո մեջ ծանր հետք է թողնում: Միգուցե տարօրինակ բան ասեմ, բայց նույնիսկ թշնամուդ մասին ես մտածում:

Պատերազմն ինձ ի՞նչ տվեց… ճիշտն ասած ոչ մի լավ բան, վերցրեց թանկ ընկերներ:
Ժիրայր Նալբանդյանը Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Չավարտված պատերազմը

Ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը ոչ մեզ, ոչ էլ ադրբեջանցիներին ոչինչ չտվեց, պարզապես երկու կողմից էլ եղան անմեղ զոհեր:

Մենք շատ տարբեր ենք: Մեր կրոնն ասում է «մի սպանիր», ու դա նստած է մեր մեջ, հայերն ազնիվ ժողովուրդ են ու պարզապես պահում են իրենց հողը: Մենք ոչ մի կտոր հող չենք տա, ի՞նչ մարդ պետք է լինես, որ նման քայլի դիմես կամ մտքի ծայրով անգամ մտածես:

Չեմ կարծում, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է գտնել շփման եզրեր, մենք պետք է մեր ուժերով շարունակենք պայքարը: Պատերազմն ավարտված չէ, բայց ինձ թվում է, որ երկարաժամկետ բախումներ, ինչպես եղան ապրիլին, մոտ ժամանակներում չեն լինի:
Ժիրայր Նալբանդյանը Ժիրայր Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռազմական համալսարանն ու Հայոց բանակի ապագա սպան

Զինակից ընկերներիս հետ պարբերաբար հանդիպում ենք: Ապրիլի 2-ին էլ տղաներով գնացինք Եռաբլուր, մեր ընկերների՝ Արշակի, Արարատի, Ազատի մոտ, չնայած այնտեղ բոլոր հերոսներն էլ իմ ընկերներն են, կապ չունի, որ անձամբ չեմ ճանաչել:

Անկեղծ ասած՝ զորացրվելուց հետո շարունակում եմ մտածել մեր տղաների մասին: Չեմ կարողանում մոռանալ բանակը, այն իմ մեջ է: Դեռ ծառայության ժամանակ ինձ առաջարկեցին մնալ, հիմա էլ ցանկություն ունեմ: Արդեն հաստատ որոշել եմ, որ սեպտեմբերից ուսումս կշարունակեմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ես կապվել եմ բանակային կյանքին ու դեռ շատ անելիքներ ունեմ այնտեղ:

Հիմա, որ հանգիստ նստած խոսում ենք իրար հետ, սահմանին կանգնած տղաների շնորհիվ է: Շատ եմ ցանկանում, որ բոլորի ծառայությունն էլ անփորձանք անցնի, պատերազմ չտեսնեն ու վերադառնան իրենց տները:

Ժիրայր Նալբանդյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին